«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի ներքո հյուրընկալել ենք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին:
-Նախ համառոտ ներկայացրեք, խնդրում եմ, ընկերության գործառույթները, հիմնադրումը Հայաստանում եւ հետապնդած նպատակները:
-«Սինոփսիսը» համաշխարհային առաջատար ընկերություն է միկրոսխեմաների նախագծման, ինչպես նաեւ էլեկտրոնային ավտոմատ նախագծման ծրագրային գործիքների մշակման ասպարեզներում: Ներկայացված է շուրջ 46 երկրներում եւ հայկական շուկա մուտք գործեց 2004 թ.՝ ձեռք բերելով երկու ամերիկյան ընկերություններ, որոնց խոշորագույն մասնաճյուղերը գտնվում էին Հայաստանում՝ «Լեդան» եւ «Մոնտերեյ Դիզայնը»: Դրանից հետո ձեռք բերվեցին եւս երկու ամերիկյան ընկերություններ՝ «Էյջ Փի Էլ Էյը» եւ «Վիրաժ Լոջիքը»: Ըստ էության՝ մենք սկսել ենք 129 աշխատակցով, իսկ այսօր շուրջ 1300 աշխատակից ունենք: Այսինքն՝ այս 20 տարվա ընթացքում աճ ենք ունեցել մոտ 10 անգամ: Գրանցված այս աճը պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ մենք կադրերի պահանջ ենք ունեցել, եւ այդ կադրերը միշտ եղել են աշխատաշուկայում: Ինքներս ենք նախապատվորեն մեզ համար կադրերի պատրաստման մոդելներ մշակել: Մասնավորապես՝ տեխնիկական ուղղվածության առաջատար համալսարանների հետ ենք համագործակցում եւ համագործակցության երկու մոդել ենք կիրառում: Առաջինը. երբ համալսարանը գալիս է մասնավոր ընկերություն: Այդ մոդելը մենք իրականացնում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ, այսինքն՝ միկրոսխեմաների նախագծման ամբիոնը գտնվում է մեր ընկերությունում, մեր տարածքում, եւ մեր լավագույն մասնագետներն իրենց աշխատատեղերից շատ արագ հայտնվում են լսարաններում, դասավանդում ու վերադառնում: Երկրորդ մոդել. երբ մասնավոր ընկերությունն է գնում համալսարան: Այս մոդելը մենք իրականացնում ենք պետական համալսարանի, սլավոնական համալսարանի, եվրոպական համալսարանի հետ: Այսինքն՝ ստեղծել ենք ամբիոններ այդ համալսարաններում, եւ մեր մասնագետներից ոմանք, իհարկե, այնտեղ դասավանդում են: Առաջին մոդելը, սակայն, արդյունավետության տեսանկյունից ավելի բարձր է մի շատ պարզ պատճառով, որ այդ դեպքում պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնում դասավանդողների գերակշիռ մասը մեր աշխատակիցներն են: Նրանցից ոմանք էլ մեր նախկին ուսանողներն են: Այսինքն՝ ստացվում է, որ մենք նախապատվորեն մեզ համար կադրեր ենք պատրաստում՝ համագործակցելով համալսարանների հետ, եւ բուհերն ավարտող մեր ուսանողներն այդ համագործակցության շրջանակներում 100 տոկոսով աշխատանքի հրավեր են ստանում: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր ուսանողները իրենց երկրում, իրենց հարազատ քաղաքում ստանում են ամենաբարձր ցենզ ունեցող կրթությունը եւ միկրոսխեմաների նախագծման, եւ չիպ-դիզայնի ոլորտում: Չարժե այսուհետ մեկնել Եվրոպա, Միացյալ Նահանգներ կամ այլ երկրներ ու սովորել առաջատար համալսարաններում, քանի որ մեր կրթական ծրագրերն ամերիկյան գերժամանակակից կրթական ծրագրերն են, որոնցով ուսանողները չորս տարի սովորում են մեզ մոտ՝ երկու տարի՝ բակալավրի, երկու տարի՝ մագիստրոսի ծրագրերով: Ավարտելուց հետո կամ ուսմանը զուգընթաց, այդպիսի դեպքեր շատ ունենք, նրանք առաջարկ են ստանում՝ աշխատելու համաշխարհային առաջատար ընկերությունում: Այս կերպ երկու խնդիր ենք լուծում՝ ուսումը ստանալ Հայաստանում եւ այստեղ աշխատել համաշխարհային ընկերությունում: Իսկ սա, իր հերթին, նշանակում է բարձր աշխատավարձ եւ ընտանիքներն արժանապատվորեն պահելու հնարավորություն: Սա, կարծում եմ, մեր գերխնդիրն է, որը մենք իրականացնում ենք, միաժամանակ լուծում ենք ուղեղների արտահոսքի կասեցման խնդիր:
-Գիտենք, որ ընկերությունը Ձեր նախաձեռնությամբ սահմանել է հատուկ մրցանակ, եւ համաշխարհային ճանաչում ունեցող անձինք են հրավիրվում Հայաստան: Կխնդրեի պատմել գաղափարի նախապատմության ու ընթացքի մասին:
-2009 թ. կառավարությանը առաջարկեցինք ստեղծել մի այնպիսի մրցանակաբաշխություն, որի շնորհիվ հաղթողները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդները, կգան Հայաստան: Դա ինքնանպատակ քայլ չէր եւ չէր նշանակում, որ Հայաստան այցելությունը միայն մրցանակ ստանալու համար է: Խնդիրն այն է, որ այստեղ նրանք շփվեն մեր պատանիների, մեր երիտասարդների, ուսանողների, տեխնոլոգիական հանրության հետ, եւ այդ շփումների արդյունքում մենք նաեւ կարողանանք հաղորդակից լինել ժամանակակից այն գործընթացներին, որոնք իրականացվում են աշխարհում: Դա անչափ կարեւոր է: Սկսած 2010-ից՝ սա արդեն 13-րդ տարին է, որ պետք է իրականացնենք այդ մրցանակաբաշխությունը: 12 լեգենդար անձինք, որոնց դերակատարումն ուղղակի հեղափոխական ազդեցություն է գործել մարդկության կյանքի որակի բարելավման վրա, ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով այդ անգնահատելի մշակույթը: Սա անչափ կարեւոր է երկրի ճանաչելիության, տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում Հայաստանի դերի ու նշանակության համար: Նախկինում այն կոչվում էր ՀՀ նախագահի մրցանակ ՏՏ ոլորտում, հիմա այն անվանվում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ, եւ այս տարի աշնանը մենք կիմանանք 13-րդ մրցանակակրի անունը: Թե ով կլինի նա, կորոշի միջազգային հանձնաժողովը:
-Նախկին մրցանակակիրների անունները կարո՞ղ եք թվել:
-Նախ նշեմ, որ մեզ համար շատ կարեւոր էր, թե ովքեր են լինելու առաջին մրցանակակիրները Առաջինը Քրեյգ Բարեթն էր՝ «Ինտել» կորպորացիայի նախագահը: Երկրորդը պետք է լիներ Սթիվ Ջոբսը, բայց, ցավոք, նրա հիվանդությունն սկսեց խորանալ, եւ նա վախճանվեց: Եվ մենք մրցանակը շնորհեցինք «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակին: Գիտեք՝ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակն են ստեղծել «Apple» ընկերությունը: Երրորդ մրցանակակիրը միկրոպրոցեսորի հայտնագործող խմբի անդամ Ֆեդերիկո Ֆաջինին էր՝ հանրահայտ այդ գիտնականը: Չորրորդը Ցուգիո Մակիմոտոն էր՝ «Հիտաչի» ընկերության նախագահը: Մի խոսքով՝ մրցանակակիրները լեգենդար անձինք են:
-Երկար տարիներ Դուք մասնակցում եք նամականիշների մարման արարողություններին: Խնդրում եմ մեկնաբանել մեր ընթերցողների համար, թե ինչ դեր ունեն նամականիշների ստեղծումը, թողարկումը, մարումը:
-Նամականիշը պետության խորհրդանիշներից մեկն է, ինչպես գերբը, դրոշը, դրամը: Եվ պատահական չէ, որ պետական այրերն իրենց պաշտոնական հանդիպումների ժամանակ ազգային նամականիշների հավաքածուներ են միմյանց նվիրում: Դա ընդունված է: Որովհետեւ այդ նամականիշների միջոցով կարելի է հաղորդակից լինել երկրների պատմությանը, մշակույթին: Այն շատ հետաքրքիր աշխարհ է: 30 տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել նամականիշներով: Մարդիկ հիմնականում մանկուց են դրանով զբաղվում: Ճիշտ է՝ ուշ սկսեցի, բայց այդ աշխարհն այնքան գրավեց ինձ, որ մինչ օրս ես շատ մեծ հաճույքով ու եռանդով եմ զբաղվում այդ գործով:
Մենք ունենք հայկական ֆիլատելիստների ասոցիացիա, որի ղեկավարն եմ արդեն երկար տարիներ: Ասոցիացիայի անդամները բավական հետաքրքիր, ինտելեկտուալ մարդիկ են՝ գիտնականներ, մշակութային գործիչներ, այլ տարբեր ոլորտների մասնագետներ:
Բավական հետաքրքիր հանդիպումներ ենք ունենում, ցուցահանդեսներ կազմակերպում, ընդ որում՝ տարեկան 1-2 միջազգային ցուցահանդեսներ: Հայկական նամականիշները բավական հետաքրքիր են: Շատ հետաքրքիր հոբելյանական եւ հանդիսավոր մարումներ են լինում: Ունենք նաեւ համատեղ թողարկումներ տարբեր երկրների հետ: Վերջերս հայ-սլովակյան նամականիշները մարվեցին, դրանից առաջ՝ հայ-ռուսական, հայ-հնդկական, հայ-կիպրոսյան, հայ-ռումինական նամականիշներ:
Ասեմ, որ ֆիլատելիան իր մեջ նաեւ լուրջ քաղաքական բաղադրիչ ունի: «Հայփոստը» թողարկել է մշակութային ոճրագործության թեմայով մի քանի նամականիշներ՝ նվիրված Շուշիի Կանաչ ժամի եւ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծություններին: Հիմա պատրաստվում ենք թողարկել Նախիջեւանի Ջուղայի խաչքարերի կուլտուրոցիդին նվիրված նամականիշներ, որոնք պլանավորում ենք տարածել ամբողջ աշխարհում, որպեսզի համաշխարհային տարբեր հարթակներում մարդիկ տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել: Ասեմ, որ ազերիներն էլ են նույնը անում, բայց անում են պատմական փաստերի կեղծման միջոցով: Պատմական փաստերի կեղծումն էլ բավական գրագետ են անում ու տարածում: Մենք այդ առումով ոչ միայն չպետք է հետ մնանք, այլեւ պետք է ավելին անենք: Վերջապես, տարբեր երկրներում կան մասնագետներ, ովքեր շատ հանգիստ կարող են թացը չորից զանազանել եւ դրանց վերաբերյալ կարծիքներ արտահայտել:
-Մենք գիտենք, որ աղքատ երկրի համարում ունեցող Հնդկաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել այս ոլորտում: Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին ապագայում:
-Այո, աղքատության ցուցանիշը բավական բարձր է Հնդկաստանում, բայց այդ երկրում կան լուրջ ընկերություններ: Հնդկական սփյուռքը ազդեցիկ է ամբողջ աշխարհում, Միացյալ Նահանգների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, Սիլիկոնային հովտում նույնիսկ ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմերում բավական շատ հնդիկներ կան: Եվ նրանք լրջորեն օգնում են իրենց երկրին: Այստեղ մենք նրանցից սովորելու բան ունենք: Ես իմ խոսքը նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին եմ ուղղում: Սփյուռքահայերի շրջանում կան շատ նվիրված մարդիկ, ովքեր փորձում են Հայաստանի համար ինչ-որ բան անել, այնտեղից տեխնոլոգիական մշակույթ բերել: Դա արել են, անում են, եւ մենք պետք է շնորհակալ լինենք նրանց: Բայց, ցավոք, կան նաեւ մեծ հնարավորություններ ունեցող կայացած մարդիկ, որոնց հետ նույնիսկ չես էլ կարող կապ հաստատել՝ ասելու, որ Հայաստանը ձեր կարիքն ունի: Հնդիկներն այդ առումով այլ կերպ են դրսեւորվում: Ես դա բարի նախանձով եմ ասում:
Իսկ ի՞նչ հեռանկար է մեզ սպասվում: Ես կարծում եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, դրա մասին շատ է խոսվել, Հայաստանն ունի մրցակցային առավելություններ: Մենք պետք է հստակ գույքագրենք մեր առավելությունները, թե կոնկրետ որ ոլորտում են, որովհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բազմաֆունկցիոնալ է՝ բաժանված տարբեր ենթաոլորտների: Դու չես կարող բոլոր ոլորտներում առաջընթաց գրանցել: Տարբեր երկրներ ենթաոլորտներում են փորձում մրցունակ լինել: Իմ կարծիքով՝ մենք մրցունակ ենք միկրոսխեմաների նախագծման ասպարեզում, այն ասպարեզում, որտեղ նաեւ «Սինոփսիսն» է համաշխարհային առաջատար: Նախ որովհետեւ լավ ավանդույթներ ենք ունեցել դեռեւս խորհրդային տարիներին, որովհետեւ մեր առաքելությունը Հայաստանի միկրոէլեկտրոնային ինդուստրիայի զարգացումն է: Բազմաթիվ գիտահետազոտական ընկերություններ կային: Մոտ 20 հազար որակյալ կադրեր էին աշխատում: Ավանդույթները մնացել էին, եւ դրա համար ինչ-որ ընկերություններ, մեր սփյուռքահայ հայրենակիցներ եկան Հայաստան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եւ փորձեցին այստեղ ինչ-որ գործեր անել: Եվ ընկերություններ ստեղծեցին: Պատահական չէ, որ համաշխարհային հսկաներից երկուսը Հայաստանում ներկայացված են չիպ-դիզայնի ոլորտում: Կարծում եմ՝ այստեղ բավական ներուժ կա, եւ նաեւ ստարտափների առումով: Մի թիվ հնչեցնեմ. մոտ 3000 ՏՏ ընկերություն կա գրանցված Հայաստանում, որից 2000-ը նոր ստեղծված ընկերություններ են՝ ստարտափներ: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջատար երկրների շարքում է: Այլ խնդիր է, թե դա ինչ հավելյալ արժեք է ստեղծում Հայաստանի համար, երկիրը դրանից ինչ օգուտներ է քաղում: Հեռանկարներ կան, պարզապես մենք պետք է մեր առաջնահերթությունները հստակ ու ճիշտ մատնանշենք:
-Հայաստանի կառավարությունն էլ է հայտարարել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է համարում…
-Այսօր չկա մի կառավարություն, որը տեղեկատվական բարձր տեխնոլոգիաները առաջնահերթություն չհամարի: 20 տարի առաջ, երբ հայտարարվեց այդ մասին, այն շատ կարեւոր հնչեղություն ստացավ: Հիմա քայլերն են ցուցադրում առաջնահերթությունները: Կառավարությունը, օրինակ, տարիներ առաջ որոշեց ստարտափների շարժմանը զարկ տալ ու արտոնյալ պայմաններ ստեղծել: Հարկային արտոնություններ տրվեցին նոր ստեղծվող ընկերություններին, եւ դա էր պատճառը, որ այդքան ընկերություններ ստեղծվեցին: Հիմա կարեւոր են ոչ թե կառավարությունների հայտարարությունները, այլ կատարվող քայլերը: