ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանը, չանսալով հրադադարի կոչերին, օգտագործել է համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Ավետիսյանն իր ելույթն սկսել է շնորհակալություն հայտնելով բարոնուհի Մասեինին գերազանց աշխատանքի համար, որում նա մանրամասն ուսումնասիրել է համաճարակը եւ դրա մարտահրավերները՝ երեխաների տեսանկյունից:
«Բայց պատմությունը, որը ես ուզում եմ պատմել ձեզ, շատ պարզ է: Մարտի 23-ին, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի քարտուղարը համաճարակի պատճառով հրադադարի կոչ արեց: Ադրբեջանը լավ չհասկացավ «հրադադար» եզրույթը եւ օգտագործեց համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Բայց պատմությունը սրանով չի ավարտվում: Սա միայն ցույց տալու համար է, թե ինչպես են նրանք մտածում»,-ասել է Ավետիսյանը:
Նա շեշտել է՝ կային երեխաներ, որոնք չկարողացան իրականացնել իրենց կրթական իրավունքը, նրանք, ինչպես եւ բոլոր երեխաները ամբողջ աշխարհում, գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:
«Մեր դեպքում նրանք ավելի դաժան դասեր էին անցնում՝ իրենց վտանգի մեջ գտնվելու, իրենց տների, դպրոցների, հիվանդանոցների կործանման մասին: Սովորում էին նաեւ, որ ծնողները պետք է իրենց վերցնեն եւ մեկնեն այլ վայր, հակառակ դեպքում իրենք ուղղակի կզոհվեին: Նրանք տեսնում էին իրավիճակ, երբ գոյություն ուներ երկդիմի պատերազմ․ առաջինը՝ ընդդեմ համաճարակի, որի դեմ աշխարհում բոլորն էին պայքարում, եւ երկրորդը՝ ընդդեմ ագրեսիայի»,-նշել է Ավետիսյանը:
Առանձնացնելով որոշ թվեր՝ պատգամավորը հիշեցրել է, որ մոտ 40000 երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները ագրեսիայից պաշտպանվելու համար: Նրանցից շատերը ստիպված են եղել լքել այնքան արագ, որ անգամ չէին կարողացել իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: Նա այդ թեմայով քննարկումը շատ կարեւոր է համարել՝ շեշտելով, թե չի ուզում, որ ամբողջ աշխարհում ոչ մի երեխա գտնվի այսպիսի իրավիճակում։
«Ես ուզում եմ, որ նրանք կրթություն ստանան իրենց դպրոցներում, խաղաղ պայմաններում: Այս հարցը շատ խնդրահարույց է: Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունն օգտակար եղավ այս երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, որովհետեւ կարծում եմ, որ միայն «կարեկցանքը» այսպիսի ողբերգական պահերին, իսկապես կարող է շատ բան ասել երեխաներին իրենց ապագայի վերաբերյալ եւ ազդել ամբողջ մարդկության վրա»,-նշել է Ավետիսյանը: