1993 թ. ապրիլի 17-ին ընդունվեց «Լեզվի մասին ՀՀ օրենքը», այնուհետեւ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչությունը:
Օրենսդրական անհրաժեշտ երաշխավորում, իրավական լիարժեք հիմնավորում եւ ազդեցիկ, օրավուր հզորացող գործադիր մարմին. այսպես լիարժեքորեն ապահովված էր հայերենի կարգավիճակը՝ որպես պետական լեզու, եւ անմրցակից գործառությունը՝ որպես պաշտոնական լեզու: Բարենպաստ էր նաեւ բարոյահոգեբանական մթնոլորտը. ազգային, հոգեւոր զարթոնքը դեռ չէր մարել, հայոց գրին ու մշակույթին պարտադրաբար կամ անգիտակցորեն խորթացած հայերը զանգվածաբար դարձի էին գալիս:
Թվում էր, թե հիմք չկար չհավատալու, որ տասը, քսան տարի անցնի թե երեսուն, հայերենի դիրքերը պիտի շարունակ ամրապնդվեին՝ պետական մարմինների հոգածության եւ հասարակական կազմակերպությունների հսկողության ներքո: Հայերենը, որպես ինքնաբավ լեզվական համակարգ, իր գաղափարածին ներունակությամբ, բառակազմական ընդոծին կարողությամբ պիտի անկաշկանդորեն ծաղկեր ու զարգանար հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ ի պատասխան այդ նույն կյանքի մշտական փոփոխությունների եւ լեզվական պահանջների…
Երեսուն տարվա հեռվից հասկանում ենք, թե որքա՛ն վաղաժամ էր գոհունակությունը, որքա՛ն ծանր աշխատանք էր պահանջում հայերենի իրավունքների վերականգնումը եւ իրական պաշտպանությունը, պետական եւ պաշտոնական միակ, անմրցակից լեզվի անխոչընդոտ գործառության եւ հարատեւ հզորացման ապահովումը… Իրոք, ո՛չ օտարամոլ հայերն են պակասել՝ հայերենն անվարան ոտնատակ տվող՝ երեկ հանուն ստրկամիտ ռուսախոսության, այսօր ոչ պակաս ստրկամիտ եւ նվաստացուցիչ անգլերենախոսության, ո՛չ դրսի թշնամիներն են մոռացել, որ հայ ազգը հենց հայերենն է, որ հայ ժողովրդի հարատեւության գաղտնիքը, ամենից առաջ, հայերենն է:
Հանուն հայերենի պայքարը երբեք չի եղել որեւէ լեզվի, ազգի կամ մշակույթի դեմ (թեպետ վարկաբեկման ստոր փորձեր եղան), ոչ էլ օտար լեզվի իմացության դեմ, սակայն աներկբա է մի ճշմարտություն՝ հազար այլ լեզվի կատարյալ իմացությունը չի արդարացնում հայերենի ինքնակամ չիմացությունը: Սեփական լեզվով կամովին չարարող, ուրեմն լեզուն չզարգացնող (լավագույն դեպքում՝ կենցաղային մակարդակով բավարարվող) «հայ մտավորականը» ընդամենը լեզվական պորտաբույծ է, եւ հայ է լոկ այնքանով, որ ապրում է հայախոսների միջավայրում:
Լեզվի հանրային եւ անհատական դերակատարման մասին մեր մեծերը բազում մտքեր են արտահայտել (ընթերցողը, վստահ եմ, դրանցից շատերը գիտի), սակայն սահմանափակվենք «մեծերից մեծի»՝ Հովհաննես Թումանյանի համապարփակ բանաձեւով. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:
Այդուհանդերձ, օտարամոլ, ազգային ինքնության զգացումից զուրկ հայերը չեն գիտակցում, իսկ թշնամիները չեն մոռացել, գիտեն, որ զրկել հայ ժողովրդին ազգային, հոգեւոր, բարոյական ինքնությունից՝ նշանակում է ամենից առաջ նսեմացնել հայոց լեզուն, պղծել հայեցի լեզվամտածողությունը, նաեւ վարկաբեկել լեզվի հատուկենտ պահապաններին: Այո՛, հատուկենտ, հակառակ պարագայում ժամանակին գլխովին կուլ չէինք գնա ռուսական գաղութային դպրոցներին, իսկ հայերենը փաստացի չէր արտամղվի հանրային կյանքի կազմակերպման եւ կառավարման բոլոր բնագավառներից (որպես մխիթարանք ՀԽՍՀ Սահմանադրությամբ հռչակված լինելով պետական լեզու)…
Իսկ այժմ չվարանենք հարց տալ ինքներս մեզ. ինչու եւ ինչպես եղավ, որ նորանկախ պետության լեզվամշակութային կայացմանը հսկայական նպաստ բերող, համապետական եռանդուն գործունեություն ծավալած, հանրային մեծ հեղինակություն վայելող (նաեւ հայերենամերժ ուժերի հիմնական թիրախը դարձած) գործադիր իշխանության պետական մարմինը՝ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը 1998 թ. փետրվարյան պետական հեղաշրջումից հետո աստիճանաբար, ասես Բալզակի չարաբաստիկ «շագրենի կաշին», կրճատվեց (հաստիքներ, տնօրինած տարածք, հանրային կապեր, պատասխանատվության տիրույթ, իրեն կից գործառող հանրային խորհուրդներ, մամուլի եւ հեռուստատեսության հետ լայն կապեր, ասուլիսներ եւ այլն), կոծկվեց, խեղճացավ, եւ այսօր վերածվել է սոսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ստորադաս օղակի՝ «Լեզվի կոմիտեի»՝ սահմանափակ լիազորություններով, նվազագույն ներուժով, հանրային կյանքում աննշմար դերակատարությամբ:
«Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» ընդունման տառապագին պատմությունը մասամբ պատասխանում է այդ հարցին: Այո՛, տառապագին, նաեւ ամոթալի մի պատմություն: Մի պատմություն, որը կարող ենք բնութագրել հակիրճ՝ «Հայերն՝ ընդդեմ հայերենի»:
Ժամանակին օրենքի ընդունումը երկու անգամ ձախողվեց: Գերագույն խորհրդի կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում էլ ոչ բոլորն էին ազգանպաստ լեզվական օրենսդրության համոզված կողմնակից:
Ի հեճուկս 1988–1990 թվականների ազգային-ազատագրական զարթոնքի ոգու, ազգային արժանապատվության եւ հպարտության արթնության, հայաստանյան կիսառուսացած հայ մտավորականության մի ստվար հատված պայքարում էր Լեզվի մասին օրենք ընդունելու դեմ: Երբ օրենքի նախագիծը մտել էր ՀՀ Գերագույն խորհրդի նիստերի օրակարգ եւ դրվում էր քվեարկության, խորհրդարանում ծվարած ռուսամոլ «լիբերալները»… հակընդդեմ փաստաթուղթ էին բաժանում՝ «Ինչու չպետք է ընդունել Լեզվի մասին օրենք» խոսուն վերնագրով:
Միով բանիվ, օրենքն ընդունվեց զգալի ուշացումով: Բելառուսը, Ղազախստանը, Թուրքմենիան, Ուկրաինան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան իրենց լեզվական օրենսդրության հիմքը դրեցին 1989–91 թվականներին:
Արտառոց, անտրամաբանական, բայց անողոք մի փաստ է (նաեւ քողազերծում է հայերիս կեղծավոր-ցուցադրական, լոկ քնարական զեղումների համար վերապահված սերն առ «հայոց ոսկեղենիկ»). էթնիկապես աշխարհում ամենամիատարր երկիր Հայաստանում լեզվի պաշտպանության օրենքն ընդունվեց համառ դիմադրությամբ եւ աններելի ձգձգումներով: Առավել ցավալի է արձանագրումը, որ եթե, ասենք, Լատվիայում լեզվի օրենքի ընդունմանը խոչընդոտում էին առավելապես այլազգիները (ռուսներն ու ռուսախոս հրեաները), ապա Հայաստանում՝ բնիկ լեզվակիրներն ու պետականակիրները. մի իսկական ազգային ողբերգություն էր երեք տարի խաղացվում հայոց խորհրդարանի բեմում:
Ի վերջո՝ ունեցանք հակիրճ մի փաստաթուղթ, որը չէր բավարարում հայերենի երդվյալ պաշտպաններիս (քանի որ սկզբնապես ունեցել ենք հանգամանորեն մշակված ընդգրկուն նախագիծ), սակայն դարձավ հակառակորդների, «մարդու իրավունքները» սխալ ըմբռնողների ու մեկնաբանողների ատելության առարկան (ապացույց՝ Հայաստանի ռուսերեն մամուլի՝ մինչ օրս մերթ ընդ մերթ բորբոքվող հարձակումները):
Այսօր, տարիների հեռվից ակնհայտ է, որ եթե մեր լեզվական օրենսդրության հիմքը դրվեր 1990-ին (երբ սկսեց գործել ազատ ժողովրդավարության պայմաններում ձեւավորված օրենսդիր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդը, եւ երբ, ի դեպ, լիովին պատրաստ էր «Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպության «Լեզվի մասին» օրենքի հանգամանալից մի նախագիծ), ապա օրենքի հիման վրա ստեղծվելիք գործադիր մարմնի աշխատանքն էլ առավել բարենպաստ պայմաններում կմեկնարկեր:
Որպես կանոն՝ պետությունների լեզվական օրենսդրությունը փոփոխության է ենթարկվում դեպի խստացում, այսինքն՝ պետությունը ուժեղացնում է հայրենի լեզվի դիրքերը, մյուս լեզուներին չզրկելով ազատ գործառության հնարավորությունից, բայց ոչ ի վնաս պետական լեզվի: Օրինակ՝ Ռուսաստանում 1991 թ. ընդունվեց օրենք «Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների լեզուների մասին», սակայն լեզվավիճակի առավել միասնական կարգավորման անհրաժեշտությունը հանգեցրեց «Ռուսաստանի Դաշնության պետական լեզվի մասին օրենքի» (20.05.2005) ընդունմանը, որի մեջ վերջին փոփոխությունները կատարվեցին 2023 թ. փետրվարի 28-ին: Ուշագրավը պետական լեզվի գործածության անաղարտության պահանջի խստացումն է, անհարկի փոխառությունների ներմուծման սահմանափակումը, մասնավորապես՝ անթույլատրելի է համարվում «ժամանակակից ռուսերեն գրական լեզվի նորմերին չհամապատասխանող բառերի եւ արտահայտությունների գործածությունը» (հոդված 6):
Նույն կերպ՝ Ֆրանսիայի երկրորդ՝ 1994 թ. օրենքով ֆրանսիացի գործատուն իրավունք է ստացել աշխատավայրում արգելել օտարազգի աշխատակիցներին ոչ ֆրանսերենով հաղորդակցվելը: Այստեղ չկա խտրականություն, մարդու իրավունքների խախտում. Ֆրանսիան թելադրում է եկվորներին իր լեզվամշակութային պահանջները. համաձայն չեք՝ բարի ճանապարհ: Լեզվաքաղաքականության գործադիր մարմինը՝ Գլխավոր տնօրենությունը հստակ է ձեւակերպել նպատակը՝ «երաշխավորել ֆրանսերենի գերիշխանությունը ազգային տարածքում»: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան բազմալեզու պետություն է դարձել, սակայն պաշտոնապես դա չի ընդունվում. օրենսդրական որոշումներն ուղղված են միակ պետական լեզվի մենաշնորհի ապահովմանը:
Ահավասիկ, եթե այս՝ միանգամայն արդարացված լեզվաքաղաքականության լույսով հայացք նետենք Լեզվի մասին հայաստանյան օրենքին՝ կհամոզվենք, թե որքան հանդուրժող է եղել մեր օրենսդիր մարմինը, որքան մեղմ է եղել լեզվավիճակի կարգավորման մեր մոտեցումը: Թե՛ տեսական դրույթների, թե՛ իրավական նորմերի ձեւակերպման եւ թե՛ փաստացի գործադրման առումով (Լեզվի պետական տեսչության գործունեության մեջ)՝ մեր պետության լեզվական քաղաքականության փիլիսոփայությունը եղել է գերազանցապես պաշտպանողական բնույթի:
Ինչպես որ հայերս մեր դարավոր պատմության ընթացքում որեւէ այլ ազգի լեզվափոխ կամ հավատափոխ չենք արել, այնպես էլ լեզվական օրենսդրության ամբողջ պաթոսը եւ լեզվապահպան գործունեությունը եղել է եւ մնում է հանուն հայերենի եւ ոչ թե ի վնաս որեւէ այլ լեզվի: Ուստի եւ ժամանակին հայաստանյան ռուսալեզու մամուլի վարկաբեկիչ արձագանքը, ինքնառուսացած եւ միայն սեփական տեսակի վերարտադրության մասին հոգացող, փաստորեն՝ հայերենամերժ հայազգիների կատաղի դիմադրությունն առարկայական հիմք չի ունեցել. առավել եւս չունի այսօր, երբ լեզվական քաղաքականությունը կաթվածահար վիճակում է:
Անցած տարիներին Լեզվի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները չեն անդրադառնում դրա հիմքում ընկած լեզվական քաղաքականության էության հայեցակարգային ըմբռնմանը, մի մասն էլ խմբագրական բնույթի է: Վստահաբար կարող ենք ասել՝ Լեզվի մասին մայր օրենքը երեսուն տարվա փորձությանը դիմացել է: Եվ եթե դժգոհում ենք ներկայիս վիճակից, բարձիթողի լեզվական քաղաքականությունից, ապա հիմնական պատճառը ոչ թե օրենսդրությունն է, այլ դրա ոչ լիարժեք կատարումը, հատկապես՝ օրենքի իրականացման պատասխանատու մարմնի՝ այժմ՝ Լեզվի կոմիտեի անարդյունավետ գործունեությունը:
Լրագրային հոդվածի սահմանները հարկադրում են ամփոփել ասելիքս: Բավարարվեմ երկու հարցադրումով:
Ամենից առաջ, անմիջապես շտկել ներկա իրավական խառնաշփոթը, երբ համապետական գործառույթներ իրականացնելու կոչված մարմինը արհեստականորեն ներառված-պարփակված է պետական կառավարման մեկ այլ մարմնի մեջ (շատ պետություններում այդ մարմինը, որպես կանոն, կառավարությանն է կից կամ նախագահին): Մինչդեռ այս մարմնի «ծննդյան» իրավական հիմքը չեղյալ չի համարվել. գործում են ինչպես ՀՀ Գերագույն խորհրդի ««Լեզվի մասին ՀՀ օրենքի» կիրարկման մասին» 30.03.1993 թ., այնպես էլ ՀՀ կառավարության 19.10.1993 թ. հմ. 531 որոշումները: Միայն այդպես է հնարավոր ապահովել պետության լեզվաքաղականությունը մշակող, իրականացնող եւ լեզվավիճակի համապարփակ վերահսկողությունն իրականացնող հաստատության լիարժեք գործունակությունը եւ հանրային դերակատարումը:
Անհապաղ հարկավոր է վերականգնվել եւ գործունեության ընդգրկուն ասպարեզ տրամադրել Հայերենի բարձրագույն խորհրդին: Հիշեցնեմ, որ մինչեւ Լեզվի մասին օրենքի ընդունումը եւ տեսչության հիմնումը լեզվավիճակի կարգավորման ասպարեզում գործում էր ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական կոմիտեն, որը լուծարվեց Տեսչության ստեղծման պահին (թեպետ իր խնդիրների սահմանում կարող էր գործառել Լեզվի պետական տեսչությանը կից): Ինչպես վերջինիս գործունեության ծավալումը ցույց տվեց, դրա կարիքը, իսկապես, կար, ուստի եւ տողերիս հեղինակի նախաձեռնությամբ եւ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի սիրալիր համագործակցությամբ կոմիտեն յուրովի «վերածնվեց» որպես «Հայերենի բարձրագույն խորհուրդ»:
Տվյալ խորհուրդը իր մասնագիտացված ճյուղային եզրաբանական հանձնաժողովների համատեղ աշխատանքով արգասաբեր եղավ հայերենի կանոնարկման ասպարեզում: Հայերենացվեցին եւ գործածության լայն շրջանառության մեջ դրվեցին նոր եզրեր՝ հասարակական-քաղաքական, տնտեսագիտական, աշխարհագրական, բժշկագիտական, կենսաբանական, կենցաղային եւ այլն (համեմատության համար՝ 1996 թ. ապրիլ–1997 թ. ապրիլ ժամանակահատվածում ընդունվել է 16 որոշում, դրանից հետո ընդամենը՝ 6 որոշում):
Այնուհետեւ այս մարմինն առհասարակ վերացավ: Իսկ այժմ, Լեզվի կոմիտեի ներկա կարգավիճակով այն չի կարող լինել դրա կազմում (եւ դա առանձնապես չի էլ հուզում կոմիտեի ղեկավարությանը), բայց փաստացի էլ չկա, որ պարզվի դրա կազմակերպաիրավական վիճակը: Փաստորեն, մի քանի տարի շարունակ հայերենի կանոնարկման օրենսդրական պահանջը չի կատարվում, եւ դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Հանրային եւ անհատական կյանքի բոլոր ասպարեզները հեղեղված են օտար բառերով եւ արտահայտություններով, ինչը վկայությունն է այն բանի, որ գիտության, տեխնիկայի, հաղորդակցման, սպասարկման, տեղեկատվության զանգվածային միջոցների եւ շատ այլ բնագավառներում հայերենը ինչպես հարկն է չի զարգանում, եւ չպետք է զարմանալ, եթե մի գեղեցիկ օր նախկինի պես ասվի, ասվի, թե «հայերենը գիտության լեզու չէ» (արդեն իսկ որոշ բուհերի տկարամիտ ղեկավարներ կոչ են անում հրապարակվել միայն անգլերեն):
Անտարակույս, այս երկու հիմնախնդրի լուծումը ենթադրում է պետական մտածողության առկայություն, Հայաստանի լեզվական անկախության կարեւորության գիտակցում, իշխանական կամքի դրսեւորում եւ կառավարչական համապատասխան որոշումներ: Եվ ինքնին պարզ է, որ եթե չի կատարվում գոնե այս երկու քայլը, ապա անհնար է խոսել այն մասին, թե մեր անկախ պետությունն ունի հստակ լեզվական քաղաքականություն, թե իբր պետությունը իրական հոգածություն է դրսեւորում պետական լեզվի շահերի մասին եւ, առհասարակ, թե իբր մենք ունենք ազգային պետություն:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ, փ.գ.դ., պրոֆեսոր
ՀՀ կառավարությանն առընթեր
Լեզվի պետական տեսչության հիմնադիր պետ (1993–1998)