Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի բնակավայրերից է Վակունիսը, որը 20-րդ դարասկզբին հայաթափ էր եղել ու բռնակցվել նորաստեղծ Ադրբեջան կոչվող հանրապետությանը։ 1993 թ. գարնանն ազատագրվեց Արցախը Մայր հայրենիքից անջատող մի ամբողջ հատված՝ Հակարի գետի վերնահովիտն ամբողջությամբ։ Նույն թվականի մարտի 31-ին ազատագրվեց նաեւ Վակունիսը։ Ազատագրվեց Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի եւ իր 10 մարտիկների նահատակության գնով։
1994 թ. գարնանից սկսվեցին Քաշաթաղի շրջանի կազմավորումը եւ վերահայացումը։ Վերահայացավ նաեւ Վակունիսը, որտեղ շուտով սկսեց գործել հանրակրթական դպրոցը, որը 2001-ից կոչվում էր Վուրգ Ոսկանյանի անունով։ Այս փոքր կրթօջախում սովորում ու Վուրգի, նրա քաջերի ոգով էին դաստիարակվում վակունիսցի աշակերտները։ Դպրոցում շատ էր կարեւորվում ռազմագիտություն առարկան՝ հաշվի առնելով այն, որ մեր երկիրը մշտապես վտանգի մեջ էր։ 2016-ից այստեղ ռազմագիտություն առարկան դասավանդելու եկավ ստեփանակերտցի երիտասարդ լեյտենանտ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը, ով սկսեց իր սաներին առավել մտերմացնել ռազմարվեստին։ Հաճախ էր նրանց հետ այցելում գյուղի մուտքի մոտ սրբավայր դարձած հուշարձան, որտեղ 1993 թ. մարտի 31-ից մնացել էր Սիսական գնդի «Ուրալ» զինվորական մեքենան, որը վառվել էր թշնամու տանկից արձակած արկից։ Այստեղ՝ նահատակ տղաների անուններով խաչքարի մոտ հաճախ էր արիության դաս անցկացնում։
Եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, եւ Քաշաթաղի շրջանից շատերը, որպես կամավոր ու պահեստազորային, մեկնեցին առաջնագիծ։ Պատերազմի մասնակից դարձան նաեւ ժամկետային զինծառայողները։ Սեպտեմբերի 27-ին Բերձորի զինկոմիսարիատի մոտ շատերն էին հավաքվել՝ պատրաստ մեկնելու առաջնագիծ։ Պատերազմ գնաց նաեւ Հարութը։ Ծնվել է 1990 թ. փետրվարի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 7 տարեկանից հաճախել է ըմբշամարտի պարապմունքների։ Պատանի մարզիկների համար կարեւոր են մրցումները եւ նվաճած մրցանակները։ Իսկ Հարութը գրեթե բոլոր մրցումներում էր ճանաչվում հաղթող-մրցանակակիր։ Ծնողների, 2 քույրերի համար հպարտություն էր Հարութը, եւ նրա ամեն մի հաջողություն՝ մարզաձեւում, դպրոցում, հետագայում բանակում եւ համալսարանում ուսանելիս, շատ էր ուրախացնում նրանց։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2007 թ., ընդունվել է Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական պատրաստության եւ ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ (հեռակա)։ 2008 թ. զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայել է «Արա լեռ» հրետանային զորամասում։ Ծառայության 2 տարվա ընթացքում զորամասի հրամանատարության կողմից ծնողներն ստացել են շնորհակալագրեր։ Համալսարանում ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում՝ ՆԶՊ ուսուցիչ։ Ամուսնացել է Հադրութի շրջանի Տումի գյուղից Նունե Գրիգորյանի հետ, ով ավարտել է ԱրՊՀ բանասիրության բաժինը։ 2016-ի օգոստոսին միասին տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ, որտեղ Նունեն սկզբում աշխատում էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ապա՝ 2019-ից, տնօրեն։
Այդ ժամանակ Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիրն էի եւ աշխատանքի բերումով լինում էի նաեւ Վակունիսում։ Դպրոցում հաճախ էին կազմակերպվում տարբեր միջոցառումներ՝ հիմնականում ռազմամարզական։ Հարութն էլ իր տեղն ուներ այդ միջոցառումների ժամանակ՝ կազմակեպիչների, մասնակիցների հետ։ Երիտասարդ զինղեկն իր սաների համար ընկեր էր ու ուսուցիչ, խորհրդատու զինվորական։ Սակայն պատերազմը փոխեց ամեն ինչ։ Պատերազմի առաջին օրից մինչեւ նոյեմբերի 9-ը Հարութը մարտադաշտում էր. դասակի հրամանատար էր ու իր զինվորների հետ հերոսաբար մարտնչում էր թշնամու դեմ։ 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադար, սակայն նույն օրը Մարտունու շրջանում հերոսաբար նահատակվեց Հարութը՝ հավերժ մնալով Վակունիսի դպրոցի զինղեկ ու Հայոց բանակի սպա։ Կինը՝ Նունեն, պատմում է, որ մշտապես կապի մեջ են եղել։ Վերջին անգամ զանգել է նոյեմբերի 8-ի երեկոյան. «Շատ տխուր էր, վերջին բանը, որ ասաց՝ ոչ մի բանից չեմ վախենում, մենակ վախենում եմ ձեզ էլ չտեսնեմ…, ու կապը ընդհատվեց…»: Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու պարգեւատրվել է «Արիություն» մեդալով եւ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Այդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Մարտունիում նահատակվեց նաեւ բերձորցի, Հայոց բանակի փոխգնդապետ Վահագն Բաբայանը։ 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհվեց նաեւ Հարութի սաներից 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Միասին հաճախ էին այցելում Վուրգի եւ իր զինվորների նահատակության վայր, ոգեշնչվում նրանց հերոսությամբ։ Հարութի կինն ու փոքր որդին՝ Ալեքսանդրը, ով կրում էր 2018-ին մահացած պապի անունը, սկզբում Վակունիսում էին, հետո տեղափոխվեցին Երեւան եւ այժմ էլ բնակվում են այստեղ։ Հարութի մասին՝ որպես զինղեկի ու լավ հայի, գովեստով են խոսում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը եւ ՆԶՊ գծով տեսուչ Արին-Վոլոդյա Գալստյանը։ Նշեմ, որ Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմում նահատկվել են նաեւ Ուռեկանի, Փակահանի դպրոցների զինղեկներ Գեւորգ Հրայրի Սիմոնյանը (1990 թ.), Սուրեն Աշոտի Հովհաննիսյանը (ծնվ.՝ 1974 թ.), Վուրգավանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ձյուդոյիստ Աշոտ Արայի Կոստանյանը (1990 թ.)։ Մինչ օրս անհետ կորած են համարվում Հակարի եւ Հակ գյուղերի դպրոցների տնօրեններ Արսեն Անդրանիկի Հայրապետյանը (1991 թ.) եւ Յուրիկ Սոսիկի Պողոսյանը (1972 թ.)։ Ընդհանրապես՝ Քաշաթաղի շրջանից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեցին 70-ից ավելի քաջորդիներ, կան անհետ կորածներ։ Առավել ցավալին այն է, որ կրկին թշնամու տիրապետության տակ անցան հայոց տարածքները՝ Վակունիսն ու Վուրգավանը, Ուռեկանն ու «Արա լեռ»-ը, Հակարին ու Հակը…