Պետությունների համար տարածքը ոչ միայն եւ ոչ այնքան քառակուսի կիլոմետր մակերես է պարզապես բնակվելու համար, որքան կենսատարածք՝ պետական միավորի սահմաններում ազգաբնակչության անվտանգ գոյության, ինքնության պահպանման, զարգացման եւ հարատեւման համար։ Ազգերի համար կենսատարածքն ունի նաեւ հոգեւոր-մշակութային բաղադրիչ, քանի որ այդտեղ են պահպանվում անցյալը, պատմամշակութային արժեքները, նախնիների աճյունը, ձեւավորվում արժեհամակարգը, գաղափարները, անհատի պարագայում՝ վարքագծի կարծրատիպերը, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։ Այդպիսով` տարածքն այլեւս դադարում է լինել բացառապես ֆիզիկական՝ դառնալով նաեւ «կենսական»։ Կենսատարածքի վերաբերյալ աշխարհաքաղաքականության հիմնարար տեսություններից մեկի համաձայն` պետությունը դիտվում է որպես կենդանի օրգանիզմ, որը ծնվում եւ զարգանում է՝ բնականաբար, ձգտելով տարածքային ընդարձակման։ Պատահական չէ, որ տարածքի/կենսատարածքի համար պատերազմներն անբաժանելի մաս են կազմել մարդկության պատմության սկզբից ի վեր՝ ցեղերի, հետագայում արդեն ժողովուրդների, ազգերի ու պետությունների համար։
Հայկական լեռնաշխարհը, որպես հայերի բնօրրան, հազարամյակներ շարունակ ապահովել է մեր ֆիզիկական անվտանգությունը, ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը։ Այդ տարածքն է բավարարել մեր՝ որպես ազգի կարիքները, հետեւաբար, 300 հազար քառակուսի մետր տարածքից մնացած, կյանքերի եւ արյան գնով պահպանված շուրջ 30 հազար քառակուսի մետրը չի կարող անվտանգ տարածք լինել Հայկական լեռնաշխարհի բնիկներիս՝ հայերիս համար։ Խնդիրն առավել առարկայական է դառնում, երբ արեւելքից եւ արեւմուտքից աքցանված ենք այնպիսի թշնամական պետություններով, որոնց նպատակը Հայաստանի եւ հայի ոչնչացումն է։ Տարիներ շարունակ մեզ պարտադրվում էր կարծրատիպ, թե միջազգային իրավունքի հիման վրա գրված փաստաթղթերի ու տարբեր բանաձեւերի համաձայն` իրավունք չունենք տեր կանգնելու մեր հայրենիքի մի հատվածին՝ Արցախին։ Սակայն միջազգային իրավունքի մասին բարձրաձայնողները լուռ ընդունեցին միջազգային եւ հումանիտար բոլոր նորմերի խախտմամբ մեզ պարտադրված պատերազմը եւ, ավելին, ի գիտություն ընդունեցին դրա արդյունքները, ընդհուպ մինչեւ 120 հազար հային հանցագործ Ադրբեջանի կազմում «ինտեգրելու» եւ դրա հետեւանքների համար պատասխանատվություն չկրելու լուծումը։ Թեպետ հնչում են Ադրբեջանի նախագահ Ալիեւին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հատուկենտ կոչեր, սակայն դրանք բախվում են նավթային եւ «խավիարային» դիվանագիտության արդյունքում կուրացած աշխարհին։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Արցախի հարցը վերջնական լուծելուց հետո (հասկանանք՝ Արցախի ամբողջական բռնակցում եւ էթնիկ զտում) «Արեւմտյան Ադրբեջանի» ուղղությամբ աշխատանքների իրականացման թեման։ Եվ որեւէ արձագանք չկա, թե ինչու է «խաղաղատենչ», «հաշտության» ձգտող Ալիեւը բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության տարածքները զավթելու մասին, մի՞թե չի վախենում ագրեսոր թվալ միջազգային հանրության առջեւ եւ վտանգում է երկրի վարկանիշը։
Միջազգային հանրության առջեւ ագրեսոր լինելուց չի վախենում նաեւ Թուրքիան։ Էրդողանը տարբեր առիթներով բարձրաձայնել է, որ «Թուրքիայի ազգային անվտանգությունն սկսվում է երկրի սահմաններից դուրս: Քանի դեռ տարածաշրջանում խաղաղություն չի տիրում, Թուրքիան չի կարող ապահով մնալ»։ Դրանից ելնելով՝ նա նվաճողական քաղաքականություն է իրականացնում տարբեր ուղղություններով, կիրառում թե ռազմական ուժը, թե տնտեսական ու մշակութային։ Վերոնշյալ բռնապետներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն մե՛զ են փորձում համոզել, որ ինքնապաշտպանությունը, անկախությունն ու արժանապատվությունը պաշտպանելն «ագրեսիա» է, յաթաղանը գլխիդ վերեւում պահածին խոնարհվելը՝ «առաջադեմ» եւ «խաղաղասիրական» վարքագիծ։
Վերջիվերջո, այդ ո՞ր միջազգային իրավունքով կամ բնության օրենքով է Ալիեւը պահանջում հայերիցս հրաժարվել ինքնապաշտպանվելու եւ սեփական կյանքն ու հայրենիքը, ապրելու տարածքը պաշտպանելու իրավունքից։ Քրիստոնեական արժեհամակարգը դատապարտում եւ մերժում է ինքնասպանությունը, այն նույնիսկ ավելի ծանր մեղք է համարում, քան ուրիշին սպանելը։ Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կա ինքնասպանության դատապարտման առանձին գլուխ։ Հայտնի է, որ մարդիկ ինքնասպանության են գնում անելանելի հոգեկան վիճակներից դրդված, այս դեպքում հայ ազգին թելադրվում է ինքնասպանության գնալ, բայց ո՞վ է ասել, որ մեզ համար վիճակն անելանելի է։ Հայը մարտիկ է, այն էլ՝ քաջ եւ ուժեղ մարտիկ, հայկական բազկի ուժի մասին են վկայում բոլոր ժամանակներում, մեր օրերում նույնպես հայ զինվորը, իսկ այս օրերին՝ հայ մարզիկների հաղթանակները վկայում են մեր ոգու եւ մարմնի ուժը։ Մեզ պակասում է մասնատված այս ուժի միավորումը, այն «թելը», որը կրկին կմիավորի հայկական օրակարգի շուրջ եւ կդարձնի գործոն։ Աքսիոմատիկ ճշմարտություն պետք է դառնա յուրաքանչյուրիս համար, որ հայ էթնոսի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար մեր բնօրրանի տարածքները, առաջին հերթին՝ Արցախը, պետք է գտնվեն մեր անմիջական վերահսկողության տակ։