«ՀՀ» նախորդ համարում («Ինչպես կայացավ երկար սպասված գործարկումը», 29. 04. 2023) անդրադարձել էինք Թուրքիայում դարի կառույց անվանված Ակկույուի ատոմակայանին, իսկ այսօր ներկայացնում ենք ժամանակին ՌԴ խորհրդարանում հնչեցված երկու կարծիք՝ Ակկույուի ռուս-թուրքական պայմանագրի կապակցությամբ:
Վլադիմիր Ժիրինովսկի.- Այն, ինչ ասացին տեխնիկական մասնագետները, բացարձակ ճշմարտություն է։ Բայց դուք հաշվի չեք առնում միջազգային հարաբերությունները եւ մեր ապագան այս տարածաշրջանում։ Եվ այստեղ է ձեր դժբախտությունը։ Եթե ինչ-որ իրավական խնդիր ծագի, թուրք իրավաբանները կասեն՝ մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ՝ ինչի մասին եք խոսում։ Նկատի ունեցեք՝ սա Արեւելքն է, այնտեղ եթե նույնիսկ 100 անգամ դուք ճիշտ չանեք, նրանք կժպտան ու կասեն, որ դուք արդարացի եք։ Դա արեւելյան երկրի հատկանիշն է՝ նրանք ձեզ հետ համաձայն են, քանի որ դուք իրենց համար եք կառուցում։ Դուք ռուսական փողերն եք ծախսում, ինչո՞ւ պիտի նրանք վիճեն ձեզ հետ։ Դուք նրանց համար ստեղծում եք ատոմային էներգետիկ բնագավառ, ինչը նրանք կյանքում երբեք չէին կարողանա ստանալ։ Հիշո՞ւմ եք՝ Չինաստանը 100 տարի առաջ թույլ զարգացած ասիական պետություն էր, ոչինչ չուներ։ Ի՞նչ կատարվեց 60 տարի անց. մենք ստեղծեցինք աշխարհում հզորագույն տերություն։ Եթե Չինաստանը երբեւիցե փորձի գրավել աշխարհը՝ տնտեսապես, ոչ ռազմական ճանապարհով, եւ դա նա կանի, դժգոհները դարի կեսերին մեզ են անիծելու, որ ռուսները ստեղծեցին այս հրեշ պետությունը։ Նույնը այսօր՝ Թուրքիան։ Թուրքիան 70 տարի առաջ 17 միլիոն բնակչություն ուներ։ Նրանք ոչինչ չունեին ընդհանրապես։ Խորհրդային Միությունը մինչեւ պատերազմը նրանց ավտոբուսներ էր մատակարարում։ Մեզ չէին բավարարում, իսկ մենք այնտեղ էինք ուղարկում։ Մենք նրանց համար կառուցեցինք նավաթավերամշակման, քիմիական գործարաններ, էլեկտրակայաններ։ Այսօր մենք ենք ստեղծել Մերձավոր Արեւելքի ամենաուժեղ պետությունը։ Թուրքական բանակն ամենաուժեղն է ՆԱՏՕ-ի կազմում։ Միլիոնանոց բանակ ունի, Գերմանիան՝ 300 հազարանոց։ Այսօր Թուրքիան է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հիմքը։ Դուք ասում եք՝ 6 տարի անց (այդ ժամանակ է սպասվում ատոմակայանի ծախսերի փոխհատուցումը), ես ձեզ ասում եմ՝ 60 տարի անց դուք ոչինչ չեք ստանա։ Այս բնակչությունն արդեն 70 միլիոն է, այնինչ 17 էր՝ զգո՞ւմ եք թվերը՝ բնակչությունը հնգապատկվել է 60 տարում։ Իսկ մենք մնացել ենք նույն վիճակում։ Նրանք էլի 5 անգամ կարող են աճել, բայց ես նվազագույնն եմ վերցնում՝ 150 միլիոն թուրք՝ 30 տարի անց։ Իսկ մենք կլինենք 100։ Իրանը կլինի 150 մլն, իսկ մենք՝ միայն 100։ Աֆղանստանը, Պակիստանի հետ՝ 200 մլն։ 500 միլիոնանոց խոշոր իսլամական պետություն՝ միավորված կրոնով։ Սա ձեր խորհրդային գաղափարախոսությունը չէ՝ Լենինի, Մարքսի դիմանկարները կախել։ Սա կրոն է՝ դարավոր, այսօր ամենաուժեղը, ամենահզորը, բոլորը՝ միավորված։ Իսկ որտե՞ղ է հակառակորդը։ Թիկունքում Հնդկական օվկիանոսն է, ուրեմն դեպի հյուսիս՝ օգնելու հավատակիցներին։ Միջին Ասիա, Պովոլժիե եւ այլն։ Դուք տալիս եք նրանց ատոմակայան. բայց ոչինչ չեք ստանա։ Տալիս էինք մինչ պատերազմը ավտոբուսներ, այժմ նրանք են մեզ ավտոբուսներ մատակարարում՝ «Մերսեդեսից» հավաքած։ Մենք՝ տիեզերք դուրս եկած ռուսներս, գնում ենք թուրքական ավտոբուսներ, որովհետեւ մերը չենք կարողանում արտադրել։ Գալիցինում, ասում եք, չկարողացանք գործարանը ստեղծել։ Օմսկում ամեն ինչ փլուզվեց։ Իսկ թուրքերը կարողացան։ Նրանց մոտ ոչինչ չի փլուզվում (ելույթը մինչ երկրաշարժն էր.- Հ. Վ.)։ Ես ձեզ ապագայի մասին եմ ասում։ Դուք ստացաք ապագան՝ 91-93 թվականներին։ Հիմա լսեք մասնագետին… Խնդիրը գոյություն ունի։ Ընթանում է Թուրքիայի իսլամացումը։ Նրանք, որպես քաղաքացիական պետություն, փորձեցին դեպի Արեւմուտք գնալ։ Նրանց չրթեցին։ Ինչո՞ւ Եվրոպան չի ընդունում Թուրքիային։ Նա վախենում է։ Իսկ ինչո՞ւ մենք չենք վախենում՝ այնտեղ ատոմային էներգետիկա հիմնադրել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ենք անում՝ նրանք պետք է մեզնից գնեն մեր ատոմակայանների ավելցուկը։ Մենք նավթավերամշակման գործարան կառուցեցինք նրանց համար Իզմիրում։ Պետք չէր, պետք էր Տուապսեում կառուցել, թող սպասեին նավթատարներին՝ թուրքական ափում։ Ամեն ինչ սխալ եք արել եւ հիմա շարունակում եք։ Ես ամբիոն եմ բարձրացել, քանի որ շարունակվում է սխալ արտաքին տնտեսական քաղաքականությունը։ Մենք ինքներս ենք մեզ համար ստեղծում հրեշ՝ մեր հարավային սահմաններին։ Չէ՞ որ նրանք կճզմեն Հայաստանին։ Կճզմեն ամբողջովին, կմիանան Ադրբեջանի հետ։ Կստեղծեն մեծ թուրքական պետություն՝ Թուրան։ Եվ մեծ իսլամական պետություն։ Դուք հասկանո՞ւմ եք, որ նրանք մեր դեմ հաճույքով կմիավորվեն, քանի որ մենք քրիստոնյաներ ենք։ Նրանք միավորման համար ամեն ինչ ունեն։ Նրանց լեզուն է միավորում։ Թուրքերենն ադրբեջանցիներն են, թուրքմենները, ուզբեկները, ղրղզները, ղազախները, թաթարները, բաշկիրները։ Պետք է հասկանալ, որ սա մեծ նշանակություն ունի։ Դա միավորում է նրանց։ Մենք միավորման ոչ մի գործիք չունենք։ Բայց զինում ենք նրանց։ Այսօր ամեն ինչ էներգիան է որոշում։ Մենք նրանց տալիս ենք ամենագլխավորը՝ էներգիան։ Այսօր ոմանք կարող են ինձ չհասկանալ, բայց ես խոսում եմ 20, 30 տարվա հեռանկարի մասին։ Կապրեն այն ժամանակ, եւ կհասկանան՝ ինչ էի ես ասում 10 թվականի նոյեմբերի 19-ին։ Երբ ինչպես Կովկասում՝ չի ստացվի։ Մեր հյուսիսկովկասյան զինղեկավարը ոչինչ չի կարողանա անել։ Որովհետեւ մենք այնտեղ կունենանք 50 հազար զինվոր, իսկ թուրքական 3-րդ ռազմադաշտային բանակը՝ միլիոն։ Եվ թուրքական բանակն արդեն իշխում է Սեւ ծովում։ Մենք այսպես խոսում ենք՝ ամեն ինչ լավ է, բայց ինչո՞վ է ամենն ավարտվում։ Ինչո՞ւ ամերիկացիները ոչ մի տեղ ոչ մի կայան չեն կառուցում։ Նաեւ՝ ոչ մի ավտոգործարան։ Փողի դիմաց էլ մեզ չտվեցին «Օպելը», որ Ռուսաստանն ավելի ուժեղ չլինի։ Ինչո՞ւ ամերիկացիները մեզնից խելոք են, իսկ մենք այսպիսին ենք՝ ամեն ինչ բաժանում ենք։ Կառուցեք, բայց ոչ այստեղ։ Պետք չէ սահմանի վրա մեզ համար նորից վիթխարի հրեշ ստեղծել։ Արեւմուտքից ՆԱՏՕ-ն է կանգնած՝ հզորագույն միավորում, Մոսկվայից 15 րոպեի թռիչքային հեռավորության վրա, հարավում կլինի 400 միլիոնանոց իսլամական բանակ, հեռավոր արեւելքում կանգնած կլինի հզորագույն բանակ՝ երկու միլիարդանոց բնակչությամբ, Ճապոնիայի հետ միասին։ Այն ժամանակ ի՞նչ է անելու Ռուսաստանը։
Սեմյոն Բաղդասարով.- Հարգելի պատգամավորներ, ես էկոնոմիկայի շուրջ շատ տարօրինակ բաներ եմ տեսնում՝ մենք մեր պետական փողերով թուրքական ինչ-որ խուլ ծայրամասում ատոմակայան ենք կառուցում, որի ներդրումները, որքան հասկացա, վերադարձվելու են, ամեն բլոկից եթե հաշվենք 15 տարի, չորս բլոկը՝ 60 տարի անց։ 60 տարի անց կստանանք փողերը, որոնք այսօր են մեզ պետք երկրի բարեփոխումներն անցկացնելու համար։ Երկրորդ՝ բոլորը գիտեն, որ Իրանից հետո, եթե այն ստացվի, երեք երկիր եւս ծավալելու են իրենց միջուկային ծրագրերը՝ հեռանկարում նաեւ ռազմական նպատակներով։ Դրանցից առաջինը Թուրքիան է։ Այնուհետեւ գալիս են Սաուդիան Արաբիան եւ Եգիպտոսը։ Այո, Թուրքիան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ է, Ատոմային էներգիայի չտարածման պայմանագրի անդամ եւ այլն։ Բայց մենք մեզ մոտ պատրաստելու ենք լավ մասնագետների՝ ի վիճակի առաջիկա 10 տարում մշակելու սեփական միջուկային ծրագիր։ Իսկ ի՞նչ է ներկայացնում Թուրքիան այսօր։ Կներեք անկեղծության համար, այսօր Թուրքիան շատ խոշոր փոփոխությունների միջով է անցնում։ Պարոն Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իր գաղափարախոսությամբ, ըստ էության, այլ բան չէ, քան «Մուսուլման եղբարները»։ Վերջինս արգելված է Ռուսաստանում։ Ինքը՝ պարոն Էրդողանը, բանտ է նստել արմատական իսլամիզմի եւ ազգային պառակտում հրահրելու համար։ Չնայած ինքը ծագումով թուրք չէ, նրա նախնիները ծագումով Կովկասից են։
Սա դեռ բոլորը չէ։ Թուրքիայի սահմանադրության մեջ դրույթ կար, որի համաձայն՝ բանակը հանդես էր գալիս որպես կայունության երաշխավոր։ Էրդողանը հանրաքվե անցկացրեց՝ հալածելով բանակային գեներալներին եւ սպաներին, որի արդյունքում այժմ ոչ մի խոչընդոտ չկա երկրի հետագա իսլամացման համար։ Գուցե դրա համար է Թուրքիան դարձել մի երկիր, որտեղ հանգրվանում են հյուսիսկովկասյան «բոեւիկները», բուժվում, անցնում լրացուցիչ պատրաստություն։ Իսկ մենք նրանց համար ատոմային կայան ենք կառուցում։ Մենք ընդհանրապես հաշվի չենք առնում պատմությունը։ Ասում ենք՝ մենք Թուրիայի հետ հրաշալի հարաբերությունների մեջ ենք։ Ժամանակին ես պատահաբար մասնակցել եմ Թուրքիայի հետ լավ հարաբերությունների մասին գրքի ստեղծմանը։ Իհարկե, դրա ամենամեծ օրինակը Լենինի օգնությունն էր Թուրքիային իր անկախությունը եւ պետությունը պահպանելու գործում։ Ես հայտնաբերեցի սարսափելի բաներ, թե այդ ինչ արեցինք մենք։ Սոված ժամանակներ, երբ Ռուսաստանին չէին բավականացնում ոչ պարենը, ոչ գումարները, ոչ զենքը, ոչ մի բան, պարոն Ֆրունզեն եւ նրա թիմը տեղափոխեցին Թուրքիա ոսկու վիթխարի քանակություն, հիմա նույնիսկ չեմ հիշում այդ ֆանտաստիկ գումարների քանակը, զենք եւ մթերքներ՝ փրկելու Աթաթյուրքի ռեժիմը այն ժամանակ, երբ հունական բանակը գտնվում էր Անկարայից 50 կմ հեռավորության վրա եւ պատրաստ էր գրավել Անկարան։ Պատմականորեն Ռուսաստանի հետ միշտ բարեկամ երկիր։ Եվ մենք օգնեցինք թուրքերին՝ հաղթելու հույներին եւ իշխանության բերելու խաբեբայի, ով ստորագրում էր՝ Աթաթուրք։ Ինչո՞ւ խաբեբայի։ Որովհետեւ առաջին՝ անմիջապես կայացվեց Մոնտրյոյի համաձայնագիրը, դրա մեջ մտնում էր նեղուցների հարցը, որտեղ թուրքերը մեզ կտրուկ սահմանափակեցին՝ հակառակ մեր սպասելիքների։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թուրքական միլիոնանոց բանակը կենտրոնացվել էր ԽՍՀՄ սահմանի վրա, եւ մենք ստիպված էինք մեծ ուժեր պահել այդ սահմանին, քանի որ գիտեինք Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ պայմանավորվածության մասին՝ ըստ որի՝ Ստալինգրադի անկումից հետո Թուրքիան պետք է մտներ Կովկաս եւ խլեր, ինչպես ինքն էր համարում, իրեն պատկանող հողերը, որ վերցվել էին պատմական թշնամի Ռուսաստանի կողմից։ Թուրքիան հսկայական տնտեսական օգնություն էր ցուցաբերում Գերմանիային՝ մասնավորապես մատակարարելով ռազմավարական նշանակություն ունեցող քրոմ։ Ոմանք գիտեն, որ այդ պատճառով Ստալինը նախատեսում էր պատերազմ Թուրքիայի հետ, որը պատմականորեն չհաջողվեց քաղաքական պատճառներով։ Չհաջողվեց ուղղել 22-ի նախկին սխալը, երբ բոլշեւիկները, բացի հսկայական նյութական եւ ռազմական օգնությունից, թուրքերին տվեցին Կարսի եւ Էրզրումի շրջանները, որոնց համար ռուսական մեծ արյուն էր թափվել։ Գուցե ոմանք կարդացել են Պիկուլի «Բայազետ» գիրքը, այնտեղ փոքր հատված կա։
Մենք բոլորս գիտենք Բալկանյան պատերազմի մասին, բայց չգիտենք Կովկասյան պատերազմի մասին, երբ ռուսական բանակը գեներալ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ արյունով վերցրեց Կարսը եւ Էրզրումը։ Կարսի մոտ նրանք քանդեցին մեր զոհերի հիշատակի հուշարձանը, որտեղ թաղված էին ռուս զինվորները։ Այն այժմ վերականգնվել է Գյումրիում, ինչպես գիտեք։ Մենք հանձնեցինք այդ ամենը, ավելին՝ հանձնեցինք Սուրմալուի գավառը, որ գիտեք, թե ինչ էր նշանակում, այն երբեք Թուրքիայի կազմում չէր եղել։ Հիմա ասում ենք՝ Թուրքիայի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Իհարկե, կլինեն, մեր հովեկներն այնտեղ հսկայական փողեր են տանում, ատոմակայան ենք կառուցում Աստված գիտե որտեղ եւ այլն։ Այնտեղ վերջերս կայացավ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նշում էր Թուրքիայի ռազմավարական թշնամիներին՝ առաջիկա 5 տարվա համար։ Շատերը մտածում էին, որ Ռուսաստանը չի մտնի այդ ցուցակ, բայց այն հաստատվեց որպես հավանական թշնամի, որի դեմ պատերազմին պետք է պատրաստվել։ Եվ մենք այդ հավանական թշնամու համար ատոմակայան ենք կառուցում։ Վերջապես, Թուրքիան չի թաքցնում, որ հավակնում է ամբողջովին դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից եւ ցանկալի է՝ նաեւ Միջին Ասիայից։ Ո՞վ է այսօր գերակայում Հարավային Կովկասում, Վրաստանում ո՞վ է Թուրքիան։ Թուրքիան կառուցել է համատեղ հայտնի գազատարը, որ գնում է Էրզրում՝ շրջանցելով Ռուսաստանը, նույնը եւ նավթատարները։ Կառուցում են ժամանակակից ճանապարհներ դեպի Աջարիա, Ջավախք։ Ի դեպ, Վրաստանը չի ընգրկվել Թուրքիայի հակառակորդների ցուցակում, ինչպեսեւ, որքան էլ պարադոքսալ է, Հայաստանը եւս այնտեղ չկա, նրան էլ են հանել։ Իսկ Ադրբեջանի մասին ավելորդ է խոսել։ Մնացել է միայն Հայաստանը, որի դեմ գնում են հայտնի խաղերը։ Մանավանդ այն ժամանակ, երբ Հայաստանի որոշ գործիչներ հանձնում էին պարգեւներ խելագար մարդկանց եւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցանկանում էին մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներին՝ Թուրքիայի հետ միասին։ Եվ այդ ժամանակ հայտնվեց այսպես կոչված Շվեյցարական արձանագրությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Ես սա ասում եմ արտգործնախարարի ներկայությամբ։ Ես հասկանում եմ Հայաստանին, որտեղ տիրում են օլիգարխները՝ բետոնախառնիչների սեփականատերերի մենթալիտետով, բայց Ռուսաստանի՞ ինչին է պետք դա։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ում ստեղծված նախագծով ենթադրվում էր Ռուսաստանին դուրս մղել իր վերջին հենարանից՝ Հայաստանից։ Եթե այդ արձանագրություններն իրականություն դառնային, հինգ-տասը տարի անց Հայաստանում եւ ողջ Հարավային Կովկասում այլեւս չէին լինի ընդհանրապես ոչ Ռուսաստանի ռազմաբազաները, ոչ ռուսական որեւէ ազդեցություն։ Լավ է, որ տապալվեց այդ նախաձեռնությունը հենց ամերիկացիների ձեռքով, քանի որ ճիշտ նույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովն ընդամենը մի ձայնի տարբերությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, իսկ դրանից հետո հանձնաժողովի նախագահի տեղակալ պարոն Շերմանն այնպիսի հակաթուրքական հայտարարությամբ հանդես եկավ, որ թուրքերի մեջ հիստերիա առաջացրեց։ Միաժամանակ Շվեդիայի խորհրդարանը եւս ընդունեց հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանության մասին բանաձեւը, երբ միլիոնի չափ հույներ եւ հարյուր հազարավոր ասորիներ, եզդիներ սպանվեցին, նաեւ ռուս մոլոկանների, որոնք միշտ գտնվում էին ռուսական բանակի «արիերգարդում», նրանց նույնպես մորթեցին։ Եվ մենք ցանկանում ենք այդ երկրի հետ նրանց համար ատոմային ծրագիր ստեղծել։ Սա այժմ արդեն ուժեղ պետություն է, որը մեզ համարում է իր հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդը, բացատրեք ինձ՝ ինչի՞ համար ենք մեր հակառակորդի համար ատոմակայան կառուցում։ Չէ՞ որ դա քաղաքական նախագիծ է, ոչ թե փող աշխատել, այն էլ՝ սեփական վարկավորմամբ։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ