Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Օգոստոսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Լեզվական անկախության 30 տարին

Ապրիլի 14, 2023
Մշակույթ
Լեզվական անկախության 30 տարին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
434
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1993 թ. ապրիլի 17-ին ընդունվեց «Լեզվի մասին ՀՀ օրենքը», այնուհետեւ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանն առընթեր Լեզվի պետական տեսչու­թյունը:

Օրենսդրական անհրաժեշտ երաշխավորում, իրավական լիարժեք հիմնավորում եւ ազ­դեցիկ, օրավուր հզորացող գործա­դիր մար­մին. այսպես լիարժեքորեն ապահովված էր հա­յերենի կարգավիճակը՝ որպես պե­տական լեզու, եւ ան­մր­ցակից գործառությունը՝ որպես պաշ­տո­նական լե­զու: Բա­րենպաստ էր նաեւ բարոյահոգեբանական մթնոլորտը. ազգային, հո­գեւոր զար­թոնքը դեռ չէր մարել, հայոց գրին ու մշակույթին պար­տադրա­բար կամ անգիտակցորեն խորթացած հայերը զանգվա­ծաբար դարձի էին գալիս:

Թվում էր, թե հիմք չկար չհավատալու, որ տասը, քսան տա­րի անցնի թե երեսուն, հայերենի դիր­քե­րը պի­տի շա­րունակ ամրապնդվեին՝ պետական մարմինների հոգա­ծու­թյան եւ հասա­րա­կական կազմակերպությունների հսկողու­թյան ներքո: Հայերենը, որպես ինքնա­բավ լեզ­վա­կան համա­կարգ, իր գաղափարածին ներունակությամբ, բառա­կազմական ընդո­ծին կա­րողությամբ պիտի անկաշկանդորեն ծաղկեր ու զար­գա­նար հան­րային կյանքի բոլոր բնագա­վառներում՝ ի պա­տասխան այդ նույն կյանքի մշտական փոփոխությունների եւ լեզվական պահանջների…

Երեսուն տարվա հեռվից հաս­կա­նում ենք, թե որքա՛ն վաղաժամ էր գոհունակությունը, որ­քա՛ն ծանր աշխատանք էր պահանջում հայերենի իրավունքների վերա­կանգնումը եւ իրական պաշտպա­նությունը, պետական եւ պաշտոնական միակ, անմրցակից լեզվի անխոչընդոտ գործառության եւ հարատեւ հզորացման ապահովումը… Իրոք, ո՛չ օտարամոլ հա­յերն են պակասել՝ հայերենն անվարան ոտնատակ տվող՝ երեկ հանուն ստրկամիտ ռուսա­խո­սության, այսօր ոչ պակաս ստրկամիտ եւ նվաստացուցիչ անգ­լերենախո­սու­թյան, ո՛չ դրսի թշնամիներն են մոռացել, որ հայ ազգը հենց հա­յե­րենն է, որ հայ ժողովրդի հա­րատեւության գաղտնիքը, ամենից առաջ, հայե­րենն է:

Հանուն հայերենի պայ­քարը երբեք չի եղել որեւէ լեզվի, ազգի կամ մշակույթի դեմ (թեպետ վարկաբեկման ստոր փորձեր եղան), ոչ էլ օտար լեզվի իմացության դեմ, սակայն աներկբա է մի ճշմարտու­թյուն՝ հազար այլ լեզվի կատարյալ իմացությունը չի արդա­րաց­նում հայերենի ինքնակամ չիմացությունը: Սեփական լեզ­վով կամովին չարարող, ուրեմն լեզուն չզարգացնող (լավա­գույն դեպքում՝ կենցաղային մակարդակով բավարարվող) «հայ մտա­վորականը» ըն­դա­մենը լեզվական պորտաբույծ է, եւ հայ է լոկ այնքա­նով, որ ապրում է հայախոսների միջավայրում:

Լեզվի հանրային եւ անհատական դերակատարման մասին մեր մեծերը բազում մտքեր են արտահայտել (ընթերցողը, վստահ եմ, դրանցից շատերը գիտի), սակայն սահմանափակվենք «մեծերից մեծի»՝ Հովհաննես Թումանյանի համապարփակ բանաձեւով. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:  

Այդուհանդերձ,  օտարամոլ, ազգային ինքնության զգացումից զուրկ հայերը չեն գիտակցում, իսկ թշնամիները չեն մոռացել, գիտեն, որ զրկել հայ ժողովրդին ազգային, հոգեւոր, բարոյական ինքնությունից՝ նշանակում է ամենից ա­ռաջ նսեմացնել հայոց լեզուն, պղծել հայեցի լեզ­վա­մտա­ծո­ղու­թյունը, նաեւ վարկաբեկել լեզվի հատուկենտ պա­հա­պաններին: Այո՛, հատուկենտ, հակառակ պարագայում ժամանակին գլխ­ովին կուլ չէինք գնա ռուսական գաղութային դպրոցներին,  իսկ հայերենը փաստացի չէր ար­տամղվի հանրա­յին կյանքի կազմակերպման եւ կառավար­ման բոլոր բնագա­վառներից (որ­պես մխիթարանք ՀԽՍՀ Սահմանադրությամբ հռչակ­ված լինելով պետական լեզու)…

Իսկ այժմ չվարանենք հարց տալ ինքներս մեզ. ինչու եւ ինչպես եղավ, որ նորանկախ պետության լեզ­վամշակութային կայացմանը հսկայական նպաստ բերող, համապետական եռանդուն գործունեություն ծավալած, հան­րա­յին մեծ հեղինակություն վայելող (նաեւ հայերենամերժ ու­ժե­րի հիմ­նական թիրախը դարձած) գործադիր իշխանության պե­տական մար­մի­նը՝ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետա­կան տեսչու­թյունը 1998 թ. փետրվարյան պետական հեղաշրջումից հետո աստիճանաբար, ասես Բալզակի չարաբաստիկ «շագրենի կաշին», կրճատվեց (հաստիքներ, տնօրինած տարածք, հանրային կապեր, պատասխանատվության տիրույթ, իրեն կից գործառող հանրային խորհուրդներ, մամուլի եւ հեռուստատեսության հետ լայն կապեր, ասուլիսներ եւ այլն), կոծկվեց, խեղճացավ, եւ այսօր վերածվել է սոսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ստորադաս օղակի՝ «Լեզ­վի կոմիտեի»՝ սահմանափակ լիազորություններով, նվա­զագույն ներուժով, հանրային կյանքում աննշմար դերակատա­րությամբ:  

«Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» ըն­դուն­ման տառապագին պատմությունը մասամբ պատաս­խանում է այդ հարցին: Այո՛, տառապագին, նաեւ ամոթալի մի պատմություն: Մի պատմություն, որը կարող ենք բնութա­գրել հակիրճ՝ «Հայերն՝ ընդդեմ հայերենի»:

Ժամանակին օրենքի ընդունումը երկու ան­գամ ձախողվեց: Գե­րա­գույն խորհրդի կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վում էլ ոչ բո­լորն էին ազ­գա­նպաստ լեզ­վական օրենս­դրու­թյան հա­մոզ­ված կողմ­նակից:

Ի հեճուկս 1988–1990 թվականների ազգային-ազա­տագրական զարթոնքի ոգու, ազգային արժա­նա­պատվու­թյան եւ հպարտու­թյան արթնության, հայաստանյան կիսառուսա­ցած հայ մտավորականության մի ստվար հատված պայքարում էր Լեզվի մասին օրենք ընդունելու դեմ: Երբ օրենքի նախագիծը մտել էր ՀՀ Գերագույն խորհրդի նիստերի օրակարգ եւ դրվում էր քվե­արկու­թյան, խորհր­դա­րա­նում ծվարած ռուսամոլ «լիբերալնե­րը»… հակ­ընդ­դեմ փաստա­թուղթ էին բաժանում՝ «Ինչու չպետք է ընդունել Լեզվի մա­սին օրենք» խոսուն վերնագրով:

Միով բանիվ, օրենքն ընդունվեց զգալի ուշացումով: Բե­լառու­սը, Ղազախստանը, Թուրք­մենիան, Ուկրաինան, Լիտվան, Էստոնի­ան, Լատվիան իրենց լեզվական օրենսդրության հիմքը դրեցին 1989–91 թվականներին:

Ար­տառոց, անտրա­մաբանա­կան, բայց անողոք մի փաստ է (նաեւ քողազերծում է հայե­րիս կեղծավոր-ցուցադրական, լոկ քնարա­կան զե­ղում­նե­րի համար վերապահված սերն առ «հայոց ոսկեղենիկ»). էթնիկապես աշխար­հում ամենամիատարր երկիր Հա­յաս­տանում լեզվի պաշտպանու­թյան օրենքն ըն­դունվեց համառ դիմա­դրությամբ եւ ան­նե­րելի ձգձգումներով: Առավել ցավա­լի է արձանագրումը, որ եթե, ասենք, Լատ­վիա­յում լեզվի օրենքի ընդունմանը խոչընդոտում էին առա­վե­լապես այլազ­գի­ները (ռուսներն ու ռուսա­խոս հրե­աները), ապա Հա­յաստանում՝ բնիկ լեզվակիրներն ու պետա­կա­նա­կիրները. մի իսկական ազգա­յին ող­բեր­գություն էր երեք տարի խա­ղացվում հա­յոց խորհր­դա­րանի բեմում:

Ի վեր­ջո՝ ունե­ցանք հա­կիրճ մի փաստա­թուղթ, որը չէր բավա­րա­րում հայերենի երդվյալ պաշտպաններիս (քանի որ սկզբնա­պես ունե­ցել ենք հանգամանորեն մշակված ընդգր­կուն նա­խագիծ), սա­կայն դարձավ հակառակորդների, «մար­դու իրավունքները» սխալ ըմբռնող­ների ու մեկնաբա­նողների ատե­լու­թյան առարկան (ապա­ցույց՝ Հայաս­տանի ռուսերեն մամուլի՝ մինչ օրս մերթ ընդ մերթ բոր­բոքվող հարձա­կում­ները):

Այսօր, տարիների հեռվից ակնհայտ է, որ եթե մեր լեզվական օրենսդրության հիմքը դրվեր 1990-ին (երբ սկսեց գործել ազատ ժողովրդավարության պայմաններում ձեւավորված օրենսդիր մարմինը՝ Հայաստանի Հանրապե­տու­թյան առաջին գու­մարման Գերա­գույն խորհուրդը, եւ երբ, ի դեպ, լիովին պատրաստ էր «Մաշտոց միա­վորում» հասարակական կազմակերպու­թյան «Լեզվի մասին» օրենքի հանգամանալից մի նախա­գիծ), ապա օրենքի հիման վրա ստեղծվելիք գոր­ծա­դիր մարմնի աշխատանքն էլ առավե­լ բարե­նպաստ պայմաններում կմեկ­նար­կեր:

Որպես կանոն՝ պետությունների լեզվական օրենսդրությունը փոփոխության է ենթարկվում դեպի խստացում, այ­սինքն՝ պետությու­նը ուժեղացնում է հայրենի լեզվի դիր­քե­րը, մյուս լեզուներին չզրկե­լով ազատ գործառության հնա­րա­վո­րու­թյունից, բայց ոչ ի վնաս պետական լեզվի: Օրի­նակ՝ Ռուսաստանում 1991 թ. ընդունվեց օրենք «Ռու­սաստանի Դաշնության ժողովուրդների լեզուների մասին», սա­կայն լեզվավիճակի առավել միասնական կարգավորման ան­հրա­ժեշտությունը հանգեցրեց «Ռուսաստանի Դաշնու­թյան պետական լեզվի մասին օրենքի» (20.05.2005) ընդունմա­նը, որի մեջ վերջին փոփոխությունները կատարվեցին 2023 թ. փետրվարի 28-ին: Ուշագրավը պետական լեզվի գործածու­թյան անաղարտության պահանջի խստացումն է, անհարկի փոխառությունների ներմուծման սահմանափակումը, մասնավորա­պես՝ անթույլատրելի է համարվում «ժամանակակից ռուսերեն գրա­կան լեզվի նորմե­րին չհամապատասխանող բառերի եւ ար­տա­հայտությունների գործածությունը» (հոդված 6):  

Նույն կերպ՝ Ֆրանսիայի երկրորդ՝ 1994 թ. օրենքով ֆրանսիացի գործատուն իրա­վունք է ստա­ցել աշխա­տա­վայրում արգելել օտարազգի աշ­խա­տա­կից­ներին ոչ ֆրանսե­րե­նով հաղոր­դակցվելը: Այս­տեղ չկա խտրա­կա­նություն, մարդու իրավունքների խախ­տում. Ֆրան­սի­ան թելադրում է եկվորներին իր լեզվա­մշակութային պա­հանջ­նե­րը. համաձայն չեք՝ բա­րի ճանա­պարհ: Լեզվաքաղաքականության գոր­ծա­դիր մար­մինը՝ Գլխավոր տնօրենու­թյունը հստակ է ձեւա­կերպել նպա­տակը՝ «երաշ­խա­վորել ֆրանսերենի գերիշ­խանությունը ազ­գա­յին տարած­քում»: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան բազմալեզու պետություն է դարձել, սակայն պաշտոնապես դա չի ընդունվում. օրենսդրական որոշումներն ուղղված են միակ պետական լեզվի մենաշնորհի ապա­հովմանը:

 Ահավասիկ, եթե այս՝ միանգամայն արդարացված լեզվա­քաղա­քա­­կա­նության լույսով հա­յացք նետենք Լեզվի մասին հա­յաստանյան օրեն­քին՝ կհա­մոզվենք, թե որքան հան­դուր­ժող է եղել մեր օրենս­դիր մարմինը, որ­քան մեղմ է եղել լեզվավիճակի կարգավորման մեր մո­տե­ցումը: Թե՛ տեսական դրույթների, թե՛ իրավական նորմերի ձեւա­կերպման եւ թե՛ փաստացի գործադրման առումով (Լեզվի պե­տա­կան տեսչության գործունեության մեջ)՝ մեր պե­տության լեզ­վական քաղաքականության փիլիսոփայությունը եղել է գե­րա­զան­ցապես պաշտպանողական բնույթի:

Ինչպես որ հայերս մեր դարավոր պատմության ընթաց­քում որեւէ այլ ազգի լեզվափոխ կամ հավատափոխ չենք արել, այնպես էլ լեզվական օրենսդրության ամբողջ պաթոսը եւ լեզ­վա­պահպան գործունեությունը եղել է եւ մնում է հանուն հայերե­նի եւ ոչ թե ի վնաս որեւէ այլ լեզվի: Ուստի եւ ժամանակին հա­յաս­տանյան ռու­սալեզու մա­մու­լի վարկա­բեկիչ արձագանքը, ինքնառու­սացած եւ մի­այն սեփական տեսակի վերար­տա­դրության մա­սին հոգացող, փաս­­տո­րեն՝ հայերե­նամերժ հայազ­գի­­ների կատաղի դիմադրու­թյունն ա­ռարկայական հիմք չի ու­նե­ցել. առավել եւս չունի այ­սօր, երբ լեզվական քաղաքականու­թյունը կաթ­վա­ծա­հար վիճակում է:

Անցած տարիներին Լեզվի մասին ՀՀ օրենքում կատարված  փոփոխությունները չեն անդրադառնում դրա հիմքում ընկած լեզվական քաղաքականության էության հայեցակարգային ըմբռնմանը, մի մասն էլ խմբագրա­կան բնույթի է: Վստահաբար կարող ենք ասել՝ Լեզվի մասին մայր օրեն­քը երեսուն տարվա փորձությա­նը դի­մացել է: Եվ եթե դժգոհում ենք ներկայիս վիճակից, բարձիթողի լեզ­վա­կան քաղաքականությու­նից, ապա հիմնական պատ­ճառը ոչ թե օրենսդրությունն է, այլ դրա ոչ լի­արժեք կատա­րու­մը, հատկա­պես՝ օրենքի իրա­կանացման պա­տաս­խա­նատու մարմ­նի՝ այժմ՝ Լեզվի կոմիտեի անարդյու­նավետ գործու­նեությունը:

Լրագրային հոդվածի սահմանները հարկադրում են ամփոփել ասելիքս: Բավարարվեմ երկու հարցադրումով:

Ամենից առաջ, անմիջապես շտկել ներկա իրավական խառնաշփոթը, երբ համապետական գործառույթներ իրականացնելու կոչված մարմինը արհեստականորեն ներառված-պարփակված է պետական կառավարման մեկ այլ մարմնի մեջ (շատ պետություններում այդ մարմինը, որպես կանոն, կառավարությանն է կից կամ նախագահին): Մինչ­դեռ այս մարմնի «ծննդյան» իրավական հիմ­քը չեղ­յալ չի համար­վել. գոր­ծում են ինչպես ՀՀ Գե­րագույն խորհրդի ««Լեզվի մասին ՀՀ օրենքի» կիրարկ­ման մա­սին» 30.03.1993 թ., այն­պես էլ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 19.10.1993 թ. հմ. 531 որոշում­ները: Միայն այդպես է հնարավոր ա­պահով­ել պետության լեզվաքաղականությունը մշակող, իրականացնող եւ լեզվավիճակի համապարփակ վերահսկողությունն իրականացնող հաստատության լիարժեք գործու­նակությունը եւ հան­րային դե­րա­կա­տա­րումը:

Անհապաղ հարկավոր է վերականգնվել եւ գործունեության ընդգրկուն ասպարեզ տրամադրել Հայերենի բարձրագույն խորհրդին: Հիշեցնեմ, որ մինչեւ Լեզվի մասին օրենքի ընդունումը եւ տեսչության հիմնումը լեզվավիճակի կարգավորման ասպարեզում գործում էր ՀԽՍՀ նախարարների խորհր­դին առընթեր Տերմի­նա­բանական կոմիտեն, որը լուծարվեց Տեսչու­թյան ստեղծ­ման պա­հին (թեպետ իր խնդիրների սահմանում կարող էր գոր­ծառել Լեզվի պետական տեսչությանը կից): Ինչպես վերջինիս գործունեության ծավալումը ցույց տվեց, դրա կարիքը, իսկա­պես, կար, ուստի եւ տողերիս հեղինակի նախաձեռնությամբ եւ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի սիրալիր համագործակցությամբ կոմիտեն յուրովի «վերածնվեց» որպես «Հայերենի բարձրագույն խորհուրդ»:

Տվյալ խորհուրդը իր մասնագիտացված ճյուղային եզրա­բանական հանձնա­ժողովների համատեղ աշխատանքով ար­գասաբեր եղավ հա­յերենի կա­նոնարկ­ման ասպարեզում: Հայե­րենացվեցին եւ գործա­ծու­թյան լայն շրջա­նա­ռության մեջ դրվե­ցին նոր եզրեր՝ հասա­րակական-քա­ղաքական, տնտեսագի­տական, աշխարհագրական, բժշկագիտական, կեն­սա­բա­նական, կեն­ցաղային եւ այլն (համեմատու­թյան հա­մար՝ 1996 թ. ապ­րիլ–1997 թ. ապրիլ ժամանակա­հատ­վա­ծում ընդուն­վել է 16 որո­շում, դրա­նից հե­տո ըն­դամենը՝ 6 որոշում):

Այնուհե­տեւ այս մար­մինն առհասարակ վերացավ: Իսկ այժմ, Լեզվի կոմիտեի ներկա կարգավիճակով այն չի կարող լի­նել դրա կազմում (եւ դա առանձնապես չի էլ հուզում կոմիտեի ղեկավարությանը), բայց փաստացի էլ չկա, որ պարզվի դրա կազմա­կեր­պաի­րա­վական վի­ճա­կը: Փաստորեն, մի քանի տարի շարունակ հայերենի կանո­նարկման օրենսդրա­կան պահան­ջը չի կա­տար­վում, եւ դրա համար ոչ ոք պա­տասխա­նա­տվության չի են­թարկ­վել: Հանրային եւ անհատական կյանքի բոլոր ասպարեզները հեղեղված են օտար բառերով եւ արտահայտություններով, ինչը վկայությունն է այն բանի, որ գիտության, տեխնիկայի, հաղորդակցման, սպասարկման, տեղեկատվության զանգվածային միջոցների եւ շատ այլ բնագավառներում հայերենը ինչպես հարկն է չի զարգանում, եւ չպետք է զարմանալ, եթե մի գեղեցիկ օր նախկինի պես ասվի, ասվի, թե «հայերենը գիտության լեզու չէ» (արդեն իսկ որոշ բուհերի տկարամիտ ղեկավարներ կոչ են անում հրապարակվել միայն անգլերեն):    

Անտարակույս, այս երկու հիմնախնդրի լուծումը ենթադրում է պետական մտածողության առկայություն, Հայաստանի լեզվական անկախության կարեւորության գիտակցում, իշխանական կամքի դրսեւորում եւ կառավարչական համապատասխան որոշումներ: Եվ ինքնին պարզ է, որ եթե չի կատարվում գոնե այս երկու քայլը, ապա անհնար է խոսել այն մասին, թե մեր անկախ պե­տու­թյունն ունի հստակ լեզվական քաղա­քա­կա­նություն, թե իբր պե­տությունը իրա­կան հոգածություն է դրսեւո­րում պե­տական լեզվի շա­հե­րի մասին եւ, առհասարակ, թե իբր մենք ունենք ազգային պետություն:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ, փ.գ.դ., պրոֆեսոր

ՀՀ կառավարությանն առընթեր

Լեզվի պետական տեսչության հիմնադիր պետ (1993–1998)

Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Համատեղ պատասխան Մոսկվայից

Մեզ նախ եւ առաջ այլ սահմանազատում է պետք

Ադրբեջանական դիվերսիա՝ Մոսկվայի եւ Բրյուսելի թողտվությամբ

Ռամիլսաֆարովյան սինդրոմ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    61 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Կոմիտաս-Արամ Խաչատրյան-Չառլի Չապլին

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    48 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist