Դժվար է չնկատել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած այցի ռազմավարական կողմերը: Ռուսաստանի մայրաքաղաքում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես սովորաբար լինում է, հանդիպման արդյունքներով երկու երկրների ղեկավարները հանդես են եկել բավական մանրամասն համատեղ հայտարարությամբ: Այս մասին գրում է «The Indian Express»-ը:
Հիմնական ռազմավարական եզրակացությունը, որ կարելի է անել այս հայտարարությունից, այն է, որ Ծինփինը ոչ միայն կրկնապատկել է Ռուսաստանի վրա դրված շեշտը, այլ նաեւ իր հեղինակությամբ անձամբ աջակցել է Վլադիմիր Պուտինին: Ուրիշ ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ թեեւ Պուտինը դեռ հրապարակայնորեն չի հայտարարել 2024 թ. նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու իր ցանկության մասին, Սի Ծինփինն արդեն աջակցել է նրան՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի ղեկավարը կարող է վերընտրվել եւս մեկ ժամկետով։ Պուտինի համար, ով Ռուսաստանի ներսում որոշակի դժգոհությունների է բախվում, դա շատ կարեւոր է. ի վերջո, նա Ուկրաինայում իր վարած քաղաքականության պաշտոնական հավանությունն է ստացել մեկ այլ մեծ տերության կողմից: Իսկ այն, որ Սի Ծինփինն իր աջակցությունն է հայտնել Պուտինին, յուրահատուկ մարտահրավեր է՝ նետված Արեւմուտքին եւ Միջազգային քրեական դատարանին, որը վերջերս Ռուսաստանի նախագահին մեղավոր ճանաչեց կատարած ռազմական հանցագործությունների մեջ:
Պուտինի եւ Ծինփինի համատեղ հայտարարության մեջ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ձեւակերպումը բավական բանաձեւային է ստացվել։ Այն պարունակում է միանգամայն կանխատեսելի հղում ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի նորմերին, իսկ «անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական մտահոգությունների» եւ «բլոկային առճակատումը» կանխելու անհրաժեշտության մասին հիշատակումները պետք է որ բավարար չափով գոհացնեին Ռուսաստանին, որպեսզի հավանությամբ ընդունի Չինաստանի միջնորդական ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման գործում. Ռուսաստանը խաղաղ կարգավորման Պեկինի առաջարկները «կառուցողական» է անվանել։ Անկասկած, դա նշանակում է, որ ինչպիսին էլ լինեն այդ առաջարկները, Ուկրաինան եւ Արեւմուտքը կարող են անմիջապես մերժել դրանք։ Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես կանցնի Սի Ծինփինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որի անցկացման հնարավորության հարցն այժմ քննարկվում է։
Մեկնաբաններն արդեն շատ են գրել Ծինփինի եւ Պուտինի այս համատեղ հայտարարության մեջ «անսահման բարեկամության» հիշատակման բացակայության մասին, որն առկա էր Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2022 թ. փետրվարի 4-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Սակայն այդպես մտածելը սխալ է: Իրականում այս անգամ կողմերը եւս մեկ անգամ վերահաստատեցին իրենց հավատարմությունը բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրին, որը երկարաձգվել էր 2021 թ. հունիսին, ինչպես նաեւ 2022 թ. փետրվարի 4-ի համատեղ հայտարարությանը։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանն ու Չինաստանը իրենց երկկողմ հարաբերությունների բնույթը սահմանում են որպես չմիացում, հրաժարում առճակատումից եւ երրորդ երկրների թիրախավորումից: Դա դժվար է համաձայնեցվում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ, սակայն ենթադրվում է, որ նրան սադրել են նման պահվածք դրսեւորել։
Իրենց համատեղ հայտարարության մեջ առաջնորդները փորձել են ավելի ռացիոնալ դարձնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքները, որի ընթացքում անդամների ճնշող մեծամասնությունը հանդես եկավ Ռուսաստանի դեմ: Նրանք նշել են, որ եթե քվեարկությունն այսօր անցկացվեր, արդյունքները կարող էին այլ լինել: Բացի այդ, բավական մեծ ուշադրություն է հատկացվել միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանն ու Չինաստանի եւ Ռուսաստանի ձգտմանը՝ հասնելու «բազմաբեւեռ աշխարհի» ձեւավորմանը:
Համատեղ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, պետք է փոխանցեր գաղափարն այն մասին, որ Չինաստանը եւ Ռուսաստանն անքակտելիորեն կապված են. ասվում է, որ «Ռուսաստանը շահագրգռված է կայուն եւ բարգավաճ Չինաստանով, իսկ Չինաստանը՝ ուժեղ եւ հաջողակ Ռուսաստանով»: Դա ուղղակիորեն հակասում է Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ձգտմանը՝ թուլացնելու կամ ջախջախելու Ռուսաստանին ուկրաինական ճակատում։ Հարաբերությունների զարգացման ամենահամոզիչ վկայությունը համատեղ հայտարարության այն հատվածն է, որում ասվում է, որ կողմերը պատրաստ են «վճռական փոխադարձ աջակցություն ցուցաբերել միմյանց արմատական հետաքրքրությունները պաշտպանելու հարցերում»։ Չինաստանի դեպքում այդ «արմատական հետաքրքրությունները» լավ հայտնի են եւ ներառում են Թայվանը, Հոնկոնգն ու Սինցզյանը։ Տրամաբանական կլինի ենթադրել, որ խոսքն այստեղ «ծառայություն՝ ծառայության դիմաց» գործակցության մասին է, եւ որ Չինաստանը նույնպես կաջակցի Ռուսաստանի արմատական հետաքրքրություններին, որոնց թվում է նաեւ Ուկրաինան։
Համատեղ հայտարարության մեջ շեշտվել է նաեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման մասին, միեւնույն ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ ոլորտին, որը շահերի մերձեցման կետ է դարձել: Այս իմաստով պատվավոր տեղ է զբաղեցնում Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան գազամուղի շինարարությունը, չնայած որ Արեւմուտքը փորձում է բոյկոտել ռուսական էներգակիրները: Համագործակցության այլ ոլոտները ներառում են քաղավիացիայի ինքնաթիռների արտադրությունը, մեքենաշինությունը, նավաշինությունն ու մետալուրգիան: Հասկանալի պատճառներով Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարության մեջ չեն հիշատակել պաշտպանության ոլորտում ամուր համագործակցությունը, ինչը երկու հնարավոր բացատրություն ունի: Կամ դա այն ոլորտն է, որին Չինաստանը չի համարձակվում միջամտել, ինչն անխուսափելիորեն սահմանափակումներ կմտցնի երկկողմ գործակցության մեջ, կամ Չինաստանը, այնուամենայնիվ, կհամարձակվի անել այն, ինչը Ռուսաստանն սպասում է նրանից, բայց՝ առանց ավելորդ աղմուկի: Անկասկած, Արեւմուտքն ուշադիր կհետեւի իրավիճակի զարգացմանը:
Ծինփին-Պուտին գագաթնաժողովը եւ նրանց համատեղ հայտարարությունը երկու գլոբալ ռազմավարական նշանակություն ունեն՝ մեկը Արեւմուտքի, մյուսը՝ Հնդկաստանի համար: Այսուհետ Արեւմուտքի համար պետք է միանշանակ պարզ լինի հետեւյալը. Չինաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում։ Հաշվի առնելով, թե Չինաստանը եւ անձամբ Սի Ծինփինը որքան ներդրումներ են կատարել Ռուսաստանում եւ Պուտինի վրա, միամտություն կլիներ ենթադրել, որ Չինաստանը հանգիստ մի կողմ կկանգնի եւ Մոսկվայի կողքին չի լինի ուկրաինական հակամարտությունում: Իսկ դա լիովին կարող է ազդել այս հակամարտության զարգացման հետագծի վրա։ Դա զգալիորեն նվազեցնում է Հնդկաստանի մանեւրների ռազմավարական տարածքը եւ բարդացնում անվտանգության միջավայրն այնպես, ինչպես նախկինում քչերը կարող էին պատկերացնել: Բացի այդ, նժարին Ռուսաստանի՝ որպես գործընկերոջ հուսալիությունն է, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից կարող է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Վերջնարդյունքում դա կարող է հանգեցնել նրան, որ Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին գոնե միայն այն պատճառով, որ պաշտպանի նրա արմատական հետաքրքրությունները Չինաստանի հետ դիմակայությունում:
Այսպիսով՝ մի կողմից Չինաստանը որոշել է իր ողջ հեղինակությամբ աջակցել Ռուսաստանին եւ յուրահատուկ դաշինք ստեղծել նրա հետ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ին եւ Եվրոպային անհրաժեշտ է ողջ աջակցությունը, որը նրանք կարող են ստանալ իրենց դաշնակիցներից եւ գործընկերներից՝ Պեկինին եւ Մոսկվային դիմակայելու համար: