Հայկական երկու պետությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ առկա խնդիրները քաղաքական գործիքակազմով լուծելու օգտին: Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը, հատկապես արցախյան հիմնահարցի լուծման ողջ պատմության ընթացքում, առաջնորդվել են ուժի չկիրառման սկզբունքով: Նախորդ դարի 90-ականների սկզբում մեր հաղթական պատերազմի սանձազերծողը նույնպես Ադրբեջանն էր:
Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի սանձազերծած վերջին ագրեսիայից եւ եռակողմ հայտարարության ընդունումից հետո թյուրքական երկու պետություններն առնվազն շաբաթական կտրվածքով հայտարարում են, թե հակամարտությունն անցյալում է, եւ անհրաժեշտ է տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունն ու երկրների միջեւ սկսել համագործակցությունը: Սակայն, ինչպես միշտ, այս դեպքում էլ նրանց խոսքերը եւ գործերը լիովին հակասում են իրար:
Հրադադարի հաստատումից ի վեր Թուրքիան եւ Ադրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ զորավարժությունն են իրականացնում Հայաստանի եւ Արցախի սահմանների մոտ: Վերջինն անցկացվեց Նախիջեւանում՝ հունիսի 21-23-ը: Հատուկ տակտիկական վարժանքներին մասնակցեցին Նախիջեւանի կայազորի զորքերի եւ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական ղեկավարման ստորաբաժանման սպաները: Զորավարժությունների ընթացքում գործողություններ են իրականացվել մարտական կառավարման կենտրոնի կատարելագործման նպատակով նախատեսվող միջոցառումների մասով: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը տարածեց եւս մեկ նմանատիպ հայտարարություն, ըստ որի՝ իր զինված ուժերում թուրք մասնագետների աջակցությամբ ստեղծվելու են թիկունքային դիվերսիոն գործողություններ իրականացնող ստորաբաժանումներ:
Վերոշարադրյալից միանշանակ կարելի է եզրակացնել, որ թյուրքական երկու պետություններն իրականում մեծացնում են իրենց ռազմական ներուժը, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ պատրաստվում են նոր ագրեսիաների: Միանշանակ է, որ նրանք հենց ագրեսիայի են նախապատրաստվում, քանի որ երբեւիցե տարածաշրջանային ոչ մի երկիր չի հարձակվել իրենց վրա: Միշտ եղել է հակառակը՝ թյուրքական պետություններն են մշտապես եղել նախահարձակ, ինչը փաստում է պատմության ընթացքում նրանց ողջ զավթողական գործողությունների մասին:
Հետեւաբար՝ մեծ հաճախականությամբ խաղաղության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր հարեւան երկու պետությունները նույն հաճախականությամբ էլ իրականացնում են ռազմական գործողությունների նախապատրաստման զորավարժություններ: Թուրքիան անընդհատ մեծացնում է ռազմական արդյունաբերության ծավալները՝ արտադրելով սպառազինության նոր տեսակներ: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում թուրքական բանակը համալրվեց հականավային կառավարվող հրթիռներով եւ սեփական արտադրության նոր ուղղաթիռներով: Դրան զուգահեռ վերջինս իրականացնում է նաեւ արտասահմանյան ժամանակակից սպառազինության ձեռքբերում:
Այս իրավիճակը Հայաստանին եւ Արցախին պարտադրում է օպերատիվ կերպով իրականացնել հնարավոր ագրեսիաներին դիմակայելու առավելագույն միջոցառումներ: Երկու հայկական պետությունների ռազմական արդյունաբերության խթանումը եւ ժամանակակից պատերազմներում հնարավոր ագրեսիաներին դիմակայելու համար համապատասխան սպառազինության ձեռքբերումն օրախնդիր է: Ըստ անհրաժեշտության պետք է դիվերսիֆիկացվեն նաեւ լավագույն զինատեսակների ձեռքբերման շուկաները: Առաջնային են դառնում նաեւ մերօրյա իրավիճակին համահունչ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության դոկտրինի արդիականացումը, ագրեսիաներին հակազդելու նոր, գործուն մեխանիզմների ներդրումը: