Բրիտանիան հոտում է եւ խեղդվում սեփական կեղտի մեջ: Այս մասին գրում է ամերիկյան «The Atlantic»-ը: Պատճառը Մարգարեթ Թետչերի օրոք սեփականաշնորհված ջրամատակարարման եւ կոյուղու մասնավոր համակարգն է: Արդեն 20 տարի հետո Բրիտանիան ջրի խիստ պակաս կունենա, իսկ շրջակա ամբողջ միջավայրն աղտոտված կլինի: Հանրային ենթակառուցվածքներում տասնամյակներ շարունակ անբավարար ներդրումների եւ վատ կառավարման պատճառով կոյուղաջրերը հոսում են գետեր եւ ծովեր:
Անգլիայում ծովափերին աստիճանաբար ավելանում են ցուցանակները, որ աղտոտվածության պատճառով կոնկրետ վայրում լողափը փակվել է: Դա արդեն սովորական դարձած տեղեկություն է, եւ ոչ ոք չի զարմանում: Թափոնները մշտապես թափվում են գետեր եւ ծովեր: «Surfers Against Sewage»-ի արշավային խումբը գործարկել է հավելված, որը երկրի օգտատերերին քարտեզի վրա կանաչ գծանշաններով եւ կարմիր արգելված խաչերով զգուշացնում է, թե որտեղ կարելի է եւ որտեղ չի կարելի ջուրը մտնել: Շատ հաճախ կարմիր խաչերն առաջանում են այն պատճառով, որ ջրի եւ կոյուղու մաքրման ընկերությունները կոյուղաջրերը թափում են ծով:
Այս պրակտիկան երկրում օրինական է, անվտանգության վերջին միջոց հորդառատ անձրեւի դեպքում՝ կանխելու կոյուղաջրերի ներթափանցումը տներ եւ ձեռնարկություններ: Ենթադրվում է, որ նման երեւույթները պետք է հազվադեպ լինեին, բայց Անգլիայի շրջակա միջավայրի գործակալության վերջին տվյալները ցույց են տվել, որ չմաքրված կոյուղաջրերն անցյալ տարի ամբողջ երկրում թափվել են ավելի քան 300.000 անգամ: Որքան էլ վատ են հնչում 2022 թ. թվերը, դրանք իրականում զարմանալիորեն ավելի լավն են, քան 2021 թ. գրանցված տվյալները: Միեւնույն ժամանակ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը չմաքրված ջրի արտանետումների կրճատումն ազնվորեն ավելի շուտ վերագրել է չոր եղանակին, քան կոյուղու եւ ջրմուղի սեփականատեր ընկերությունների գործողություններին:
Այն, որ չմաքրված կոյուղաջրերը թափվում են օվկիանոս, նորություն չէ. իսկապես, հետռազմական շրջանի մեծ մասի ընթացքում հարցը ներքին քաղաքականության խնդիր էր առափնյա շատ շրջաններում եւ՝ ոչ միայն որպես վերջին միջոց: Ավելի ուշ, երբ կեղտաջրերի մաքրման կանոններն ավելի խստացվեցին, չմշակված արտանետումների խնդրի ճշգրիտ չափին միշտ չէ, որ հեշտ էր հետեւել, հատկապես տվյալների հավաքագրման եւ մատչելիության անհամապատասխանության պատճառով: Ավելի հեշտ է չափել այն իմպուլսը, որը վերջին շրջանում ձեռք է բերել այս հանրային սպառնալիքը՝ որպես քաղաքական խնդիր:
Հասարակության տեղեկացվածության աճին զուգընթաց քննադատները մատնանշեցին մի պատճառ, որը շատ ավելի մեծ է, քան Բրիտանիայի կլիմայական բարդ պայմանները: Տասնամյակներ շարունակ ձախողված բնապահպանական քաղաքականությունը ջրամատակարարման եւ կոյուղագծերի ընկերությունների ղեկավարների գրպանները լցրել է կանխիկ գումարով, մինչդեռ Անգլիայի ջրային ուղիներն ու ափամերձ գծերը լցվել են արտաթորանքով: Եթե Միացյալ Թագավորությունում սովորաբար մշտական անձրեւոտ եղանակ է, այժմ այն ամենուր ուղեկցվում է նաեւ կորպորացիաների ագահությամբ եւ փլուզվող ենթակառուցվածքներով:
Պարզվել է, որ 2021 թ. Ուեմբերիում կոյուղաջրերի արտահոսքը տեղի է ունեցել ոչ թե փոթորկի, այլ տեղի պոմպակայանի հոսանքազրկման պատճառով։ Լողափն արագ բացվեց, եւ, ընդհանուր առմամբ, այն մնում է բավական հաճելի վայր՝ լողալու համար: Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը ջրի որակը գնահատում է որպես «գերազանց»: Այդուհանդերձ, Ուեմբերին փոթորիկներից հետո բախվել է կեղտաջրերի արտանետման խնդրի հետ: Անցյալ տարի, շրջակա միջավայրի պահպանության գործակալության վերջին տվյալների համաձայն, չմաքրված ջրերը հինգ անգամ լցվել են առվակի մեջ, որը հատում է գլխավոր լողափը: Միայն գյուղում սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով 43 անգամ կեղտոտ ջրի ուղղակի բացթողումներ են կատարվել ծով։ Եվ դա՝ ընդամենը մեկ ափամերձ գյուղում: Մեծ զարգացումները նշանակում են ոչ միայն ջրի պահանջարկի մեծացում, այլեւ կեղտաջրերի քանակի ավելացում: Ստեղծված ասֆալտապատ տարածքները հեղեղաջրերն ուղղորդում են դեպի կոյուղիներ:
Ի տարբերություն աշխարհի ցանկացած երկրի, Անգլիայում եւ Ուելսում ջրամատակարարման համակարգն ոմբողջությամբ սեփականաշնորհված է, ինչը 1980-ականներին Մարգարեթ Թետչերի կառավարության նեոլիբերալ լայն ծրագրի արդյունքն է: Այդ համակարգի քննադատները պնդում են, որ առանձին հատվածների մասնավոր սեփականատերերը երկար ժամանակ անտեսել են իրենց ձախողված ենթակառուցվածքների արդիականացումը՝ փոխարենը գերադասելով հսկայական դիվիդենտներ վճարել բաժնետերերին, բոնուսներ՝ ղեկավարներին, ինչպես նաեւ կուտակել պարտքեր: Միեւնույն ժամանակ կարգավորող մարմինները բախվել են բյուջեի կրճատումների եւ անատամության մեղադրանքներին, այդ թվում՝ իրենց իսկ աշխատակազմի կողմից:
Կոշտ խնայողության 13 հոգնեցուցիչ տարիներից հետո, որոնց հետեւեցին Բրեքսիթի քաոսը եւ քովիդային համաճարակի սարսափելի կորուստները, պահպանողականները հայտնվել են իշխանությունից հեռացվելու լուրջ վտանգի առաջ: Այժմ Բրիտանիայում լայնորեն տարածված համոզմունք կա, որ ներկայիս վարչակազմում ոչինչ իրականում այնպես չի աշխատում, ինչպես պետք է, եւ որ երկրում շատ բաներ պետք է փոխվեն: Վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում՝ պահպանողականները, կարծում են, որ Բրիտանիայի ջրամատակարարումն ու սանիտարական վիճակը պետք է կառավարի պետական հատվածը, այլ ոչ թե մասնավոր ընկերությունները։ Հիմնական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, որը կարող է իշխանության գալ, եթե պահպանողականները լրջորեն թուլանան, նույնպես քննադատել է կառավարությանը «կոյուղու սկանդալի» համար եւ խոստացել է ուսումնասիրել այն:
Որ կառավարությունն էլ, վերջապես, զբաղվի այս խնդրով, կպարզի, որ դրա համար կպահանջվեն ֆինանսական լուրջ ներդրումներ եւ քաղաքական կապիտալ: Այս խնդիրը դուրս է գալիս կեղտաջրերի մաքրման շրջանակներից: Անհանգստություն է առաջացնում ջրի կորուստը խողովակներից արտահոսքի եւ ջրանցքների փլուզման պատճառով: Մինչդեռ դա երկարաժամկետ հեռանկարում Բրիտանիայի թանկարժեք ռեսուրսի՝ քաղցրահամ ջրի բավարար քանակի ապահովման խնդիր է: Ինչպես նշվում է Լորդերի պալատի զեկույցում, շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը կանխատեսում է, որ ներկայիս միտումներով Մեծ Բրիտանիան 20 տարի հետո չի կարողանա բավարարել ջրի ներքին պահանջարկը կենցաղային կարիքների համար:
Կոյուղաջրերի խնդիրը լրջորեն ծառացել է նաեւ Հայաստանի իշխանությունների առջեւ: Գլոբալ տաքացման պայմաններում, երբ խմելու ջուրը ոչ հեռու ապագայում կդառնա այս մոլորակի ամենակարեւոր ու ամենաթանկարժեք ռեսուրսը, մենք պետք է ձգտենք մաքուր պահել մեր ջրային պաշարները: Ապագայի աշխարհում աշխարհակարգ ու քաղաքականություն ոչ թե նավթն ու գազն են թելադրելու, այլ ջուրը, եւ այդպիսի ռեսուրսներ ունեցող երկրի՝ Հայաստանի համար պարզապես հանցագործություն է այսօրվանից չնախապատրաստվել ապագայի զարգացումներին: Իսկ դրա համար պետք է մաքուր պահել քաղցրահամ ջրի շտեմարանները, առաջին հերթին՝ Սեւանա լիճը, քանզի այն մի օր կարող է դառնալ Հայաստանի այցեքարտն աշխարհում:
Ջրի կարեւորության հարցն ակնհայտ է նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսում: Ծովինարը «ջրից հղիացավ»՝ խմելով մեկ լրիվ եւ մեկ կիսատ բուռ: Այդ ջրից ծնվեցին մեր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը՝ մարմնավորելով հայոց ուժը: Ավելին՝ Սանասարն իր նժույգն ու զենքերը ձեռք բերեց ջրի տակից: Ջուրը հայոց հզորության աղբյուրը կդառնա նաեւ մոտ ապագայում, եթե կարողանանք թշնամական երախները հեռու վանել նրա ակունքներից: