Հայ նշանավոր խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին՝ կոմպոզիտոր, ալտահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը 40 տարի առաջ՝ 1983 թ., հիմնեց Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի համույթը եւ դարձավ գեղարվեստական ղեկավարը։ Լավ հիմքերի վրա գործող համույթն այսօր էլ իր ելույթներով մեծ ոգեւորություն է պարգեւում հանդիսատեսին։
Ապրիլի 22-ին Երեւանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես եկավ պետական այս համույթը՝ ներկայացնելով նաեւ նոր ստեղծագործություններ։ Հաղորդավար Կարինե Սարգսյանը, ողջունելով հանդիսատեսին, ներկայացրեց համույթի անցած ուղին։ Այժմ համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանը, տնօրենը եւ դիրիժորը՝ Փարիզի միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանը, խմբավարը՝ մեներգչուհի, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լաուրա Մամյանը, կոնցերտմայստերը՝ մեներգիչ Աշոտ Վարդանյանը։ Համույթի համերգացանկում ընդգրկված են Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու, Հավասու, Շիրինի, ինչպես եւ Հայաստանի ազգագրական տարբեր գոտիների երգերի մշակումներ, ազգային ծեսերի բեմադրություններ, հեղինակային երգեր եւ այլն։ Որպես մեներգիչներ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարգար Եղիազարյանը, Գայանե Սիմոնյանը, Էդգար Դանիելյանը, Հասմիկ Մկրտչյանը, Արսեն Համբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Գեւորգ Մարգարյանը:
Մինչ համերգի սկսվելը զրուցեցի խմբավար Լաուրա Մամյանի հետ, ով համույթի կազմավորման օրվանից անձնակազմի հետ է. «Այս տարի լրանում է մեր համույթի կազմավորման ու նաեւ իմ ստեղծագործական աշխատանքի 40-ամյակը։ Այս առթիվ մայիսին կունենամ մենահամերգ։ Համույթը 40 տարվա ընթացքում շատ համերգներով է հանդես եկել։ Եղել ենք նաեւ աշխարհի մի շարք երկրներում՝ ԱՊՀ քաղաքներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Սիրիայում եւ այլուր։ Մեր համերգային ծրագիրը բազմազան է. ընդգրկված են գուսանական, ժողովրդական, կոմպոզիտորական ստեղծագործություններ, ռազմահայրենասիրական երգեր։ Ամիսը 1-2 համերգ ենք տալիս, եւ ամեն անգամ ծրագիրը տարբեր է լինում։ Սրանից ելնելով՝ ունենք մշտական հանդիսատես, որը գիտի՝ գալու է նոր երգեր լսելու»։ Լ. Մամյանը նշեց նաեւ՝ լինելով պետական համույթ, այնուամենայնիվ, ունեն պետական աջակցության կարիք։ Հավելեց, որ 40 տարվա ընթացքում, հաղթահարելով նաեւ ամենադժվար ժամանակները, շարունակում են իրենց հայրենանվեր գործը։ Նշեց՝ կարծում է, որ արժանի են պատշաճ վերաբերմունքի, պետական պարգեւների, լուսաբանման, հատկապես որ հեռուստաընկերությունները պետք է ներկայացնեն իրենց համերգները, որպեսզի լայն հասարակությունը վայելի հրաշալի կատարումները։ Կարեւորեց նաեւ, որ համույթը տարիների ընթացքում հանդես է եկել հեղինակային ծրագրերով, օրինակ՝ գուսանական երգերի շարաններ են ներկայացնում։ Մեկ գուսանի տարբեր երգերի կատարում հնչում է նույն պահին։ Միտքն առաջացել է այն բանից, որ գուսաններն ունեն հրաշալի երգացանկ, եւ հնարավոր չէ ամբողջը ներկայացնել կարճ ժամկետի ընթացքում, որոշել են մի քանի երգ հնչեցնել նույն պահին՝ տարբեր երգիչների կատարմամբ։ Արդեն կիրառել են այս մեթոդը, որը սիրով է ընդունվել հանդիսատեսի կողմից։ Այս ծրագիրը մտահղացել է համույթի տնօրեն, պրոֆեսոր Հրաչ Նազարյանը։
Լ. Մամյանը տեղեկացրեց նաեւ, որ վերջերս Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանի առթիվ հանդես են եկել բանաստեղծ-գուսանի 20-ից ավելի երգերի միաժամանակյա կատարմամբ։ Նշեմ, որ նման ծրագրով համերգի ընթացքում ներկայացրեցին Ջիվանու երգերից։ Համերգի սկզբում հնչեց Կոնստանդին Պետրոսյանի «Հայաստան» երգը, որը վարպետորեն ու սիրով կատարեց մեներգիչ Էդգար Դանիելյանը՝ խմբի մասնակցությամբ։ Ջիվանու շարանը, որ 15 տարվա պատմություն ունի, կատարեցին Լաուրա Մամյանը եւ Դավիթ Սեդրակյանը՝ համույթի ուղեկցությամբ։ Նույն աշուղի «Աշուղ է եկել…», «Խելքի աշեցեք» երգերը հնչեցին խմբի բոլոր անդամների կողմից։ Համերգի առաջին բաժնում ներկայացվեց 10 կատարում՝ մեկը մյուսից լավ ու արժանի ծափողջույնների։
Ապրիլի 21-ին լրացավ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 58-ամյակը։ Այս առթիվ համույթի կողմից հնչեց հերոսին նվիրված «Թաթուլ Կրպեյանի հիշատակին» երգը (մենակատար՝ Լ. Մամյան)։ Միչազի «Քեռի» երգը համույթի ուղեկցությամբ հնչեց Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սան, Լ. Մամյանի աշակերտ, միջազգային մրցույթի դափնեկիր Պապին Անտոնյանի կատարմամբ եւ մեծ ոգեւորություն առաջացրեց դահլիճում։
Երկրորդ մասում նույնպես 10 ստեղծագործություն ներկայացվեց՝ ավարտվելով հայրենասիրական երգերի շարքով։ Մեներգիչ Արսեն Համբարյանի հեղինակային «Ձոն Սարդարապատի» երգը նույնպես ոգեւորիչ էր։ Ա. Համբարյանը հանդես եկավ նաեւ Գուսան Հայկազունու «Պիտի գնանք» ու այլ երգերով։ Հուզիչ էր ու վարպետորեն հնչեց Արտեմի Այվազյանի «Հեյ, Արաքսը» Գայանե Սիմոնյանի կատարմամբ։ Հայոց մեծ եղեռնի 108-ամյա տարելիցին նվիրված համերգի ընթացքում հնչեցին նաեւ գուսանական, ազգագրական, ռազմահայրենասիրական, հեղինակային ու այլ երգեր։ Համերգի վերջում հանդիսատեսին ողջունեց ու ներկայության համար շնորհակալություն հայտնեց համույթի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Գեւորգ Մանասյանը։
Համույթի տնօրեն Հ. Նազարյանը տեղեկացրեց, որ նույն դահլիճում մայիսի 31-ին կկայանա նոր համերգ՝ վստահեցնելով, որ լինելու են նոր երգեր։