Համարվում է, որ իսլամը կրոն է ոսկե միջինի համար: Ինչպես գրում է ֆրանսիական «Causeur»-ը՝ հենվելով ֆրանսիացի հետազոտող Ֆլորանս Բերժո-Բլակլեի աշխատանքի վրա, դա ընդամենը «խայծ է միամիտների համար»: Իսլամականները ոչ մի կերպ չեն կարող «չափավոր» համարվել, բայց այս տեսությունը նրանց թույլ տվեց ներթափանցել Եվրոպա եւ սկսել նրա նվաճումը: «Causeur» թերթի խմբագրակազմը ծանոթացել է «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ Ֆլորենս Բերժո-Բլակլեի լուրջ աշխատանքին…
Մահմեդականության՝ որպես ոսկե միջինի կրոնի տեսության շնորհիվ իսլամական շարժումը հարձակում գործեց Եվրոպայի վրա: Սա բացատրում է Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ֆլորենս Բերժո-Բլակլեն: Այդ անունը խայծ է միամիտների համար, քանի որ դրա մեջ ոչ մի չափավոր բան չկա: «Մահմեդական եղբայրները» երազանք ունեն՝ Եվրոպան վերածել իսլամական տարածքի: Նրանք մտադիր են հաստատվել այս մայրցամաքում եւ գնալ այն ճանապարհով, որն իրենց համար հարթել է Մուհամեդ մարգարեն: Այսինքն՝ Մեքքայից տեղափոխվել Եվրոպա, թուլությունը փոխարինել ուժով: Մահմեդականները երազում են նվաճելու մասին եւ համոզված են, որ Եվրոպայի նվաճումը հնարավոր է զանգվածային ներգաղթի եւ մահմեդական կանանց արգանդի շնորհիվ: Նրանք խոսում ու գրում են այդ մասին, սակայն զարմանալի է, որ քչերն են ուշադրություն դարձնում նրանց հավակնություններին:
1990 թ. «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը գործողությունների ծրագիր է մշակել հաջորդ 30 տարվա համար: Մասնավորապես՝ ծրագիրը կենտրոնացած է իսլամական ավանգարդի եւ մահմեդական հասարակական կարծիքի մշակման վրա: Անհրաժեշտ է խոստովանել, որ ամեն ինչ ընթացել է ըստ պլանի: «Մահմեդական եղբայրները» դարձել են գլոբալիզացված իսլամի ավանգարդը: Ձեւավորվել է մահմեդական հասարակական կարծիք, հատկապես՝ արեւմտյան երկրների մեգապոլիսներում, որտեղ այդ կրոնի հետեւորդներին ավելի ու ավելի շատ են հասարակական-քաղաքական ուժ համարում:
2000-ականներին այդ ռազմավարությունը «Մահմեդական եղբայրներին» թույլատրեց ներդրումներ կատարել եվրոպական ինստիտուտներում: Միեւնույն ժամանակ աճող եվրահոռետեսության դեմ պայքարելու համար Եվրամիությունը փորձում է վերականգնել ժողովրդական աջակցությունը՝ առաջ քաշելով կոնկրետ քաղաքականություն՝ հիմնված ընդհանուր եվրոպական արժեքների վրա: Դրանք նաեւ հոգեւոր արժեքներ են: Այդ պայմաններում պահանջարկ ունեն հիմնական կրոնները: «Այդ ժամանակ Եվրոպական հանձնաժողովը ցուցադրեց իսլամական չափավոր խաղացողների հետ համագործակցելու ցանկություն,- գրել է Ֆլորենս Բերժո-Բլակլեն:- Հնարավորություն չունենալով ընդունել չափավորության չափորոշիչները եւ, առավել եւս, ստուգել, որ ներկայացուցիչները, որոնք ծեծում են Եվրոպայի դուռը, արդյոք համապատասխանո՞ւմ են իրենց իսկ ձգտումներին, նա հավատում է նրանց խոսքերին, ովքեր պարզապես ուզում են այդպիսին երեւալ: Իհարկե, «Մահմեդական եղբայրները» չէին կարող բաց թողնել այդպիսի հնարավորությունը»: Գովում են երկխոսությունը քաղաքակրթությունների միջեւ, միայն թե նրանց նպատակն իսլամը Եվրոպային համապատասխանեցնելու մեջ չէ, այլ Եվրոպան իսլամին համապատասխանեցնելը: «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության ազդեցությունն ավելանում է շնորհիվ նրանց ավանդական կազմակերպությունների, ինչպիսին են Եվրոպայում իսլամական կազմակերպությունների դաշնությունը, իմամների ուսուցման նրա հաստատությունները՝ «Femyso» երիտասարդական, ինչպես նաեւ EFOMW կանացի բաժանմունքները:
«Մահմեդական եղբայրների» զարգացման ռազմավարությունը եվրոպական մակարդակում ուղղված է նույն ոլորտներին, ինչ Եվիամիությունում: Ուշադրության կենտրոնում են կրոնական եւ միջմշակութային երկխոսությունը, կրթությունն ու դաստիարակությունը, հասարակության մեջ կանանց տեղը, ռասիզմի դեմ պայքարը: Վերանայելով շարժման պատմությունը եւ Ֆրանսիայում ու Եվրոպայում իսլամը ներկայացնող ինստիտուտների նկատմամբ նրա վերահսկողությունը՝ Ֆլորենս Բերժո-Բլակլեն նշում է, որ մահմեդականների վատ ինտեգրումը կախված չէ արեւմտյան հասարակություններից: Ընդհակառակը, «հենց իսլամիզմն է, մեր դեպքում՝ Եղբայրությունը, որ խանգարում է ինտեգրացիային: Նա անում է դա՝ երիտասարդ մարդկանց առաջարկելով ընդունել ֆրանսիական քաղաքացիություն՝ միեւնույն ժամանակ պահպանելով մահմեդական սիրտը: Խոսքը ձուլման գործընթացը շրջելու մասին է. Ֆրանսիան պետք է հարմարվի մահմեդականներին: Սա այն տուրքն է, որը նա պարտավոր է հատուցել իսլամական աշխարհի մի մասի գաղութացման համար»:
Երբ հայկական հարցում սեփական քաղաքականություն վարելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին սպառնաց, որ նախագահական ընտրություններում նրա դեմ կհանի այդ երկրի մահմեդական բնակչությանը, Եվրամիության համար ակնհայտորեն պարզ դարձավ, որ ծայրահեղական իսլամը, ներխուժելով եվրոպական մայրցամաքի խորքերը, ոչ թե ընդունում է նրա օրենքները, լեզուները, ավանդույթներն ու մյուս արժեքները, այլ թելադրում է իր կանոնները՝ հանուն նվաճման: Ինչպե դա արվել է հայ եւ հույն ժողովուրդների նկատմամբ, որոնք դարեր շարունակ ոչ միայն պայքարել են իրենց ինքնիշխանության, այլեւ ողջ քրիստոնեական աշխարհի անվտանգության համար: Ուշագրավն այն է, որ 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, հաշվի առնելով, թե որոշ երկրներ ինչպիսի աջակցություն ցուցաբերեցին Ադրբեջանին նրա իսկ սանձազերծած նվաճողական պատերազմում, եվրոպական հանրությունը հասկացավ, որ իզուր է հույսեր տածում, որ ծայրահեղ իսլամի ներկայացուցիչները, շփվելով արեւմտյան արժեքների հետ, կփոխվեն եւ կդառնան արեւմտյան քաղաքակրթության լիարժեք անդամներ: Եվրամիությունն այժմ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, ինչը նշանակում է, որ վտանգավոր ուղերձները լիովին ընկալված են, եւ ծայրահեղ իսլամի՝ թշնամուն «մոլորեցնել-քնեցնելու» քաղաքականությունը արժանանում է տրամաբանական վերաբերմունքի: Այսուհետ այս շարժումը ձնահյուսի պես միայն կավելացնի վտանգն զգացողների թիվը: Սոցիալական ցանցերում շատ եվրոպացիներ գրում են, որ չի կարելի թույլատրել իսլամին՝ խժռելու եվրոպական տարածքը, որ, պայքարելով նրա դեմ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի առումներով, հարկ է հավատարիմ մնալ հայրենիքին ու նրա պատմությանը: Ոչ մի ժողովուրդ, որը կհանձնվի ու կենթարկվի, չի կարող ցավել իր կործանման համար:
Եվ, որ ամենակարեւորն է, եվրոպական ժողովուրդներն աստիճանաբար սկսում են ճնշում գործադրել իրենց իշխանությունների վրա: Վերջիններս, հենվելով ինչպես պետական, այնպես էլ անձնական շահերի վրա, հաճախ մի կողմ են թողնում բարոյականության չափանիշները, սակայն ազգերը զարթնում են ու կոչ են անում իրենց իշխանություններին՝ գործելու ժողովրդից ստացած լիազորությունների շրջանակներում եւ չաշխատելու ծայրահեղ իսլամական պետությունների ու նրանց հիմնադրած կառույցների հետ: