Համաշխարհային վերջին մայրաքաղաքն անվանված է Բաբելոն. հավանաբար, այն պատճառով, որ առաջին Բաբելոնի ժամանակներում էր, որ փորձ արվեց կառուցել համընդհանուր մի աշխարհ՝ առանց Աստծո։ Բաբելոնյան աշտարակը հին աքքադերեն «բաբիլի» անվանումը նշանակել է Աստծո դարպասներ։ Այս ստուգաբանությունն էլ բացատրում է բաբելոնյան աշտարակաշինության իմաստը՝ հասնել Աստծուն եւ նստել Նրա տեղը, Նրա աթոռին։ Այն ժամանակ Տերն այս մտահղացումը վիժեցրեց, սակայն վերջին օրերին կարծես «պատմությունը կրկնվում է»։ Միայն թե Բաբելոն է դառնալու ողջ մոլորակը։ Ցանկություն կար եւ կա՝ նվաճելու եւ տիրելու ոչ միայն երկրի վրա, այլեւ երկնքում։ Բաբելոնյան աշտարակը մարդկային գոռոզության խորհրդանիշ է։
«Անմտություն»-ահա այն դարպասը, որով մուտք է գործում չարը։ Այսպիսի անմտությամբ էլ փորձ է արվում ապացուցել, որ մենք աստվածներ ենք։ Փորձում են մեզ համոզել, որ եթե մենք գիտակ լինենք մոգական խորհուրդների, ունենանք բանալիները խորհրդավոր գաղտնիքների, ապա կարող ենք դառնալ աշխարհի տիրակալներ, իսկ Աստված այս ամենին խոչընդոտ է միայն…
«Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը»։ Հայտնություն 17։5
Ընկած, անհավատ մարդուն գրավում է գաղտնիության խորհրդավորությունը։ Կան բազմաթիվ եկեղեցիներ իրենց հոգեւորականներով, կարելի է մտնել տաճար, աղոթել, խոստովանել, հաղորդություն ստանալ, մկրտվել, հարցնել, ստանալ պատասխաններ… մի խոսքով՝ ճանաչել Աստծուն։ Բայց ոչ, մեկնում են Տիբեթ, շնչում մի քթանցքով՝ իբր, մաքրելով ուղեղը, գիտակցությունը, անդամակցում են գաղտնի միավորումների… որովհետեւ մարդն իր գոռոզությամբ ու տգիտությամբ վստահ է, թե ինքն է ամենալավն ու կատարյալը, ինքն արժանի է՝ իմանալու խորհրդավորության գաղտնիքը…
Չէ՞ որ քրիստոնեությունն ունի իր հրաշալի խորհուրդները՝ հաղորդության խորհուրդը, մկրտության խորհուրդը, խոստովանության խորհուրդը, պսակադրության խորհուրդը…, որոնք տրվում են բոլորին։ Իսկ սատանայի խորհուրդը կեղծիքն ու սուտն է, չարքերի աճպարարությունը, ծխածածկույթով պարուրված խորհրդավորություն… այսինքն՝ բացարձակ եւ համատարած խարդախություն։
Հայտնության գրքում հազվադեպ ենք հանդիպում, երբ Հովհաննես առաքյալը ցույց է տալիս իր զգացմունքը, մեկ՝ հինգերորդ գլխի սկզբում, երբ ավետարանիչը լաց է լինում այն պատճառով, որ չի գտնվում մեկը, ով. «Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու (եւ կարդալու) եւ ոչ նորա մեջ նայելու»։ Հայտնություն 5։4
Եվ՝ այժմ, երբ Հովհաննեսը զարմանում է. «Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։ Եւ հրեշտակն ասեց ինձ. Ինչո՞ւ համար զարմացար. ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը»։ Հայտնություն 17։6-7
Սա կնոջ մութ կողմերը կրող տեսակն է, որը տարածում է իշխանություն, այլասերություն եւ ատելություն օրհնության հանդեպ։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ