1946 թ. ապրիլի 18-ին գործունեությունը դադարեցրեց Ազգերի լիգան՝ առաջին միջազգային համապարփակ կազմակերպությունը, որին հաջորդեց ՄԱԿ-ը: Մեծ հաշվով՝ ի՞նչ տվեց Ազգերի լիգան Հայաստանին ու հայերին: Մեծ հաշվով՝ ոչինչ, եթե չհաշվենք նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անուրանալի գործունեությունը հայ գաղթականների փրկության, այդ թվում՝ հայրենադարձության գործում:
Ի՞նչ տվեց եւ ի՞նչ է տալիս ՄԱԿ-ը: Մեծ հաշվով՝ ոչինչ, եթե չհաշվենք տարաբնույթ բանաձեւերը, որոնք ոչինչ դրական տվեցին, եթե չասենք՝ նույնիսկ մեր դեմ էին, այդ թվում՝ Արցախի հակամարտության հարցում: Երեւի նաեւ հենց Ազգերի լիգայի ստերջությունից էր օգտվել Գերմանիայի կանցլեր, ֆյուրեր, ֆաշիզմի «լավագույն» դրսեւորումներից մեկը՝ Ադոլֆ Հիտլերը, երբ, իր բոցաշունչ ճառերից մեկում վկայակոչելով 1915 թ. հայերի ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում, հայտարարել էր, թե՝ «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»…
Այսօր, Հայոց ցեղասպանությունից, Ազգերի լիգայից, Հիտլերից բազմաթիվ տարիներ անց արդեն Արցախի գլխին է կախված ցեղասպանության այն նմանատիպ վտանգը, որի հանդեպ անտարբեր են ինչպես Ազգերի լիգային հաջորդած ՄԱԿ-ում, այնպես էլ նրա անդամ երկրներում: Այդ մասին խոսվել է բազմիցս, բայց Արցախի ադրբեջանական շրջափակումից ավելի քան երեք ամիս անց հարցը ոչ միայն չի էլ կարգավորվում, այլեւ ահռելի անտարբերություն է ձեւավորվում Արցախի եւ Արցախի ժողովրդի, նրանց շուրջ ստեղծված իրավիճակի հանդեպ: Աշխարհն անտարբեր է, իսկ մենք ինքնե՞րս…
Եթե աշխարհի պարագայում զարմանալի չի լինի, որ մի օր էլ որեւէ մեկը, օրինակ, Հիտլերին նույնիսկ արտաքինով չզիջող Ալիեւը կամ Էրդողանը կրկնեն Հիտլերի արտահայտությունը, թե՝ ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի 1915 թ. բնաջնջումը, ապա մեր դեպքում դա առնվազն կլինի ցեղասպանության կրկնությունը: Իսկ որպես ինքնարդարացում տարիներ հետո կկրկնենք հայտնի ոչ ծիծաղելի հումորը. մեկը նստում է տաքսի եւ պահանջում քշել Թուրքիա: Վարորդը զարմանում է ու հարցնում պատճառը: Ուղեւորը պատասխանում է. «Բա չգիտե՞ս՝ նրանք հայերին կոտորել են, գնում եմ վրեժ լուծեմ»: Վարորդը կրկին զարմանքով հարցնում է. «Դա 1915 թվականին է եղել»: «Քշի, ես նոր եմ իմացել, ես դրանց…»:
Սա այն իրականությունն է, որը կարող է ծնվել Արցախի հանդեպ այսօրվա մեր անտարբերությունից, երբ արդեն շրջափակված Արցախի մասին խոսելը մղվել է առնվազն երկրորդ պլան, երբ Արցախի տարածքում բարձրացված Ադրբեջանի դրոշը չենք տեսնում, բայց կենտրոնացել ենք Երեւանի մի դահլիճի բեմում անփառունակ վախճանով ծածանված ադրբեջանական մեկ այլ դրոշի վրա:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ