Օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը (երրորդ անգամ՝ վերջին երեք տարում) կոչ է արել չշտապել ղազախերենից լատիներեն գրության անցման հարցում: Նա միաժամանակ շեշտել է, որ Ղազախստանն արդեն հասցրել է ոչ քիչ կոպիտ սխալներ գործել այդ ճանապարհին: Սակայն շատ մեկնաբաններ նախագահի հայտարարության մեջ տեսել են ոչ միայն կոչ՝ հետաձգելու այդպիսի անցումը, այլեւ ակնհայտ ազդանշան՝ ծրագրի իրականացումը թողնելու ավելի լավ ժամանակների: Եվ դա հասկանալի է. այբուբենի բարեփոխումը դարձել է ամենասկանդալային, ծախսատար եւ բացահայտ ձախողված գործերից մեկը վերջին տասնամյակում Նույն ոգով շարունակելը նշանակում է ունենալ չափազանց անցանկալի հետեւանքներ:
Գաղափարն ինքնըստինքյան զուրկ չէ իմաստից: Ինչպես կարծում են փորձագետները, ովքեր մասնակցել են թեմայի քննարկմանը, այդ նախաձեռնության հաջող իրականացումը կարող է ռազմավարական առումով արդարացված լինել երկարաժամկետ հեռանկարում: Որպես միջազգային ունիվերսալ այբուբեն, որից օգտվում է մոլորակի բնակչության կեսից ավելին եւ որի վրա հենվում են հաշվողական եւ հաղորդակցային բոլոր համակարգերը, լատիներենը Ղազախստանին հնարավորություն կտա ավելի արագ ինտեգրվել միջազգային հանրությանը՝ որպես նրա լիարժեք անդամ՝ դրանից բխող բոլոր օգուտներով, այդ թվում՝ առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության առումով:
Այս բոլոր օգուտները, սակայն, լավագույն դեպքում կարող են ստանալ ապագա սերունդները: Ղազախստանի այսօրվա հանրության համար նման վերադասավորումը, որը կարող է ձգձգվել տասնամյակներով, կարող է շատ ցավագին լինել: Առավել ծանր վիճակում կհայտնվեն այն էթնիկ ղազախները, որոնք գիտելիքներ են ստացել հարազատ լեզվով եւ ակտիվորեն օգտագործում են այն իրենց պրոֆեսիոնալ կամ ուսումնական գործունեության մեջ: Կապված դրա հետ՝ զուգահեռ գոյություն կունենա երկու այբուբեն, ինչը հղի է բազմաթիվ այլ խնդիրներով: Կա նաեւ ռիսկ, որ ղազախական հանրությունը կբաժանվի երկու մասի՝ նոր այբուբենն օգտագործողների եւ հնի բազայի վրա մնացած մարդկանց: Որպես օրինակ՝ կարելի է նշել Ուզբեկստանը, որտեղ նույնպիսի բարեփոխում սկսվել է երեսուն տարի առաջ՝ 1993 թ., բայց մինչ օրս ցանկալի արդյունք չի արձանագրվել. այնտեղ լատիներենին հիմնականում երիտասարդությունն է տիրապետում, իսկ ավագ սերունդն առաջվա պես դժվարություններ ունի այդ հարցում:
Բացի այդ, նոր այբուբենի լիարժեք օգտագործումը, ինչպես գրում է ղազախական «QMonitor»-ը, կհանգեցնի երկրի ռուսախոս եւ ղազախերենով խոսող քաղաքացիների պառակտման ու բաժանման, ռուսերենի մեկուսացումը ղազախերենից հանրության գիտակցության մեջ կընկալվի որպես ղազախների ձգտում՝ հեռանալու ռուսական մշակույթի ազդեցությունից: Այս կարծիքին է պատմաբան եւ քաղաքագետ Նիկոլայ Օսիպովը: Ըստ նրա՝ ոչ պակաս բացասական կարող են լինել հետեւանքները ղազախական հանրության մեջ քաղաքական հաղորդակցության համար, որովհետեւ միասնության, ազգային համաձայնության, հայրենասիրության կարգախոսները՝ գրված լատիներենով, համոզիչ չեն թվա:
Այս գործընթացի միտումնավոր քաղաքականացումը, քարոզչական հայտարարությունները մշակույթի, կրթության զարգացման համար դրա հատուկ նշանակության, Ղազախստանի միջազգային թափանցիկության եւ հեղինակության աստիճանի բարձրացման մասին, քաղաքագետի կարծիքով, արդեն իսկ անվստահություն են առաջացնում իշխանությունների նկատմամբ եւ բողոք՝ հանրությանը այս հարցի պարտադրման դեմ։ Ըստ էության, շատ ղազախստանցիների աչքում դա ընդամենը երկրի նախկին ղեկավարության իմիջային ու քաղաքական մշակութատեղեկատվական նախագիծն է։
Լատիներենին անցման հակառակորդները հենվում են նաեւ երկրում սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի վրա, որը ներքին ու արտաքին գործոնների ֆոնին վատթարացման միտումներ ունի: Որպեսզի մարդիկ նոր գրությունն ուսումնասիրելու ցանկություն դրսեւորեն, անհրաժեշտ է լուրջ մոտիվացիա, որը բնակչության կենսամակարդակի ու եկամուտների անկման պայմաններում պարզապես անլուծելի խնդիր է:
Բարեփոխմանը պատրաստ չէ նաեւ Ղազախստանի կրթական համակարգը, որը, ըստ գաղափարի, պետք է առաջինը ձեռնամուխ լինի դրա իրականացմանը: Ծանր է ինչպես մասնագիտացված պետական կառույցների ու ուսուցիչների համար, որոնք շտապ կարգով պետք է վերասովորեն, այլեւ հենց սովորողների ու նրանց ծնողների համար: Չէ՞ որ այսօր նույնիսկ կիրիլիցայով որակյալ ձեռնարկներ չկան, էլ չենք խոսում լատիներենով ուսումնական գրականության մասին: Նույն Ուզբեկստանում գրականության վերահրատարակումն այնքան դանդաղ է ընթանում, որ դա արդեն բացասաբար է անդրադարձել ժամանակակից երիտասարդության կրթական մակարդակի վրա:
Պետք է հիշել, որ Ղազախստանի մտավորականությունը 2017 թ. դիմում է հրապարակել՝ խնդրելով չփոխել գրությունը, որովհետեւ «մատաղ սերունդը կկտրվի նախնիների պատմությունից, հոգեւոր բանականությունից եւ խոհեմությունից»: Ինչպես նշել է «Ասպանդաու» գիտակրթական հիմնադրամի այն ժամանակվա նախագահ Կանատ Նուրովը, գրավոր մշակույթի՝ ծավալով եւ սոցիալ-պատմական նշանակությամբ հսկայական շերտն արտահայտված է կիրիլյան այբուբենով, որը հետագա սերունդների կողմից կարող է մոռացության մատնվել այնպես, ինչպես ժամանակին կորսվել է զգալի մասն այն ամենի, ինչն ստեղծվել էր արաբերենով։
Այդուհանդերձ, բարեփոխման կողմնակիցները պնդում են իրենց գաղափարը՝ համարելով, որ լատինական գրությունն ամենահարմարն է Ղազախստանի համար: Նրանց փաստարկներից մեկը հենց կիրիլյան այբուբենի հիման վրա ստեղծված ղազախական այբուբենն է, որն ունի 42 նիշ, որի մեկ քառորդը գործնականում անհրաժեշտ չէ: Օրինակ, եթե մարդը պետք է սովորի, թե ինչպես ճիշտ գրել ղազախերենով կիրիլյան գրաֆիկայի հիման վրա, ապա պետք է իմանա ուղղագրական 54 կանոն, իսկ լատիներեն այբուբենի դեպքում դրանք կրճատվում են մինչեւ 30-34: Բացի այդ, նոր այբուբենը, ըստ նրանց, թույլ կտա օտար բառեր գրել ղազախերենի օրենքներով, այլ ոչ թե ռուսերենի ուղղագրության կանոններով։ Միեւնույն ժամանակ կարագանա տեքստը հասկանալու եւ մուտքագրելու գործընթացը, ինտերնետում ղազախերենի օգտագործման հետ կապված դժվարություններն ինքնաբերաբար կվերանան եւ այլն։
Նրանք շեշտում են, որ լատինական այբուբենը ղազախական գրավոր խոսքին ազգային բնույթ կտա, մինչդեռ գոյություն ունեցող կիրիլիցան ի վիճակի չէ արտացոլել լեզվի առանձնահատկությունները, այսինքն՝ փոխանցել բառերի ճիշտ արտասանությունը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ բարեփոխումները պետք է աստիճանաբար իրականացվեն, այլապես կարող են վնասվել ողջ մշակույթն ու պատմական ինքնությունը։ «Օրինակ՝ լատինական տառերով գրված գովազդային վահանակները ղազախերեն չեն, ուղիղ ասենք՝ դրանք տեքստեր են, որոնք խորթ են մեր լեզվին»,-նշել է նա։
Նախագահի խոսքով` նպատակը ոչ թե կիրիլիցայից լատիներենի մեխանիկական անցումն է, այլ այդ հնարավորությունն օգտագործելը՝ ղազախերենը բարեփոխելու համար։ Իսկ այսօր միլիոնավոր տերմիններից հաստատվել է ընդամենը 3-4 տոկոսը, այն էլ՝ հաջողությամբ չեն թարգմանված, երբեմն լիակատար անհեթեթություններ կան:
Հրապարակախոս Դաստան Ելդեսովի կարծիքով՝ լատիներենը չի կարող հենց այնպես բարելավել լեզվի վիճակը, ղազախական գրականությունը բարձրացնել նոր մակարդակի, բարելավել գիտության, կրթության որակը, ծանոթացնել համաշխարհային տեխնոլոգիաներին, երկիրն անգլիախոս աշխարհի մաս դարձնել, առավել եւս՝ պաշտպանել ղազախների ազգային ինքնությունը: Բարեփոխման հակառակորդները հենց այս հանգամանքների վրա են շեշտը դնում: Ընդհակառակը, պետական լեզուն պետք է կատարելագործվի այնքան, որ առանց որեւէ խնդրի անցում կատարվի լատիներենին ու դրանից առավելագույն օգուտ քաղվի։ Ուստի Ելդեսովը վստահ է, որ այս հարցի լուծման ձգձգումը միայն օգուտ կտա բոլորին։ Անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր ռիսկերը, որպեսզի չկրկնվի ուզբեկական բացասական փորձը, մանավանդ որ երեք անհաջող այբուբեններով Ղազախստանն արդեն այնպիսի բացթողումներ ունի, որոնք, ըստ փորձագետի, ցույց են տվել թե իշխանությունների, թե լեզվաբանների անկարողությունը: