1912 թ. ապրիլի 10-ին բրիտանական տրանսատլանտյան «Օլիմպիկ» դասի երկրորդ՝ «Տիտանիկ» շոգենավը Սաութհեմփթոնից սկսում է իր առաջին ուղեւորությունը: Ֆրանսիական Շերբուրում եւ իռլանդական Քվինսթաունում կանգառ կատարելուց հետո նավը դուրս է գալիս Ատլանտյան օվկիանոս 1317 ուղեւորներով եւ անձնակազմի 908 անդամներով: Նավը ղեկավարում էր նավապետ Էդվարդ Սմիթը:
Նավարկության չորրորդ օրը՝ ապրիլի 14-ին, «Տիտանիկի» ռադիոկայանն ընդունում է յոթ սառցային նախազգուշացում, սակայն նավը շարունակում է ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ: Նույն օրը, ժամը 23:39-ին առաջ նայողները նավապետական կամրջակ հաղորդում են ուղիղ նավուղու վրա գտնվող այսբերգի մասին: Սակայն մեկ րոպե չանցած, տեղի է ունենում բախումը սառցալեռան հետ: Ստանալով խոշոր ճեղքեր՝ նավն սկսում է խորտակվել: Քանի որ փրկամակույկներում տեղը բավականացնում էր միայն նավի վրա գտնվողների կեսին տեղավորելու համար, դրանցում առաջին հերթին տեղավորում են կանանց եւ երեխաներին: Ապրիլի 15-ին, ժամը 2:20-ին երկու մասի բաժանված «Տիտանիկը» խորտակվում է՝ խլելով 1496 մարդու կյանք: 711 փրկվածներին օգնության է հասնում «Կարպատիա» շոգենավը: «Տիտանիկում» գտնվող վեց հայերից հաջողվում է փրկվել երկուսին՝ Դավիթ Վարդանյանին եւ Նշան Գրիգորյանին…
Դավիթ կամ Տիտանիկ (նավաբեկումից հետո նաեւ այսպես էին անվանելու նրան) Վարդանյանը նավի կործանման օրը դարձել էր 22 տարեկան: Ազատիա Վարդանյանի եւ Սիերմա Աբիկյանի զավակն ապրել է Էրզրումի մոտակայքում գտնվող Քղիի գավառակի Օրոր գյուղում, եղել է բանվոր, ամուսնացել նույն գավառակի Ճերմակ շենեցի Մարիամ Պայծառի հետ: Որպես քրիտոնյա եւ հայ՝ դժվար կյանք է ունեցել նավաբեկյալ հայորդին. նա եւ իր նմանները համարվում էին երկրորդ կարգի քաղաքացիներ եւ դաժան հալածանքների էին ենթարկվում օսմանյան Թուրքիայի մահմեդական ռեժիմի ներքո: Քաղաքական եւ կրոնական հալածանքներից դրդված, Դավիթը եւ նրա մի քանի հայրենակիցները՝ Նշան Գրիգորյանը, Արսեն Սիրականյանը, Հարություն Զաքարյանը եւ Մամփրե Զագարյանը, հարազատ բնօրրաններից փախչելով, արտագաղթում են Կանադա՝ միանալու Բրանտֆորդ մեկնած քղեցիներին, որոնք աշխատում էին տեղի ձուլարանում: Իսկ նրա կինը՝ Մարիամը, մնացել էր Քղիում:
Դավիթը, որպես երրորդ կարգի ուղեւոր, «Տիտանիկ» էր բարձրացել ֆրանսիական Շերբուր կոմունայում՝ 7 ֆունտ ստեռլինգ, 4 շիլինգ, 6 պենս արժողությանբ 2658 համարի տոմսով: Իր պնդմամբ՝ ողբերգության գիշերը նրան հաջողվում է փրկվել սովորական փրկարարական 15-րդ ծալովի պահուստային նավակով: Իսկ լողալ նա իմացել է՝ սովորել էր հայրենի գյուղի եզերքով հոսող գետակում, կարողություն, առանց որի տիրապետման, թերեւս, մահն անխուսափելի կլիներ…
Մահվան երախից փրկված հայորդին իր բախտակցի՝ Նշան Գրիգորյանի հետ մի քանի տարի ապրում է Կանադայի Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաքում, այնուհետեւ մշտապես հաստատվում Միացյալ Նահանգներում: Նա կարծում էր, որ իր կինը, որի հետ ամուսնացել էր աղետալի իր նավաբեկումից մեկ տարի առաջ, Հայոց ցեղասպանության զոհ է դարձել Քղիի կոտորածների ժամանակ: Ամեն դեպքում, վեջին հույսի փայփայումով՝ շարունակում է նամակներ գրել տուն՝ Մարիամի հետքը գտնելու հավատով: Տարիներ շարունակ համառորեն փնտրելով, ի վերջո հաջողում է պարզել, որ կինը ողջ է: Եվ այդ փնտրտուքը տեւում է 11 տարի: Ամուսինների հանդիպումը տեղի է ունենում Նիագարայի ջրվեժի Ռեյնբոու կամրջի վրա՝ կինը կանադական կողմից, ամուսինը՝ ամերիկյան: Նրանք բնակություն են հաստատում Փենսիլվանիայի Քրոուֆորդի Միդվիլ քաղաքում: Ունենում են երեք երեխա՝ Ջեք, Ռոուզ, Ալիս:
«Տիտանիկի» կործանումից փրկված Դավիթ Վարդանյանն ապրում է 76 տարի՝ 54 տարվա հրաշքով վերապրած կյանք ողբերգական այն օրվանից հետո, երբ ինքը 1912-ի ապրիլի 15-ին բոլորում էր կյանքի 22-րդ գարունը…