Վաշինգտոնյան քառօրյա հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում որոշակի փաստաթուղթ չձեւավորվեց: Վերլուծելով քննարկումների վերաբերյալ տարածված հաղորդագրությունները՝ կարելի է եզրակացնել, որ հստակեցվել են միայն փաստաթղթի ձեւաչափը եւ հիմնական կետերը: Քննարկումների արդյունքով ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ եղել է փոխըմբռնման առաջընթաց, բայց նաեւ արձանագրվել է, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնեց, որ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են մի շարք կոշտ հարցեր եւ հաստատել են շոշափելի գործընթաց կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ: Նրա խոսքով՝ խաղաղության վերջնական պայմանագիրը պատմական կլինի եւ դրական ազդեցություն կունենա երկու երկրների համար ու նրանց սահմաններից դուրս: ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շատ մոտ են պայմանագրի ստորագրման վերջնագծին՝ ընդունելով, որ մնացել է դժվարագույն՝ մարաթոնի վերջին մղոնը:
Ավելի ուշ Բլինքենը թվիթերյան էջում գրեց, որ արդյունքի հնարավոր է հասնել լրացուցիչ փոխզիջումների միջոցով: Այս հայտարարությունը կարող է նշանակել միայն մեկ բան, որ Ադրբեջանը լրացուցիչ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, քանի որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այլ հարց է, թե որն է այդ ամբողջականությունը: Կարելի է ենթադրել, որ հերթական անգամ հայ-ադրբեջանական բանակցություններում հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել ադրբեջանական կողմի առավելապաշտական մոտեցումների պատճառով:
Գնդակն Արեւմուտքից կրկին վերադարձավ ՌԴ դաշտ, քանի որ մայիսին նախատեսվում է ինչպես Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը նույն մայրաքաղաքում: Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ից հայտարարություններ հնչեցին, թե պետք է չանտեսել փաստը, որ խաղաղությունը հաստատվել է ՌԴ միջնորդությամբ, եւ Արցախում կանգնած են ռուս խաղաղապահները, բայց այն չի նշանակում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է լինի ՌԴ-ի մենաշնորհը:
Վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում ըմբռնում կա՝ Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու հարցում պետք է ոչ թե մրցակցել Մոսկվայի հետ, այլ համագործակցել: Այս տեսանկյունից էլ գնդակը Ռուսաստանի դաշտում է՝ կընդունի՞ ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը, որը կարգավորման միակ արդյունավետ ուղին է:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ