Քաղաքական գործընթացները մեր տարածաշրջանում մասամբ սառեցված են, ինչը պայմանավորված է Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով։ Որպես թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար առավել խոցելին երկրի ֆինանսատնտեսական ոլորտն է, եւ քանի որ նախընտրական փուլում առավել ընդունելին խոստումներն ու տեսանելի (թեկուզ թվացյալ) զարգացում ցույց տալն է, ուստի նման քայլերից կարելի է համարել նախօրեին Ստամբուլի ֆինանսական կենտրոնի բացումը, որտեղ, ըստ նախագծի, պետք է տեղակայվեն թուրքական եւ արտասահմանյան խոշորագույն բանկերը։ Էրդողանը բացման արարողության ժամանակ վստահեցրել է, որ առաջիկա տարիներին նախագծի իրականացման արդյունքում Ստամբուլը կդարձնի աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը եւ Թուրքիան կտանի «ֆինանսական բարձրագույն լիգա»: Գեղեցիկ եւ ժամանակակից ձեւակերպումները, ինչպիսիք են՝ «սմարթ քաղաք», «ֆինանսական էկոհամակարգ» եւ այլն, ռազմավարական նշանակություն ունեն ընտրություններում հաղթելու եւ դրանից հետո ակտիվ կերպով «Մեծ Թուրան», «Նոր Թուրքիա» երազող Էրդողանի համար։
ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն անցած շաբաթ օրը TGRT հեռուստաալիքի եթերում կանխատեսումներ է արել, թե մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանը կարող է հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը՝ հաղթելով քվեարկության առաջին փուլում։ «Optimar» հասարակական կարծիքի ուսումնասիրման ընկերության ղեկավար Հիլմի Թաշդեմիրը նույնպես խոսել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի հնարավորության մասին, թեեւ, ըստ նրա, գործող նախագահը կկարողանա հաղթել երկրորդ փուլում։ «Մեր ունեցած վերջին տվյալները ցույց են տալիս, որ ընտրողների ձայների բաշխումից հետո, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, Էրդողանը հավաքում է 45.9 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.9 տոկոսը»,- ասել է նա։ Շատ վերլուծաբաններ չեն բացառում, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, քանի որ հասարակական կարծիքի հարցումների մեծ մասի արդյունքները դեռ հստակ պատկերացում չեն տալիս թեկնածուների ձայների բաշխման մասին։
Հաճախ նշվում է, որ ընտրազանգվածի համար կարեւոր նշանակություն ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանք լուծելու խոստումները, սակայն Թուրքիայի պես բազմաշերտ երկրում ընտրությունների արդյունքները կարող են անկանխատեսելի լինել։ Որոշ վերլուծաբանների դիտարկմամբ՝ Էրդողանի տնտեսական քաղաքականությունից դժգոհությունը դեռեւս բավարար հիմք չէ, որպեսզի նա պարտություն գրանցի կամ, առավել եւս, դա հանգեցնի նրա հիմնական հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկելուն։ Ամեն ինչ պայմանավորված կլինի նրանով, թե որքան գրագետ կկարողանա ընդդիմադիր թեկնածուն շահարկել գոյություն ունեցող եւ երկրաշարժի հետեւանքով բարդացած ֆինանսատնտեսական խնդիրները։ Թեեւ Էրդողանի վարած քաղաքականության նկատմամբ հիասթափությունն առկա է, սակայն ընտրազանգվածի որոշ խմբերի, հատկապես արեւմտյան քաղաքային բնակչության համար առաջնային կարող են դառնալ կրոնական, ազգային, մշակութային, քաղաքական խնդիրները։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փորձում է օգտագործել քրդական գործոնը, նա սոցիալական ցանցերում տեսաուղերձ էր հրապարակել՝ հակիրճ վերնագրով. «Քրդեր», որտեղ նա դիմել է քուրդ ընտրողներին ու քննադատել կառավարությանը։ Կհավատա՞ն, արդյոք, թեկնածուի անկեղծությանը, ցույց կտան ընտրության արդյունքները։
Վերջին տարիներին Թուրքիան վերափոխումների փուլում է պետության հիմքում ընկած կրոնական-գաղափարական հայեցակարգի ձեւակերպման առումով։ Երբ 1920-ականների սկզբին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը խզեց իսլամի եւ քաղաքականության միջեւ կապերը, ստեղծվեց բոլորովին այլ պետական միավոր։ Վերջին տարիները ցույց են տալիս, որ Էրդողանը դանդաղ, բայց հաստատապես ձգտում է թուրքական հասարակական կյանքի առանցքային հիմքերից մեկը դարձնել իսլամը՝ հեռանալով քեմալիզմից ու խարխլելով խորքային պետության ռազմադատական կապը։ Իսկ Քըլըչդարօղլուն համարվում է Թուրքիայում քեմալական շարժման առաջնորդը։
Հայաստանի վերաբերյալ թեկնածուներից որեւէ մեկի ընտրվելը որեւէ դրական զարգացում չի ենթադրում։ Էրդողանի հակահայկական քաղաքական գիծը հայտնի է, այն դրսեւորվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում, որի «գագաթնակետը» արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի դերակատարությունն էր։ Նրա քաղաքական հակառակորդը նույնպես հայտնի է իր հակահայկական ելույթներով, որտեղ մեզ մեղադրում է «ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների եւ հակաադրբեջանական գործողությունների մեջ», այլ կերպ ասած՝ սեփական հանցագործությունների հայելային արտապատկերման։ Նա տարբեր առիթներով հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ՝ կոչ անելով հարցը թողնել պատմաբանների հայեցողությանը։