Ժամանակակիցներիս համար շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես կարողացան 1918 թ. հայերը հաջողության հասնել թուրք-թաթարական ուժերի նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ հաղթանակը հնարավոր դարձավ նախեւառաջ հայ քաղաքական ուժերի միակամության շնորհիվ։ «Դա եզակի դեպք էր, երբ իրար չընդունող, հակառակորդ քաղաքական ուժերը՝ Դաշնակցությունը եւ մարքսիստ բոլշեւիկներն ի դեմս Շահումյանի եւ նրա համախոհների, կարողացան համագործակցել։ Ցարական գեներալ Բագրատունու մասնակցության գործոնը եւս ընդգծեց համագործակցության եզակի դրսեւորումը, երբ ցարական գեներալը փորձում է «լեզու գտնել» բոլշեւիկ Շահումյանի հետ։ Այդպիսով ամենաբարձր տեղում դրվեց ազգային շահի գիտակցումը»,- ասաց պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վահան Մելիքյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում։ Ստեղծված իրավիճակում հայանպաստ ծրագրերը կարող էին իրականանալ, մանավանդ հայկական գործոնը Հարավային Կովկասում եւ հատկապես Բաքվում, Թիֆլիսում գերակշռում էր վրացականի ու թաթարականի նկատմամբ։ Փետրվարյան հեղափոխության ընթացքում դեմոկրատական մոտեցումների շնորհիվ սկիզբ դրվեց միայն հայկական ազգային մարմինների ձեւավորմանը։
Դեռեւս 1916-ի դեկտեմբերին Փետրվարյան հեղափոխության նախօրեին Բաքվում հրավիրվում է հայ հասարակական գործիչների, քաղաքական հոսանքների խորհրդակցություն։ Կռահելով մոտալուտ հեղափոխությունն ու ցարիզմի տապալումը, ինչը վտանգավոր էր լինելու հայկական հարցի կովկասյան ճակատի պաշտպանության հարցում, ձեռնարկում են խորհրդակցություն, որով դրվում է հայության ինքնակազմակերպման հիմքը։ Դրան մասնակցում էր անգամ Պողոս Նուբարը Փարիզից։ Զրուցակիցս նշեց, որ հետագայում, ցավոք, այդ հանգամանքը չօգտագործվեց, իսկ հայերի ինքնակազմակերպումն իր ավարտին չհասավ։
Փետրվարյան հեղափոխության ութ ամիսների ընթացքում հայությունը կարողացավ ստեղծել երկու ազգային խորհուրդ՝ Արեւմտահայոց եւ Արեւելահայոց, այդ թվում նաեւ ազգային զորամասեր, որոնք դարձան մեր ապագա բանակի հիմքը։ Վրացական ազգային խորհուրդը ձեւավորվել է միայն բոլշեւիկյան հեղաշրջումից հետո 1917-ի նոյեմբերին, իսկ թաթարական ազգային խորհուրդը՝ մայիսի 27-ին թուրքական հրամանատարության պահանջով, որպեսզի հաջորդ օրը լեգիտիմ հիմքի վրա հռչակվի Ադրբեջանի անկախությունը։ «Այդ իմաստով ինքնակազմակերպված չէին, անգամ նրանց ազգային մարմնի ստեղծումը թելադրվեց թուրքական հրամանատարության կողմից, ինչը հանգեցրեց «Ադրբեջան» պետության ստեղծմանը Թուրքիայիեւ Գերմանիայի հովանավորությամբ։ Մենք ինքնակազմակերպման հարցում շատ առաջ էինք, ցավոք, կուսակցական հակամարտություններն ավելի «կայուն, հետեւողական» գտնվեցին, քան ընդհանուր ազգային շահը։ Կոնկրետ այդ ժամանակահատվածում մեր ազգային գործիչներին՝ Շահումյանին եւ նրա համախոհներին, հաջողվեց այդ խնդիրն իրականացնել, այն է՝ զերծ պահել Բաքուն մուսաֆաթական խռովության առաջին փորձից, պանթուրքիզմի պլանի իրականացումից։ Սակայն այդ խնդրի լուծումը պահանջում էր շարունակություն, որը նույնպես ուներ իրական երաշխիքներ»,- մանրամասնեց Վ. Մելիքյանը։
Գտնվելով Թիֆլիսում՝ Շահումյանը պատրաստվում էր քաղաք մտցնել Սարիղամիշի բոլշեւիկյան զորամասերը, որոնց թիվը կազմում էր 30 հազար։ Դա այնքան լուրջ եւ ռեալ վտանգ էր, որ Անդրկովկասյան սեյմի վերնախավը Չխենկելու, Ժորդանիայի եւ մյուսների ղեկավարությամբ Շահումյանին հայտարարեցին օրենքից դուրս, այսինքն՝ նրան կարելի էր սպանել։ Բաքվի խորհրդի քարտուղար Կուզնեցովի հետ դաշնակցական գործիչները կարողանում են Շահումյանին լեռներով մեծ դժվարությամբ փախցնել Բաքու, որից հետո նա իրականացրեց Բաքվի պաշտպանությունը։ Թիֆլիսում հայտարարվեց արտակարգ դրություն։ Մենշեւիկյան կարմիր գվարդիան ոտքի հանվեց, որպեսզի պաշտպանեն Թիֆլիսը խորհրդային բոլշեւիկյան հեղաշրջման փորձից։ Դաշնակցությունը չկարողացավ հետեւողական գտնվել Շահումյանի եւ մյուսների հետ համագործակցելու առումով։ Եվ ահա այստեղ էր այն գլխավոր տատանումը, որ թուլացրեց հայկական կողմի դիրքերը։ Չհամագործակցելու համար կային մասնավոր խնդիրներ, որոնք նույնպես կարեւոր էին։ Օրինակ՝ Բաքվի հաղթանակից հետո Շահումյանն առաջարկեց Դաշնակցությանը, որպեսզի ազգային զորամասերը միավորվեն Բաքվի խորհրդի կարմիր գվարդիային, որտեղից էլ սկիզբ առան հակասությունները։ Ըստ Մելիքյանի՝ կարելի էր գնալ նույնիսկ այդ զիջմանը, որովհետեւ ուժը, այն էլ՝ Ռուսաստանից աջակցություն ստացող ուժը Բաքվի խորհուրդն էր։ Դաշնակցությունը եւ Սեյմում նրանց խմբակցությունը լիակատար մեկուսացման մեջ էին վրաց-թաթարական գերակշռող խմբակցությունների կողմից։ Դրա մասին որպես ապացույց վկայեցին Տրապիզոնի անպտուղ բանակցությունները, երբ մեկ ամիս շարունակ հայկական պատվիրակությունը Սեյմի կազմում բանակցում էր Տրապիզոնում Թուրքիայի հետ, իսկ այդ ընթացքում թուրքական զորքերը շատ հանգիստ գրավեցին ամբողջ Արեւմտյան Հայաստանը՝ Երզնկայից, Էրզրումից սկսած եկան հասան մինչեւ Արեւելյան Հայաստան՝ Ալեքսանդրապոլ ու Սարդարապատ։ «Տվյալ ժամանակաշրջանում, երբ բյուրեղանում էին քաղաքական, գաղափարական մոտեցումները եւ իշխանության համար պայքար էր ընթանում, մի շարք վառ հայ անհատականություններ, հեռատես քաղաքական գործիչներ կարողացան դա հասկանալ եւ որոշակի քայլեր ձեռնարկեկ։ Ցավոք, այդ ծրագիրն իր ավարտին չհասավ, որովհետեւ ի վերջո գերակայեցին կուսակցական նեղ շահերը։ Պարզ էր նաեւ, որ Դաշնակցությունը լիակատար չէր վստահում Շահումյանին ու բոլշեւիկներին, իսկ Շահումյանն էլ՝ չէր վստահում Դաշնակությանը, անգամ նրանց դեմ գրված տասնյակ հոդվածներ ունի»,- ասաց պատմաբանը՝ ապա հավելեց, որ այդ ժամանակ կային բոլոր գործոնները՝ գաղափար, բանակ, ֆինանսները, ժողովրդագրական գործոնը, սակայն միասնականության բացակայությունը, քաղաքական կարճատեսությունը հանգեցրին տխուր հետեւանքների. «Եթե վրացիներն ու թաթարները 1918 թ. հունվար-փետրվարից ունեին հստակ թուրք-գերմանական քաղաքական կողմնորոշում, մենք ունեցանք թուրքական, հետո գերմանական կողմնորոշում, 1918 թ. մայիսին անգամ դիմեցինք Մոսկվա՝ Խորհրդային Ռուսաստանին, որպեսզի աջակցություն ստանանք, եւ սա այն դեպքում, երբ 1917 թ. նոյեմբերից, ի դեմս Կոմիսարիատի քաղաքականության, չէինք ընդունում խորհրդային իշխանությունը, մտել էինք խորհրդային իշխանությունը չճանաչող Սեյմի կազմի մեջ, բանակցություններ էինք վարում Թուրքիայի հետ իբր թե ինքնավարություն կամ անկախություն ստանալու հույսով եւ վերջում՝ կրկին դիմում ենք այն Ռուսաստանին, որի հետ կտրել էինք բոլոր հարաբերությունները։ Հենց սա է քաղաքական կարճատեսությունը։ Պատից պատ նետվելու, դեպքերի եւ իրադարձությունների հետեւից գնալու հանգամանքը հանգեցրեց մեծ կորուստների, այդ թվում՝ անկախության հարցում»։
Ինչ վերաբերում է Շահումյանի ծրագրին, ապա 1918 թ. մարտ-ապրիլ ամիսներին դրա իրականացումը միանգամայն իրատեսական էր, որի մասին են վկայում այդ հարցին նվիրված վրացական եւ թաթարական քաղաքական գործիչների տասնյակների հասնող քննարկումները Կոմիսարիատի, ապա Սեյմի նիստերում։ Մասնավորապես Ժորդանիան Շահումյանին մեղադրում էր բոնապարտիզմի մեջ եւ ասում էր, որ բոլշեւիկ Շահումյանը որոշել է «ծովից ծով Հայաստան» ստեղծել։ Վ. Մելիքյանի խոսքով՝ դա նույնպես կարեւոր վկայություն էր Շահումյանի ծրագրերի եւ իրատեսական նպատակների բնույթի մասին։ Արեւմտահայ մեր գործիչերից հրապարակախոս Զապել Եսայանը Պողոս Նուբարին, Արշակ Չոբանյանին Փարիզ գրում էր, որ «Բաքվի մեր բոլշեւիկները նման չեն Պետրոգրադի բոլշեւիկներին, նրանք ազգային գիծ են բռնել»։ Այս խնդիրը շատ կարեւոր է այնքանով, որ ի վերջո կապվում է Բաքվի կոմունայի տապալման հետ։ Այս մասով կոնկրետ արխիվային նյութեր չկան, սակայն գիտնականը կարծում է, որ դեպքերի զարգացումն է հուշում այդ մասին. 1918 թ սեպտեմբերին Լենինն ու Ստալինը (վերջինս Ցարիցինում էր, այսօրվա Վոլգոգրադում) ոչ մի աջակցություն չցուցաբերեցին Բաքվի կոմունային,ինչը վկայում է այն մասին, որ Շահումյանն իրոք շեղվել էր բոլշեւիկյան դոգմայից՝ գլխավոր ռազմավարական գծից, այլ կերպ ասած՝ փորձում էր Կովկասում ինքնուրույն ազգային հարց լուծել։ Դրա մասին նույնպես կան վկայություններ՝ 1918 թ. մարտ-ապրիլին Լենինին ուղղված Շահումյանի 3-4 հեռագրերը, որտեղ նա նշում էր, որ եթե անմիջապես օգնություն չստանա, ապա կգործի ինքնուրույն։
Մի կարեւոր հանգամանք եւս, որը վկայում է այն մասին, որ Շահումյանը շեղվել էր բոլշեւիկյան հիմնական գծից, այն է, որ Թիֆլիսի բոլշեւիկյան երկրամասային կոմիտեի ղեկավար Ֆ. Մախարաձեն, այսինքն՝ բոլշեւիկ վրացի Մախարաձեն նույնպես դեմ գնաց Շահումյանի ծրագրի իրականացմանը։ «Տրամաբանությունը խոսում է այն մասին, որ կուսակցական համախոհը, ընկերը պետք է աջակցեր, որպեսզի Շահումյանը Սարիղամիշի զորամասերով Թիֆլիսը գրավեր եւ խորհրդայնացներ Անդրկովկասը, բայց առաջին պլան մղվեց նրա ազգային պատկանելիության գործոնը։ Տվյալ պարագայում Մախարաձեն հանդես եկավ որպես վրաց ազգայնական՝ առաջնորդվելով իր ժողովրդի ազգային շահերով։ Համագործակցելով Կոմիսարիատի մենշեւիկ գործիչների հետ, նա թույլ չտվեց Շահումյանի ծրագրի իրականացումը: Իր հերթին բոլշեւիկ Շահումյանն էլ փորձում էր ազգային ծրագիր իրականացնել։ Բոլշեւիկ Նարիման Նարիմանովն էլ հետագայում՝ 1921 թ. հանդես եկավ որպես ազգային գործիչ, երբ սպառնաց Լենինին, թե Ադրբեջանը կհրաժարվի խորհրդային կարգերից, եթե Ղարաբաղի (Արցախ) հարցը հայանպաստ լուծում ստանա»,- շարունակեց Վ. Մելիքյանը։
Անդրադառնալով Ստեփան Շահումյանի կերպարին, զրուցակիցս նշեց, որ երկարատեւ գիտական հետազոտությունների արդյունքում եկել է այն համոզման, որ համառուսաստանյան քաղաքական գործիչների մասշտաբով նա թերեւս միակ դեմքն էր, այսինքն՝ անձնավորություն, որին հարգում, գնահատում էին հակադիր քաղաքական կուսակցությունները։ «Սա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն ու զուտ անձնական հիացմունքը չէ Ստեփան Շահումյանի նկատմամբ։ Շահումյանը նաեւ բացառիկ տեսաբան ու հռետոր էր, եւ նրա ելույթները ԷսԷռների, մենշեւիկների ու մյուսների կողմից հոտնկայս ծափահարությունների էին արժանանում։ Նա հզոր կերպար էր, որի մեծությունն ընդունում էին նաեւ իր գաղափարական հակառակորդները»,- շեշտեց նա։
Ի վերջո, ինչո՞վ է կարեւոր պատմական այդ դեպքերի իմացությունը ժամանակակիցներիս համար, որքանո՞վ է արդիական, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ։ Վ. Մելիքյանի խոսքով՝ մեր օրերում, մեր աչքի առջեւ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունից մնացած մի հատվածը, այնպիսի իրավիճակում են, որ կարող ենք կանգնել ողբերգական կորուստների առջեւ։ 1917-1918 թթ. դեպքերը վկայում են այն մասին, որ քաղաքական ուժերի միասնությունն իրենց անձնական, կուսակցական, այդ ժամանակ անգամ դասակարգային շահերը երկրորդ պլան մղելը միայն կարող է բերել հաջողության։ «Մենք գտնվում ենք այնպիսի քաղաքական, ռազմավարական, աշխարհաքաղաքական իրավիճակում, որ այլեւս մտածելու ժամանակ չունենք։ Շատ կարճ ժամանակ է տրված այս խնդիրը լուծելու համար։ Միայն իշխանության ձգտելու խնդիրն այսօր շատ ժամանակավրեպ է եւ անիմաստ։ Պատմությունն այսօր մեզ տալիս է լուծումներ եւ պետք է մի կողմ դնենք, ստորադասենք կուսակցական, քաղաքական, անգամ՝ անձնական շահերը եւ գերապատվությունը տանք ազգային-պետական շահին»,- եզրափակեց պրոֆեսոր Վ. Մելիքյանը։