Վերջին ամսվա ընթացքում պաշտոնական Բաքվից տարածվող ապատեղեկատվության մեծ հոսքը, Արցախի հետ եւ ՀՀ-Ադրբեջան շփման գծում կազմակերպված ռազմական սադրանքները հուշում էին, որ Ադրբեջանն իրավիճակն ապակայունացնող հերթական քայլն է նախապատրաստում: Այդ մասին վկայում էին նաեւ հարեւան երկրի՝ արդեն բազմիցս արձանագրված նենգ գործելաոճի դրվագները: Իր այս քայլերի բուն նպատակը եւ թիրախը թաքցնելու համար հարեւան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը սադրանքներ էր կազմակերպում Արցախի եւ Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում, իսկ վերջնարդյունքում պարզվեց, որ ապրիլի 1-ին, երբ գործարկվելու էր Հայաստանն Արցախին կապող Լաչինի այլընտրանքային ճանապարհը, նախապատրաստում էր նոր ապակառուցողական քայլը:
Չսպասելով ժամկետի լրանալուն՝ Ադրբեջանը մարտի 30-ին գիշերը նախ փակեց Ստեփանակերտը Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերին միացնող գրունտային ճանապարհը, իսկ լուսաբացին դիրքավորվեց Լաչինի միջանցքի հին հատվածից ազատված սահմանագծի բոլոր ռազմավարական բարձունքներում (5 հենակետ` հայ-ադրբեջանական սահմանից 100-300 մետր խախտումով): Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն էին տարածել, թե, իբր, հայկական ուժերն այդ հատվածում դիրքեր են առաջ տալիս, ինչին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում հայտարարելով, թե ՊՆ դիրքերի փոխարեն այդ հատվածում տեղակայվում են ՀՀ սահմանապահ զորքերը՝ հույս հայտնելով, որ նույնը կանի նաեւ Ադրբեջանը:
Բայց Ադրբեջանի կառուցողականության վրա հույս դնելն անշնորհակալ գործ է, եւ Բաքուն դա ապացուցեց հերթական սադրիչ գործողություններով: Որպեսզի հասնի իր բաղձալի նպատակին՝ սահմանային էսկալացիային, ադրբեջանական պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն ակնկալում էր ՀՀ տարածք ներխուժմանն ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունները: Դրանով Բաքուն կկարողանար նաեւ հիմնավորել արդեն մեկ ամիս պարբերաբար տարածած իր կեղծիքը, թե Հայաստանը սադրանք էր նախապատրաստում՝ օգտվելով ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունից: Արձանագրելով ներխուժման փաստը՝ ՀՀ ԱԱԾ-ն շեշտել էր, որ քայլեր են ձեռնարկվում խնդիրը հարթել առանց սահմանային էսկալացիայի, ինչը, բնականաբար, ադրբեջանցիների պլանների մեջ չէր մտնում:
ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հերթական դեպքը կարձանագրվի ԵՄ դիտորդական առաքելության կողմից, եւ դրա մասին կտեղեկացվեն եվրոպական ու միջազգային կառույցները: Սպասել, որ այն ինչ-որ չափով կազդի պաշտոնական Բաքվի վարքագծի վրա, ճիշտ չի լինի: Թերեւս, միջազգային հանրությունը մեկ անգամ եւս կհամոզվի Բաքվի ոչ կառուցողական կեցվածքի, ագրեսիվության մեջ, որ նրա գործողությունները տրամագծորեն հակադրվում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին այդ պետության ղեկավարի հնչեցրած պարբերական հայտարարություններին:
Մյուս կողմից էլ՝ ՀՀ սահմանից մի քանի հարյուր մետր առաջ գալու համար հսկայական քարոզչական նախապատրաստություն եւ զորքերի մեծ տեղաշարժեր կազմակերպելն առաջին հերթին խոսում է պաշտոնական Բաքվի չկառավարվող վախերի մասին: Վերջինս ունի մտավախություններ, որ իր՝ պարբերաբար գործած ագրեսիային կարող է համարժեք պատասխան լինել, ինչը, ի դեպ, հիմնազուրկ չէ: Թերեւս, հայկական կողմի հնարավոր «սադրանքների» մասին ապատեղեկատվության հոսքի մի պատճառն էլ այդ սպասելիքներն են, բայց Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում տրվել ադրբեջանական հրահրող գործողություններին, ինչը տրամաբանական է, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումների հիմնահարցը կլուծվի քաղաքական եղանակով՝ սահմանազատման գործընթացի շրջանակներում: