Այսպես կոչված իսրայելական «դատական բարեփոխումները» հանգեցրել են ոչ միայն երկրի ներսում բողոքների ուժեղ ալիքի, այլեւ դրսից սուր քննադատության պատճառ են դարձել: Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ կրակի վրա յուղ է լցրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ով հրաժարվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին հրավիրել Սպիտակ տուն: Դրան ի պատասխան՝ հրեա քաղաքական գործիչները Վաշինգտոնին հիշեցրել են, որ Իսրայելն ինքնիշխան պետություն է, այլ ոչ թե «եւս մեկ աստղ՝ ԱՄՆ-ի դրոշի վրա»:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ Բենիամին Նաթանյահուին «մոտ ժամանակներս» չի հրավիրի Սպիտակ տուն: Նա միեւնույն ժամանակ ծանր քննադատության է ենթարկել Նաթանյահուի «դատական բարեփոխումները»: Այս մասին հայտնել է CNN-ը: «Նրանք չեն կարող ավելի առաջ գնալ այդ ճանապարհով: Հույս ունեմ, որ վարչապետը կկարողանա փոխզիջումային տարբերակ մշակել, որ, ի վերջո, կհրաժարվի դատական բարեփոխումներից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
«Իսրայելն ինքնիշխան պետություն է եւ որոշումներ է կայացնում իր ժողովրդի կամքի համաձայն, այլ ոչ թե արտասահմանի, այդ թվում՝ լավագույն ընկերների ճնշման հիմքի վրա»,- պատասխանել է Նաթանյահուն: Ավելի ուշ նա հայտարարել է. «Իսրայելի ու ԱՄՆ-ի միջեւ ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ են առաջանում: Սակայն ես ուզում եմ բոլորին վստահեցնել, որ աշխարհի մեծագույն ժողովրդավարության ու Մերձավոր Արեւելքի սրտում ուժեղ, հպարտ ու անկախ ժողովրդավարության՝ Իսրայելի դաշինքն աներեր է»:
Այս ֆոնին շատ ավելի ծայրահեղ է արտահայտվել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը: Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը: «ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ Իսրայելն անկախ պետություն է, այլ ոչ թե եւս մեկ աստղ ԱՄՆ-ի դրոշի վրա»,- ասել է նա: Սակայն իսրայելական ընդդիմության ակտիվիստներից մեկը՝ «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը, քննադատել է այդպիսի մոտեցումը: «Տասնամյակների ընթացքում Իսրայելը եղել է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը: Երկրի պատմության մեջ ամենաէքստրեմիստական կառավարությունն ընդամենը երեք ամսվա ընթացքում փլուզեց այդ ամենը»,- հայտարարել է նա:
Իսրայելն ամերիկացիների համար մշտապես եղել է հավատարիմ գործընկեր՝ շեշտելով, որ միակ ժողովրդավարությունն է Մերձավոր Արեւելքում ու ԱՄՆ-ի հետաքրքրությունների ուղեկիցը: Բայց հիմա տարածաշրջանում հասունանում է ամենավտանգավոր ճգնաժամը Դատաստանի օրվա պատերազմից ի վեր:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն որոշել է, որ կսահմանափակի Գերագույն դատարանի իրավունքները: Արդյունքում նրա հակառակորդները դուրս եկան փողոց, իսկ հետո փողոց շտապեցին նաեւ նրա կողմնակիցները: Իսրայելում կարծում են, որ Նաթանյահուն այսպիսի գործողություններով փորձում է փակել իր եւ իր կնոջ դեմ հարուցված քրեական գործերը: Արդյունքում որոշումը սառեցվեց, սակայն բոլորն էլ հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, եւ դեռ ինչեր կարող են տեղի ունենալ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն արդեն հայտնել է, որ Նաթանյահուն
շտապել է ամերիկյան առանց վիզայի ռեժիմի խոստման հարցում, Իսրայելը չի համապատասխանում ամերիկյան չափորոշիչներին: Իսկ ըստ Բայդենի՝ Նաթանյահուն սկզբունքորեն շտապել է ներքին քաղաքականության ընտրության հարցում:
Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարտին Ինդիկը կարծում է, որ Նաթանյահուն ցանկանում է ջանքերը կենտրոնացնել Իրանում եւ Սաուդյան Արաբիայում, բայց չի կարող այնտեղ հասնել իր նպատակներին առանց Ջո Բայդենի օգնության: Այժմ Իսրայելի ղեկավարը խնդիրներ ունի ԱՄՆ-ի նախագահի հետ, սակայն նույնիսկ չի կարողանում հասնել Վաշինգտոն՝ նրա հետ այդ մասին խոսելու համար:
Մինչեւ հիմա ԱՄՆ-ը խոստացել է աջակցել այն ամենին, ինչ Իսրայելը կանի Իրանի դեմ: Սպիտակ տան աղբյուրները վստահեցնում են, որ ԱՄՆ-ի համբերության բաժակը լցրել է պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու Նաթանյահուի որոշումը՝ այն պատճառաբանությամբ, որ նա աջակցել է ցուցարարներին:
Սեփական խաղը վարելու Նաթանյահուի փորձը շատ արագ կասեցվեց: Վարչապետին ցուցադրեցին, թե ինչ է նրա առանձնատան վրա գրոհը: Յուրաքանչյուր տասներորդ իսրայելցի փողոցում է: Ջրցան մեքենաները նույնպես մինչեւ հիմա փողոցներում են: Նաթանյահուին արդեն բռնակալ են անվանում:
Գրող, պատմաբան Յուվալ Նոյ Հարիրին շեշտել է, որ Իսրայելն օկուպացրել է միլիոնավոր մարդկանց, ներգրավված է լայնածավալ հակամարտությունում, ունի միջուկային զենք: Իսրայելի բանակն ուժեղագույններից մեկն է Մերձավոր Արեւելքում: Բացի այդ, Թել Ավիվը կիբերզենք ունի: Եթե այդպիսի ուժը, ըստ պատմաբանի, հայտնվի ավտոկրատ վարչակազմի ձեռքում, որը նաեւ ֆունդամենտալ կրոնական վարչակարգ է, ունի էքսպանսիոնիստական նպատակներ եւ հավատում է հրեական գերակայությանը, ապա կհրդեհի ողջ Մերձավոր Արեւելքը: Եվ հենց այդ պահին ամերիկյան զորքերը Սիրիայում մարտական պատրաստության են բերվում Դամասկոսում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության պատճառով: Իսրայելը տեղի ունեցածն այսպես է պարզաբանել. նա չիպեր էր տեղափոխում իրանական հրթիռների համար, ինչը «կարմիր գիծ է մեզ համար»: Այսինքն՝ ամերիկացիներն Իսրայելին ցուցադրում են, որ նրա որոշումները սպառնալիքներ են ստեղծում ԱՄՆ-ի համար:
Ընդհանրապես՝ Իսրայելն ավելի շուտ կրակում է սեփական վախերի պատճառով: Բանն այն է, որ Իրանն ու Սիրիան հաշտվել են Սաուդյան Արաբիայի հետ: Արաբական աշխարհն այժմ վերանայում է իր քաղաքականությունը: Թել Ավիվը կամ պետք է մնա Վաշինգտոնի ուղեծրում, կամ պետք է շարժվի դեպի Ռուսաստան: Թվում է՝ հրեական պետությունը կողմնորոշվում է դեպի երկրորդ տարբերակը: Իրադարձությունների այսպիսի զարգացումը համապատասխանում է Ռուսաստանի հետաքրքրություններին: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է այլեւս չշփվել Իսրայելի հետ: Հեռանկարում Իսրայելն ու Իրանը կարող են հանգել ինչ-որ խաղաղ գոյակցության տարբերակի: Որոշ փորձագետներ վստահ են, որ Իսրայելի համար սարսափելի է անգամ ամերիկյան տանիքի տակից դուրս գալու մասին մտածելը, ուստի Թել Ավիվը հայտնվել է բարդագույն իրավիճակում:
Իսրայելը տեղեկություն է ստացել ԱՄՆ-ից Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ հնարավոր մասնակի համաձայնության մասին։ Ինչպես պարզաբանում է իսրայելական «Walla» պորտալը, Վաշինգտոնն Իրանին առաջարկում է սառեցնել իր միջուկային ծրագրի մի մասը պատժամիջոցների փոքր-ինչ թուլացման դիմաց։ Սակայն Թեհրանը, ըստ որոշ աղբյուրների, առայժմ մերժում է այդ առաջարկը։
Սա ամերիկյան վարչակազմի նոր մոտեցումն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, եւ բացառված չէ, որ ապագայում ավելի հարմար առաջարկ կարվի Թեհրանին: Սպիտակ տունը քննարկում է ժամանակավոր համաձայնագրի գաղափարը, որը նման կլինի 2013 թ. Ժնեւում ձեռք բերված համաձայնությանը։ Այս համաձայնագիրը նախատեսում էր իրանական միջուկային ծրագրի որոշ ասպեկտների սառեցում՝ պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց։ Այն կնքվել է վեց ամսով, սակայն մի քանի անգամ երկարաձգվել է մինչեւ 2015 թ. միջուկային ամբողջական համաձայնագրի ստորագրումը։ 2018 թ. ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից, իսկ Իրանը հրաժարվեց միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման սահմանափակումներից։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ