Մեր օրերում պատերազմական գործողություններն առիթ են դառնում միգրացիոն շարժերի ավելացման, ինչը հեռանկարում ազդեցություն է ունենալու պետությունների ժողովրդագրական պատկերի եւ դրանցում գեներացվող գործընթացների վրա։ Միգրացիոն գործընթացները խնդրահարույց կարող են դառնալ հատկապես ազգային պետությունների համար, քանի որ յուրաքանչյուր էթնիկ խմբի մուտքը ենթադրում է որոշակի փոփոխություններ հանրային կյանքի, ընդունված արժեքների, սովորույթների եւ վարքագծի մոդելի առումով։ Ու որքան մեծ է ներգաղթած խմբի քանակը, եւ շարունակական բնույթ է կրում երեւույթը, այնքան մեծանում է աշխարհի էթնիկ-քաղաքական քարտեզի փոփոխության հավանականությունը։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2019 թ. միջազգային միգրանտների թիվը 272 մլն մարդ էր, ինչը 3.5 անգամ ավելի է, քան 1965-ին։ 2020 թ. աշխարհում եղել է շուրջ 281 միլիոն միջազգային միգրանտ, ինչը հավասար է աշխարհի բնակչության 3.6 տոկոսին: Այս միտումները հիմնավոր են դարձնում Միգրացիայի միջազգային կազմակերպության այն դիտարկումը, ըստ որի՝ 21-րդ դարը կարելի է համարել «գլոբալ միգրացիայի դարաշրջան»։ Բնականաբար, տարբեր երկրներում միգրացիոն պատկերը կարող է էապես տարբերվել։ Արձանագրված թվերը, մասշտաբների փոփոխությունը եւ միտումները հուշում են նաեւ սոցիալական եւ տնտեսական վերափոխումներով պայմանավորված ժողովրդագրական փոփոխությունը եւ այն աշխարհը, որը ձեւավորվելու է մոտ ապագայում։
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերն օրեր առաջ հայտարարել էր, որ ԵՄ-ն ներկայումս նոր միգրացիոն ճգնաժամի շեմին է, եւ կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ խնդրի լուծման համար։ Այդ մասին նա ասել է «Bild» թերթին տված հարցազրույցում։ Միգրացիոն ճգնաժամի տեսանկյունից նա առավել խոցելի է համարել Իտալիան՝ կոչ անելով Եվրամիությանն անհապաղ միգրացիոն պայմանագիր կնքել Թունիսի հետ։ «Հարյուր հազարավոր անօրինական միգրանտներ ստիպված են լքել երկիրը, բայց մնում են ԵՄ-ում, քանի որ իրենց հայրենի երկիրը նրանց հետ չի ընդունում: Այսպես չի կարող մնալ»,- շեշտել է նա՝ հիշեցնելով, որ Թուրքիայի հետ նույնպես համաձայնագիր է ստորագրվել։ «Bild» թերթը, վկայակոչելով ԵՄ սահմանային վերահսկողության «Frontex» գործակալության գաղտնի փաստաթուղթը, նշում է, որ Միջերկրական ծովով փախստականների հոսքը 2023 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճել է 300 տոկոսով։ Փորձագետները հատկապես մտահոգված են, որ, մասնավորապես, Թունիսում մաքսանենգները միջերկրածովյան ճանապարհով ավելի ու ավելի շատ միգրանտների են տեղափոխում Իտալիա։ Նման վտանգավոր ձեռնարկման հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի, այս տարի արդեն իսկ 441 միգրանտ է զոհվել։
Ուկրաինայում սկսված պատերազմը նույնպես ավելացրել է միգրացիոն հոսքը։ Անցած տարվա փետրվարի 24-ից 2023 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներում գրանցված է 7.86 մլն ուկրաինացի փախստական։ Ռուսաստան է մեկնել 2.85 միլիոն ուկրաինացի, Լեհաստան՝ 1.54 միլիոն, Գերմանիա՝ 1.02 միլիոն, Չեխիա՝ 472 հազար, Իտալիա՝ 173 հազար, Իսպանիա՝ 159 հազար։ Մեծ Բրիտանիայում, որը եվրոպական այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որն ուկրաինացիներից մուտքի վիզա է պահանջում, ապաստան է գտել Ուկրաինայի 152200 քաղաքացի։
2010-2011 թթ. արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները («Արաբական գարուն») եւ դրան հաջորդած ներքաղաքական ապակայունացումը, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները պատճառ դարձան Հյուսիսային Աֆրիկայի, Արաբական թերակղզու եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներից դեպի Եվրոպա միգրացիոն հոսքի ավելացման։ Այս ամենը հանգեցրեց 2014-2015 թթ. Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամերից մեկին։ Եթե 2000-2010 թթ. Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից անօրինական կերպով Եվրոպա էր գնում տարեկան 20-25 հազար մարդ, իսկ 2014-ին՝ 900 հազար մարդ, ապա 2015 թ.՝ 1.048 միլիոն մարդ (ըստ ԵՄ սահմանային վերահսկողության գործակալության՝ 1.8 միլիոն): Այդ տարիների ճգնաժամին ի պատասխան՝ եվրոպական գրեթե բոլոր երկրների կառավարությունները խստացրել էին միգրացիոն ստանդարտները՝ կրճատելով փախստականի կարգավիճակի թեկնածուների մնալու տեւողությունը, նպաստները եւ ամրապնդելով անօրինական ներգաղթյալներին եվրոպական ընդհանուր սահմաններից վտարելու պատժիչ մեխանիզմները: Միգրանտների հոսքը սպառնացել էր Շենգենյան գոտում ազատ տեղաշարժի մասին համաձայնագրին։
Մի կողմ թողնելով միգրացիոն հոսքերի օրինական կամ ապօրինի լինելը, պատճառներն ու ծագման երկրների վիճակագրությունը՝ կարեւոր ենք համարում այդ գործընթացից բխող զարգացումների եւ միտումների արձանագրումն ու ուսումնասիրումը։ Եթե կարճաժամկետ կտրվածքում ներգաղթյալների հոսքը կարող է դրական լինել ընդունող երկրի համար աշխատուժի, իսկ ծագման երկրների համար՝ տնտեսական, մասնավորապես՝ դրամական հոսքերի ապահովման եւ սոցիալական խնդիրների լուծման առումով, ապա հեռանկարային կտրվածքում այն մի շարք բացասական խորքային ազդեցություններ ունի։ Նախեւառաջ ազդում է ինչպես ծագման, այնպես էլ՝ ընդունող երկրների բնակչության թվաքանակի, էթնիկական, սեռատարիքային կազմերի վրա։ Ներգաղթից շահում են հատկապես գործատուները՝ ունենալով էժան աշխատուժ, մինչդեռ տեղացի աշխատողների՝ աշխատանք գտնելու հնարավորությունը նվազում է, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում հասարակության ներսում։ Տնտեսության մեջ ներգաղթյալների ներգրավումը նաեւ որոշակի կախվածության մեջ է դնում, որը կարող է խնդիր դառնալ պետության համար։ Գերմանական տնտեսության արագ զարգացման պատճառով 1955-ից աշխատուժի սղության պատճառով ԳԴՀ կառավարությունը որոշեց ներգրավել օտարերկրյա աշխատողների։ 1961-ին Թուրքիայի հետ կնքած պայմանագրի արդյունքում մեծ քանակությամբ թուրք միգրանտներ ընդունեց, որոնք այսօր ամենամեծ եւ ազդեցիկ համայնքն են դարձել։ Ի դեպ, Հայաստանում նույնպես նկատվում է որոշակի երկրներից միգրացիոն հոսք, ինչն առավել մտահոգիչ կարող է դառնալ հայերի արտագաղթի պայմաններում։ Առանց այդ էլ ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առջեւ կանգնած մեր պետության եւ ազգի համար այն ավելի վտանգավոր կարող է լինել։ Այս հարցում պահանջվում է երկրի շահերից բխող ռազմավարության մշակում՝ նոր իրողություններին համապատասխան։