«Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը, որ ասում էր՝ Եղաւ»։ Հայտնություն 16։17
«Եղավ» կամ «կատարվեց» ասել էր Հիսուսը խաչի վրա։ Այսինքն՝ կատարվում են Աստծո վերջնական որոշումները։ Մեկ անգամ Հիսուսն արդեն ասել է «կատարվեց» եւ մեկ անգամ էլ դեռ կասի։ Եվ, կատարվելուց հետո, երբ մենք մտնենք երկնային Երուսաղեմ, կավարտվեն երկրային բոլոր հոգսերն ու մտատանջությունները։
Ամեն ինչ տանում է այս ավարտին, ամեն ինչ ծրագրված գնում է նախատեսված ուղով, պատմությունը, ի վերջո, քաոս չէ, այն կանոնակարգված իրադարձությունների տրամաբանական հերթագայություն է։ Ինչպես առաջին «կատարվեց»-ից հետո, որ հնչեց Գողգոթայում, այս անգամ եւս աշխարհը ցնցվելու է չտեսնված երկրաշարժներից. «Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ, որ այնպիսի չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր»։ Հայտնություն 16։18
Իսկ երկրաշարժին կհետեւեն սարսափելի աննախադեպ ավերմունքներ. «Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։ Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չգտնուեցան։ Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը»։ Հայտնություն 16։19-21
Ըստ Անդրեաս Կեսարացու, սարերը եպիսկոպոսներն են, ովքեր այդ ընթացքում «ընդհատակ» կանցնեն։ Իսկ կղզիները թեմական եկեղեցիներն են… այսինքն, հնարավոր է՝ այս տեսարանը ներկայացված է ալեգորիաներով։ Իսկ տաղանդի չափ կարկուտն ի վիճակի է պատճառելու մեծ ավերածություններ. մեկ տաղանդը հին հունական կշռի միավոր է, որը կշռում է 16 կիլոգրամից քիչ ավելի։ Հավանաբար հենց այս կարկուտի մասին էր Աստված ասում նաեւ Հոբին Հին ուխտում. «Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես, որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար»։ Հոբ 38։22-23
Իսկ ինչո՞ւ են մարդիկ հայհոյում, աղոթելու փոխարեն։ Զղջացող մարդու համար ամեն ինչ է ի փառս Աստուծո։ Չզղջացող, չապաշխարող մարդու համար ամեն ինչ չափվում է իր գոռոզության, հպարտության գանձանակի չափման միավորով։
Մարդկային համառությունը սահման չունի։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ