Ապրիլի 1-4-ը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում մեկնարկում է «Հայաստանի օրերը» ծրագիրը։ Նախաձեռնության կազմակերպիչներն են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը եւ դիվանագիտական ներկայացուցչության ներքո գործող Մշակույթի կենտրոնը՝ Սոչիի վարչակազմի եւ տեղի հայ համայնքի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է լայն հանրության շրջանում հայկական մշակութային ժառանգության եւ հայ-ռուսական պատմական կապերի ու արժեքային միասնության ներկայացմանը։
Մշակութային ծրագիրը բազմազան է՝ ներառելով մի շարք միջոցառումներ.
-«Սարյանից մինչեւ Փարաջանով» խորագրով կերպարվեստի ցուցահանդես (ապրիլի 1-16-ը, Սոչի, արվեստի թանգարան),
-Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցադրումների շարք
(ապրիլի 1-5-ը, «Ռոդինա» արտ-մեդիա կենտրոն),
-Բաց լսարան. «Հայաստանը համաշխարհային քաղաքակրթությունների համատեքստում» խորագրով դասախոսություն, ապրիլի 4-ին, ժամը՝ 16:00, Սոչիի Երիտասարդության տուն),
-Գալա համերգ. «Հայաստան-Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» (ապրիլի 2-ին, ժամը՝ 19:00, Սոչիի Ձմեռային թատրոն):
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով Կրասնոդարի երկրամասում է։ Նա նախօրեին Կրասնոդար քաղաքում հանդիպել է ՀԱԵ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ թեմի խորհրդի անդամներն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լեւոն Մինասյանը։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Ռուսաստանի հարավի հայ համայնքի եւ Հայրենիքի միջեւ կապերի ամրապնդման, ազգային ինքնության պահպանմանն ուղղված ջանքերի շարունակելիության կարեւորությունը։ Այս համատեքստում քննարկվել են դեսպանության եւ թեմի միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Նույն օրը դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Կրասնոդարի «Սուրբ Հովհաննես Ավետարանիչ» Հայ առաքելական եկեղեցի։
Նախօրեին Կրասնոդարի երկրամաս այցի շրջանակներում Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Կրասնոդարի «Անմար կրակ» հուշահամալիրի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Նույն օրը ՀՀ դեսպանն այցելել է Կրասնոդարի Ե. Դ. Ֆելիցինի անվ. պետական պատմահնագիտական թանգարան-արգելոց։ Այցի ընթացքում դեսպանության պատվիրակությունը ծանոթացել է թանգարան-արգելոցի մշտական ցուցադրությանը։
Ե. Դ. Ֆելիցինի անվ. պետական պատմահնագիտական թանգարան-արգելոցը տարածաշրջանի հնագույն պատմամշակութային օջախներից է։ Հավաքածուն ներառում է ավելի քան 400 հազ. նմուշ։ Դրանց թվում՝ դեկորատիվ արվեստի, պատմահնագիտական ուղղվածության եւ ազգագրությանն առնչվող ցուցանմուշներ։
Դեսպանատան տեղեկատվությունից տեղեկանում ենք նաեւ, որ նույն օրը Կրասնոդարում կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի եւ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի հանդիպումը։ Հանդիպմանը խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացման մասին՝ ՀՀ դեսպանն ընդգծել է Կրասնոդարի երկրամասի առանձնահատուկ նշանակությունը։ Վաղարշակ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը վաղեմի բարեկամական կապեր ունի Կրասնոդարի երկրամասի հետ։ Երկրամասի հետ համագործակցության համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի նշանակալի դերին։
Զրույցի ընթացքում Վ. Հարությունյանն ու Վ. Կոնդրատեւը քննարկել են առեւտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար եւ կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք ընդգծվել է, որ բոլոր բնագավառներում կուտակված ներուժն ընձեռում է նոր հնարավորություններ համագործակցության հետագա խորացման համար։ Իսկ երեկ Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Եկատերինոդարի եւ Կուբանի միտրոպոլիտ Գրիգորիի հետ։ Հանդես գալով հանդիպման բացման խոսքով՝ կողմերն ընդգծել են երկու երկրների եկեղեցիների միջեւ փոխգործակցության կարեւորությունն ու անդրադարձել հոգեւոր երկխոսության հետագա զարգացման հարցերին։
Դեսպան Վ. Հարությունյանը զրուցակցին ներկայացրել է «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» ծրագիրը, որը Կրասնոդարի երկրամասում կանցկացվի ապրիլի 1-4-ը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների հասարակությունների միջեւ պատմական եւ հոգեւոր-մշակութային կապերը։
Զրույցի ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերը՝ ուղղված սրբավայրերի եւ կրոնական ժառանգության պահպանմանը, ինչպես նաեւ մի շարք հարցեր հոգեւոր կապերի հետագա զարգացման նպատակով։ Երկուստեք ընդգծվել է, որ տեղի հայ համայնքը երկու երկրներն իրար կապող կարեւոր օղակն է։