Ապրիլի 12-13-ին Երեւանում՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում, իսկ 14-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին եւ հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողով, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը, Հովհ. Թումանյանի թանգարանը եւ Հայաստանի գրողների միությունը:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան մի քանի տասնյակ ելույթներ՝ նվիրված թումանյանագիտությանը: Առաջին օրվա առաջին նիստում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԵՊՀ դասախոս, բ. գ. դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Թումանյանի թանգարանի տնօրեն, բ. գ. թ. Անի Եղիազարյանը, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբագիր, քիմ. գ. դ. Հովհաննես Այվազյանը եւ Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ. գ. դ. Ալբերտ Մուշեղյանը: Եղան 4 զեկույցներ: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ. գ. դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը հանդես եկավ «Հովհ. Թումանյանի մանկագրության առանձնահատկությունները» զեկույցով: Բ. գ. դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի զեկույցը՝ «Հանճարի ավագ դուստրը, Աշխեն Թումանյան», նվիրված էր բանաստեղծի դստերը, ով մշտապես եղել է հոր հետ: Զեկույցներով հանդես եկան նաեւ բ. գ. դ., պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը եւ բ. գ. դ., պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը: Ընթացքում նիստերը վարեցին տարբեր գիտնականներ: Ապրիլի 13-ին նիստը վարեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: Առաջինը ելույթով հանդես եկավ բ. գ. դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը՝ ներկայացնելով «Հովհաննես Թումանյանը եւ «մեծ հավերժի ձեռքը» հոդվածը՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի՝ հավերժ ապրող ստեղծագործությանը: Ապրիլի 14-ին գիտաժողովը շարունակվեց Թումանյանի թանգարանում՝ բ. գ. դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի նախագահությամբ: Նախօրեին Ս. Դանիելյանը ներկայացրել էր «Թումանյանը՝ «կռուախնձոր» բանաստեղծական աւանդույթի եւ գալիք օրերի բախումներում» հոդվածը: Մինչ ելույթները՝ Ս. Դանիելյանը ողջունեց ներկաներին եւ առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել նախորդ օրը վախճանված Վարդան Դեւրիկյանի հիշատակը: Այնուհետեւ Թումանյանին նվիրված հոդվածները ներկայացրեցին Գայանե Աթանեսյանը՝ բ. գ. թ., Կարինե Առաքելյանը՝ բ. գ. թ., Նունե Մանուկյանը՝ բ. գ. թ., դոցենտ, Արմեն Մանուկյանը՝ բ. գ. թ., Անի Եղիազարյանը եւ բ. գ. թ., դոցենտ Աբգար Ափինյանը:
«Անցավորի եւ անանցի թումանյանական ընկալումը» հոդվածում Գ. Աթանեսյանը ներկայացրեց մեծ հանճարի այնպիսի գործեր, որոնք ստեղծվել են Աստծո կամքով, ինչպես նշեց բանախոսը։ Այս առումով անդրադարձավ բանաստեղծի «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությանը։ Խոսելով «Դեպի անհունը» փիլիսոփայական պոեմի մասին, որը երկար տարիների աշխատանքի արդյունք է, Գ. Աթանեսյանը նշեց. «Դեպի անհունը» պոեմի կենսական մի տխուր իրողությունից բանաստեղծը գնում է դեպի կյանքի ու մահվան առեղծվածների, անմահության, հավիտենական կյանքի բարդ խնդիրների խորազնին քննության։ …Գրիգոր Նարեկացուն «Երջանկության խորհուրդը խորին» տեսնելով հանրության, Աստծո ու տիեզերքի հետ հավելելու, միանալու, իրեն մոտենալու հեռանկարի մեջ, գոյության յուրաքանչյուր վիճակ եւ՛ սկիզբ է, եւ՛ վախճան»։
«Ժողովրդական հեքիաթները Հովհաննես Թումանյանի եւ Նշան Պեշիկթաշլյանի մշակումներում» հոդվածը ներկայացնելով՝ Կ. Առաքելյանը համեմատելով անդրադարձավ 2 հեղինակների մեկնաբանություններին։ Անդրադարձավ երգիծական հեքիաթներին՝ «Քաջ Նազար», «Ձախորդ Փանոսը», «Անհաղթ աքլորը», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» եւ այլն։ Բանաստեղծի նամակներին «Հովհաննես Թումանյանի նամակներում (1885-1900) արծարծված մի քանի հիմնահարցերի քննություն» հոդվածով անդրադարձավ Նունե Մկրտչյանը։ Ներկայացնելով բազում նամակների բովանդակություններ՝ Ն. Մկրտչյանը խոսքն ամփոփեց հետեւյալ կերպ. «Թումանյանի նամակները ոչ միայն ակնթարթային կարիքների արձագանք են, այլ նաեւ ճիշտ մարդկանց հետ շփվելու, իր ժամանակ գրական մարդկանց կողմից կյանքի ըմբռնման բնույթը հասկանալու հնարավորություններ։ Դրա համար էլ թումանյանական նամակներն ուղղված են, ասես, 2 հասցեով՝ այսօրվան եւ ապագային։ …Այստեղ երեւում են բանաստեղծի գրավոր խոսքի հարստությունը, հայերեն արտահայտությունների լայն կիրառման հնարավորությունը, դարերի ընթացքում զարգացած հայոց լեզվի ճոխությունը…»։ «Երկու ճշտում «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության (1869-1908)» վերաբերյալ» հոդվածը ներկայացրեց Արմեն Մանուկյանը։ Իր խոսքում Աբգար Ափինյանը նշեց, որ Թումանյանն իր մտքերը քաղել է Տիեզերքից, եւ հավելեց՝ լոռեցիները դժվարանում են Թումանյանի գործերը կարդալ, քանի որ կեսից արտասվում են. Լոռվա սարերն ու ձորերը Թումանյանին են հիշեցնում։ «Հովհ. Թումանյանի պոեզիան ժամանակակից նշանագիտության լույսի ներքո» հոդվածում Ա. Ափինյանը ասաց. «Ուղիղ 100 տարի առաջ՝ իր ընտանիքից հեռու, հեռու իր ծննդավայրից՝ օտար մի քաղաքում մահացող Ամենայն հայոց բանաստեղծին մի ծրար բերեցին՝ Մոսկվայի հայ համայնքի եւ Հայաստանի օգնության կոմիտեի կողմից։ Հայությունն իր խոնարհումն էր հայտնում ամենամեծ հայ գրողին։ Եվ հիվանդը հազիվ շարժվող շուրթերով ասաց. «Ցանկանում եմ ավելի լավ գրողներ ունենաք, կարողանաք ավելի լավ խնամել ու գնահատել։ Ուշ եք եկել… արդեն ուժ չունեմ նույնիսկ շնորհակալություն հայտնելու….»։ Հիվանդ հոր կողքին դուստրն էր՝ Նվարդը, որ օրագիր էր պահում եւ այս գրառումն էլ ինքն արեց 1923 թ. մարտի 19-ին…»։ 2 օր անց Նվարդն իր օրագրում գրել է. «Թումանյանը հառաչել է՝ ՉՀԱՍԿԱՑԱՆ, ՉՀԱՎԱՏԱՑԻՆ… Բանաստեղծը շատ անհանգիստ էր, բայց հանկարծ ասաց. «Մեկ ուզում եմ մի բարձր սարի վրա լինեմ»։ Իսկ առավոտը խնդրեց մահճակալն էնպես դնել, որ երկինքը երեւա։ Նրան մնացել էր ապրելու եւս երկու օր, բայց իր սրտի ափսոսանքն արդեն հայտնի էր՝ չհասկացան, չհավատացին… Այդ խոսքերը, որ վերաբերում էին իր հիվանդությանը, վերաբերում էին արդեն իր կյանքին։ «Դուք ինձ չգիտեք,- ասում էր,-դուք ինձ չգիտեք…»։ Ա. Ափինյանը նշեց նաեւ՝ Թումանյանը գրել է նշանների լեզվով։ «Այսպիսով՝ ԲԱՐՁՐԸ, ԵՐԿԻՆՔԸ, ԼԵՌՆԵՐԸ Թումանյանի աշխարհի առաջնային նշաններն են, դրանց հաջորդում է ԱՇԽԱՐՀԸ ՆԵՐՔԵՎՈՒՄ, որտեղ փնտրում էր ՏՈՒՆԸ։ Սակայն աշխարհային կյանքում բանաստեղծը չգտավ ոչ տուն, ոչ էլ աշխատանք… Տուն էր երազում, ուզում էր Դսեղի մոտ՝ Իգատակում, տուն կառուցեր իր եւ իր գրող ընկերների համար։ Դա էլ չստացվեց, չունեցավ…»: Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Ա. Եղիազարյանը հանդես եկավ «Հովհաննես Թումանյանի՝ Մաշտոցյան Մատենադարանում պահպանվող հավաքածուն» հոդվածով։ Ըստ բանախոսի՝ Մատենադարանում պահպանվում է Թումանյանին պատկանող գրականություն, որ բաժանվում է 4 խմբի։ Դրանք են՝ անձնական գրադարանից գրքեր, որոնք տպագրվել են 1600-1800-ական թթ. եւ միայն կնքված են։ Կան գրքեր, որոնք Թումանյանի ընծայագրերով են։ Թումանյանն ունեցել է նաեւ մագաղաթյա մատյաններ, որոնց թվում կա 1440 թ. Ավետարան, եւ ձեռագիր նամակներն են՝ ուղղված Ստ. Մալխասյանցին, այլոց։ Հին տպագիր գրքերից է նաեւ Ներսես Շնորհալու «Հիսուս որդի» աշխատությունը՝ տպագրված Վենետիկում 1643 թ.։ Գիտաժողովն ամփոփվեց բ. գ. դ., դոցենտ Եվա Մնացականյանի ելույթով, ով ասաց՝ թումանյանագիտությունը հավերժ է եւ շարունակվելու է։ Ավարտին տեր Մինասի կողմից հոգեհանգստյան կարգ մատուցվեց Թումանյանի անմահ հիշատակին։ Ընթացքում խոսեցին Վարդան Դեւրիկյանի մասին, ում մահը մեծ ցավ է պատճառել նրան ճանաչողներին, մտերիմներին։ Հովհ. Թումանյանի թանգարանի ֆեսբուքյան էջում գրված է. «Խորը վիշտ է բոլորիս համար ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանի անժամանակ կյանքից հեռանալը։ Բացառիկ հայագետ, հայ ազգի անմնացորդ նվիրյալ, որն այնքան ծրագրեր ու նպատակներ դեռ ուներ… Որպես Հովհ. Թումանյանի թանգարանի գիտական խորհրդի անդամ՝ Վարդան Դեւրիկյանը մշտապես մեծագույն հոգածությամբ է մոտեցել թումանյանագիտությանը վերաբերող յուրաքանչյուր հարցի։ Նրա նախաձեռնությամբ եւ անմիջական ղեկավարությամբ այս օրերին տեղի է ունենում Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված եռօրյա գիտաժողովը։ Հավերժ հիշատակ Ձեզ՝ սիրելի Վ. Դեւրիկյան…»։