2006 թվականին կրկեսային հերթական ներկայացումը կարող էր ավարտվել ողբերգությամբ. վերահսկողությունից դուրս եկած սարսափազդու վագրը հարձակվում է Արթուր Բաղդասարովի վրա, բազմաթիվ վնասվածքներ հասցնում երիտասարդ կենդանավարժին: Բարեբախտաբար, նրա փորձառու եւ գիշատիչներին սանձահարող անվանի հորը հաջողվում է ձայնային հրազենից արձակված կրակոցներով ստիպել հոշոտման բնազդն արթնացրած գազանին՝ բաց թողնել իր զոհին: Բժիշկներից մեծ ջանքեր են պահանջվում՝ փրկելու Արթուրի կյանքը…
Իսկ ո՞վ էր նրա հայրը. Միխայիլ Բաղդասարով՝ ռուսական կրկեսի դերասան, գիշատիչ կենդանիներ վարժեցնող, կրկեսային բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող, «Սասունցի Դավիթ»-«Վագրեր-շոու» կրկեսային համարների ստեղծող եւ ղեկավար, Հայկական ԽՍՀ վաստակավոր եւ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավար՝ ծնված Բակուրակերտ՝ Բաքու քաղաքում: Վաղ մանկության երազանքն էր դառնալ կենդանիներ վարժեցնող, ավելի մոտիկից շփվել իր համար այնքան սիրելի բնության անլեզու այդ արարածների հետ, սովորեցնել, վարժեցնել ու իր կամքին ենթարկել նրանց: Եվ տակավին տասնվեց տարեկանում ոտք է դնում այն կրկես, որտեղ աշխատում էին խորհրդային անծայրածիր երկրով մեկ ճանաչված կենդանի վարժեցնողներ Մարգարիտա Նազարովան եւ Կոնստանտին Կոնստանտինովսկին: Վտանգավոր գիշատիչների հետ վարվեցողության մեջ ցուցաբերած խիզախությունն ու յուրօրինակ տաղանդը երաշխիք ու նախապայման են դառնում, որպեսզի Մարգարիտա Նազարովնան հայազգի սկսնակին ընդգրկի իր խմբում եւ շուրջ տասը տարի աշխատի նրա հետ:
Անցնելու էին փորձառության տարիները: Բաղդասարովն այնքան էր հմտանալու նախընտրած մասնագիտության մեջ, որ սկսած 1973-ից հանդես էր գալու ինքնուրույն ծրագրով: Առաջին աղմկալի հաջողությունը գրանցելու էր 1979 թվականին՝ ներկայացնելով կրկեսային իր նոր համարը՝ «Սասունցի Դավիթ» հոգեհարազատ անվանումով: Համարում հանճարեղ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության ներքո կրկեսային հրապարակ է բերում առյուծներին, վագրերին, հովազներին, յագուարներին, ընձառյուծներին եւ պումաներին: Մինչ այդ չեղած, չտեսնված ներկայացում, երբ ամենատարբեր «բնավորության» բազմաթիվ ու խայտաբղետ գույներով գիշատիչներ համերաշխորեն ասպարեզ են մտնում՝ ենթարկվելով վարժեցնողի կախարդական հրահանգներին: Գազանների «խաղը» ցնցող էր, աներեւակայելի, բայց՝ իրական: Կրկեսի բազմահազար սիրահարները նույն հիացումն էին ապրելու 1991-ի հոկտեմբերին Միխայիլ Բաղդասարովի ներկայացրած «Վագրեր-շոու» զարմանահրաշ համարը դիտելուց հետո՝ 18 ուսսուրիական վագրեր՝ հլու-հնազանդ կատարածուներ մարդկային մտահղացումների ու հզոր կամքի: Այս ծրագրում գլխավոր վարժեցնողի օգնականի դերում հանդես է գալիս Միխայիլի դուստրը՝ Կարինա Բաղդասարովան: 1994-ից «Վագրեր-շոու» համարում ընդգրկվում է նաեւ Արթուրը՝ համբավավոր կենդանավարժի որդին: Հենց այս շոուի ներկայացման ժամանակ է, որ վերահսկողությունից ձերբազատված ահռելի կատվազգին՝ ուսսուրական վագրը, կատաղորեն հարձակվում եւ տապալում է կրտսեր Բաղդասարովին, որի կյանքն ու ձեռքը փրկվում է՝ նախ շնորհիվ հոր անմիջական միջամտության, ապա՝ բժիշկների:
Գազաններ վարժեցնող կրկեսային հանրահայ դերասանը կյանքին հրաժեշտ տվեց երկու տարի առաջ: Ռուսական կրկեսը զրկվեց մեծ վարժեցնողից, իսկ նրա տաղանդավոր զավակները շարունակում են քայլել հայրական ոտնահետքերով… Կհասնե՞ն նրանք հայրական փառքին. ժամանակը ցույց կտա…