Բաքու կատարած այցի ընթացքում Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ կստորագրվեն նոր պայմանագրեր ինովացիոն, կիբերանվտանգության ու կրթության ոլորտներում համագործակցության վերաբեյալ:
«Ես Իսրայելից Ադրբեջան եմ եկել երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ պատվիրակությամբ: Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ հարաբերությունները ռազմավարական են: Ուստի Իսրայելում դեսպանատան բացումից հետո որոշեցի այցելել ձեր հրաշալի երկիր: Երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները առաջին հերթին հենվում են մեր ժողովուրդների բարի հարաբերությունների վրա: Ուզում եմ եւս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել ադրբեջանական ժողովրդին հրեական համայնքի նկատմամբ վերաբերմունքի համար: Դա լավ հիմք է հարաբերությունների համար»,- ասել է իսրայելական դիվանագիտության ղեկավարը:
Այս քնարական զեղումից հետո Քոենը նշել է, որ Իսրայելն ու Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում են տնտեսության, զբոսաշրջության, անվտանգության ոլորտներում: «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է: Առեւտրային հարաբերությունները, անկասկած, կընդլայնվեն: Ես այստեղ եմ՝ այդ ներուժն իրացնելու եւ մեր երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար: Համաձայնագրեր կստորագրենք ինովացիոն, կիբերանվտանգտության ու կրթության ոլորտներում: Մեր կառավարությունները նպատակադրվել են ամրացնել երկկողմ համագործակցությունը: Իմ նպատակն է հարաբերությունները բարձրացնել մեկ այլ մակարդակի, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Ես վստահ եմ, որ կտեսնենք առաջիկա գործարար համաժողովի պտուղները»,- ասել է նախարարը, որն Ադրբեջանում մասնակցել է նաեւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ երկրի պաշտոնյաների հետ:
Այս քայլով Բաքուն հերթական անգամ ցուցադրում է, որ իրանա-իսրայելական հակամարտությունում հանդես է գալիս Թել Ավիվի դիրքերից: «ՀՀ»-ն հաճախ է նշել, որ Իսրայելն Ադրբեջանին ոչ թե ռազմավարական գործընկեր է համարում, ինչպես շեշտել է Էլի Քոենը, այլ պլացդարմ՝ Իրանի դեմ, եւ Բաքուն Թել Ավիվին չվճարած պարտք ունի: Հասկանալի է, որ փորձելով ամրապնդվել տարածաշրջանում՝ Իսրայելն իրականացնում է հակաիրանական քաղաքականություն, ինչը վաղուց է ընկալվել Թեհրանում: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ի պատասխան Բենիամին Նաթանյահուի այն հայտարարության, որ ժամանակակից Իրանը «էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում հրեական ժողովրդի համար», սպառնացել է Թեհրանի դեմ ցանկացած գործողության դեպքում կոշտ պատասխան տալ՝ ոչնչացնելով նաեւ Թել Ավիվը: «Թշնամիները, հատկապես՝ սիոնիստական ռեժիմը, զգուշացում են ստացել, որ մեր երկրի հանդեպ ցանկացած գործողություն կառաջացնի զինված ուժերի կոշտ արձագանքը եւ կուղեկցվի Հայֆայի ու Թել Ավիվի կործանմամբ»,- նրա խոսքերը մեջբերել է «Tehran Times»-ը:
Ռաիսին նաեւ ԱՄՆ-ից պահանջել է հեռանալ մերձավորարեւելյան տարածաշրջանից եւ հայտարարել է, որ իրանական բանակը «ձեռք է մեկնում» տարածաշրջանային պետություններին, որոնք շահագրգռված են խաղաղությամբ ու անվտանգությամբ: Նա կոնկրետ երկրների անուններ չի հնչեցրել, բայց, ինչպես գրում է «Times of Israel»-ը, Ռաիսին նկատի է ունեցել նաեւ Սաուդյան Արաբիային: Մարտին Թեհրանն ու Էր Ռիյադը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2016 թ.:
Ադրբեջանն Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործելու դեպքում Թեհրանը հնարավորություններ ունի Թել Ավիվի համար խնդիրներ ստեղծել այլ ուղղություններում: Իսրայելը պարտավորվել է մինչեւ իսլամական Ռամադան ամսվա վերջ (այն ավարտվում է այսօր երեկոյան), մահմեդականներից բացի, ոչ ոքի չթույլատրել՝ մոտենալու Երուսաղեմի Տաճարի համակարգին՝ լարվածության հետագա աճից խուսափելու համար: Ի դեպ, դա ամենեւին էլ չի երաշխավորում, որ Թել Ավիվին կհաջողվի կարգավորել հարաբերությունները մահմեդականների հետ: Իսրայելի ու նրա հարեւանների միջեւ լարվածությունը պահպանվում է Ալ Աքսի մզկիթի վրա իսրայելական անվտանգության ուժերի հարձակումից ու Գազայից, Լիբանանից եւ Սիրիայից պատասխան հրթիռակոծությունից հետո:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ, արտաքին քաղաքական բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը, ով առանցքային դեր է կատարում կազմակերպության ներսում քաղաքական որոշումների ընդունման մեջ եւ շարժման այժմյան առաջնորդ Հալեդ Մաշալի հնարավոր ժառանգորդներից մեկն է, խոսել է այն մասին, թե ինչու է Ռամադանի օրերին ուժեղանում բռնությունների ալիքը:
«Նախկինում միշտ համարվում էր, որ մահմեդական սուրբ Ռամադան ամիսը խոնարհման, Ալլահի հետ մերձեցման, հանգստության ու լռության ամիս է: Սակայն Ալ Աքսին իր վերահսկողության տակ վերցնելու եւ Տաճարի լեռան վրա ստատուս քվոն փոխելու իրենց փորձերով իսրայելցիներն ամեն անգամ այն վերածում են լարվածության ամսվա: Ողջ աշխարհը հերթական անգամ տեսավ, որ օկուպանտ զինվորները ներխուժեցին Ալ Աքսի մզկիթ եւ դաժան ծեծի ենթարկեցին հավատացյալներին՝ ձերբակալելով հարյուրավոր անմեղ մարդկանց: Ուզում եմ հիշեցնել, որ այժմ հակամարտությունը միայն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ չէ։ Գոյություն ունի Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծված «սիոնիստական կազմավորում» Իսրայելը, որին քաղաքական եւ ռազմական առումներով միջազգային աջակցություն են ցուցաբերում Արեւմուտքի երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն։ Բայց մյուս կողմում միայն Պաղեստինի ժողովուրդը չէ, ինչպես ընդունված է համարել: Պաղեստինցիների կողքին են միլիոնավոր արաբներ եւ միլիարդավոր մահմեդականներ աշխարհի տարբեր ծայրերից, որոնց համար Ալ Աքսիի վրա հարձակումները հավասարազոր են իսլամի վրա հարձակման»,- հայտարարել է Մուսա Աբու Մարզուկը:
Նա նշել է, որ եթե Իսրայելը կրկին ագրեսիա ցուցաբերի Պաղեստինի ու նրա ժողովրդի հանդեպ, ապա կհանդիպի լուրջ դիմադրության: «Իսրայելական ռազմական մեքենան երբեք չի կոտրի մեր կամքը: Մենք կվերականգնենք մեր իրավունքները եւ չենք հրաժարվի ազատագրության ու հայրենի հողեր վերադարձի մեր հույսերից: Օկուպացիային պետք է վերջ տալ: Միայն այդ դեպքում տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կլինի: Իսրայելին աջակցում են միայն նրանք, ովքեր նրա հետ սերտ կապերի միջոցով փորձում են պահպանել համաշխարհային հեգեմոնիան: ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան խոշորագույն շարժումն է, եւ մենք չենք կանգնի ու նայի օկուպացիայի հանցագործությանը: Մենք հիմա պաշտպանում ենք մեր ժողովրդին եւ կշարունակենք դա անել, քանի դեռ չենք վերադարձրել այն ամենը, ինչ մեզանից խլել են»,- շեշտել է Մուսա Աբու Մարզուկը:
Իսրայելի արտաքին գործերի նախարարի այցը Բաքու այն օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, խոսուն փաստ է եւ վկայում է այս ուժերի՝ Իրանի ու Հայաստանի դեմ գործողությունների մշակման մասին: Այս պայմաններում կամ կգործի Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքը, կամ, որ հավանական է, Ռուսաստանը հանդես կգա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դաշինքով…
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Թուրքիային, պետք է նշել, որ, համագործակցելով Իսրայելի հետ, նրանք իրենց վրա կբեւեռեն Մերձավոր Արեւելքի մահմեդական աշխարհի զայրույթը: