«Եվ արդ՝ զայսպիսի զըղձակերտ գաւառ, զչնաշխարիկ եւ զամենալի ըստ տուչուեթեան ամենախնամ արարչին Աստուծոյ, զԱյրարատեան գաւառ, որ է գլուխ աշխարհիս Հայոց, զգաւառն համբաւատենչ, զգաւառն ամենալի, որ բերէ յինքեան զօրինակ լիութեան…»:
Ղազար Փարպեցի, «Պատմութիւն Հայոց եւ թուղթ առ Վահան Մամիկոնեան»
Հարավ-արեւելքում, Արարատյան հարթավայրը եզրափակող Ուրծի լեռների ամենաբարձր գագաթը՝ Ուրծը, որը կոչվում է նաեւ Մարալատես, ունի 2445 մ բարձրություն։ Այս լեռների հարավային լանջերը զառիթափ են ու արեւկող, դրանց ստորոտի խոր ձորով է անցնում Արածո գետակը։ Այլ են Ուրծի հյուսիսային լանջը եւ նրա ստորոտը։ Մեր երկրի գողտրիկ անկյուններից է այս հատվածը՝ 25 կմ երկարություն ունեցող լեռները եզրափակող մասը։ Այս լեռներում է նաեւ Ուրծասարի լեռնանցքը (1910 մ), որն իրար է կապում Շաղափ եւ Արածո գետակների հովիտները։ Այստեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորին կապող երկրորդ կարեւոր Վեդի-Լուսաշող-Զանգակատուն-Մեղրի ճանապարհը, որի աջակողմում է պատմական Մոշաղբյուր գյուղատեղին։ Այն գրեթե 100 տարի է՝ լքվել է տեղի բնակիչների կողմից, եւ միայն անասնապահներն են սեզոնին գալիս ու բնակվում հիմնականում վրաններում։ Կան մի քանի տներ եւս։
Մոշաղբյուրի հյուսիս-արեւելյան ձորակներից մեկում, 1850 մ բարձրության վրա է 12-13-րդ դարերում կառուցված Հայոց միջնադարյան բազում վանական համալիրներից Հովհաննու Սուրբ Կարապետը՝ Լուսաշող գյուղից մոտ 6 կմ հարավ-արեւմուտք։ Մեծ Հայքի Այրարատ նահանգի 23-րդ Ուրծաձոր գավառն ունի համեմատաբար բարձր դիրք ու լեռնային լանդշաֆտ։ Հնարավոր է՝ անվանումն ստացել է Ուրծ վարչական կենտրոնից, որտեղ 6-7-րդ դարերում, հետագայում իշխել է Ուրծ իշխանական նոր տոհմը։ Գավառին հարեւան է Արածը։ «Ավելի վաղ այդ գավառը (Վեդի) կոչվել է Ուրծ եւ Արած, ընդ որում Ուրծն ընդգրկել է գավառի լեռնային մասը, իսկ Արածը՝ դաշտային։ Պատմական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում այդ հետաքրքրական մենաստանի մասին, այն աչքաթող են արել նաեւ ճանապարհորդներն ու տեղադիրները. միայն Հ. Ղեւոնդ Ալիշանը սոսկ թռուցիկ կերպով հիշատակում է նրա անունը…»,- իր «Հովհաննու Կարապետի վանքը եւ նրա վիմագիր արձանագրությունները» աշխատությունում գրում է Հ. Եղիազարյանը։ Հայ Մամիկոնյան իշխաններից մարզպան Համազասպի անունից 11-րդ դարում առաջացել է Համազասպյան իշխանական տոհմը, որը գոյատեւել է մինչեւ 17-րդ դարը։ Մարզպան Համազասպը Զաքարյանների հետ մասնակցել է ազատագրական պատերազմների։ 12-րդ դ. վերջին Համազասպ մարզպանի թոռ Հասանը Խաչենում ստեղծել է իր փոքր իշխանությունը։ Մարզպան Համազասպյանի որդի Գրիգորը 13-րդ դ. 1-ին կեսին հաստատվել է Ուրծ (Ուրծաձոր) գավառում։ Այսօր կիսավերակ վիճակում է Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը՝ բաղկացած մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից։ Վանքը ժամանակին պատված է եղել է պարսպով, որից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները եւ փոքրիկ գերեզմանոցը՝ հարթ տապանաքարերով։ Հայ մատենագրության մեջ այս սրբավայրի մասին տեղեկություններ չկան։ Սակայն համալիրի կառույցների արձանագրությունները որոշ տեղեկություններ տալիս են։ Այսպես՝ եկեղեցու Սուրբ Աստվածածին անվանումը հիշատակվում է ներսում՝ հարավային պատին փորագրված 10 տողանոց արձանագրության մեջ, որի համաձայն` այն կառուցել է Տարսայիճ Օրբելյան իշխանի որդու՝ Ջալալ իշխանի Գոնցա անունով կինը 1301 թ.։ «ԹՎ.ՅԾ։
ԱՍՏՈՒԾՈՅ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ ԿԱՄԱՅ ԵՍ ԳՈՆՑԱ ԱՄՈՒՍԻՆ ՀԶԱՒՐ ԻՇԽԱՆԻ ՋԱԼԱԼԻՆ, ՈՐԴՈՅ ՏԱՐՍԱԻՃԻՆ, ԴՈՒՍՏՐ ԻՎԱՆԵԻ, ԹՈՌԻՆ ՄԵԾԻՆ ԶԱՔԱՐԷԻ ՀԱՅՈՑ ՍՊՍՐՍՊԵՏԻ, ՔՈՅՐ ԱՄԻՐ ԱՍՊԱԼԱՐ ՇԱՀԱՆՇԱՀԻ, ՅԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԶՄԱՐԴՈՑ ԶՄՈՇԱՂԲԻՒՐՆ ԳՆԵՑԻ ՎԱՍՆ ԵՐԿԱՐ ԿԵՆԱՑ ԳԼԽՈՅ ԻՄ ՋԱԼԱԼԻՆ ԵՒ ՈՐԴՈՑ ՄԵՐՈՑ ՏԱՐՍԱԻՃԻՆ, ՇԱՀԱՆՇԱՀԻՆ ԵՒ ԷԼԻԿՈՒՄԻՆ։ ԶԵԿԵՂԵՑԻՍ ՇԻՆԵՑԻ ԱՆՈՒԱՄԲ ՍՊԻՏԱԿԱՒՈՐ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ, ՈՐ Ի ՁԵՌՆ ԸՍՏ ՀՈԳՈՅ ՈՐԴՈՅ ՄԵՐ ԿԻՐԱԿՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ։ ԵՒ ԵՏՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆՍ ԶԻՄ ՇԻՆԱԾ ԳԵՂՆ ԶՔԱԼԱՍՆ ։Ա։ ՁԻԹՀԱՆՔ ։Բ։ ԱՅԳԻ ՅՈՒՐԾ ԵՎ Ի ՎԵԴԻ ։Բ։ ՋՐԱՂԱՑ ԶՇԵՂՋԻԿԵՐ ։Ռ։ ԴԵԿԱՆ ԳՆԵՑԻ ԶԿԵՍ ՀՈՂԻՆ ԷԼ ԻՄ ԵԿԵՂԵՑՈՒՍ ՀԱՆԴ ՏՎԻ։ ՄՈՇԱՂԲԻՒՐ ԵՍ ԻՄ ՄԱՀՈՒԱՆՆ ԻՄ ՎԱՆԱՑՍ ՀԱՅՐԵՆԻՔ ԼԻՆԻ ԵՎ ԱՌՇԵՆ։ ՄԵԶ ՊԱՏԱՐԱԳ ԶԾՆՈՒՆԴՆ ԾԱՌԶԱՐԴԱՐԻՆ։ ԶԱՏԻԿԻՆ՝ ԱՆԽԱՓԱՆ։ ԵՒ ԶՏԱՒՆ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՄԻԱԻՆ։ ԵԹԷ ՈՔ Ի ՄԷՐ ԾՆՈՂՈՑ ԿԱՄ ՅԱՅԼ ԱԶԳԱՑ ԶՏՎԵԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ ԵԿԵՂԵՑՈՅՍ ԽԱՓԱՆԷ ԿԱՄ ՀԱՐԿ ԴՆԷ յԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ։Գ։ ՍՈՒՐԲ ԺՈՂՈՎՈՅՆ ՆԶՈՎԱԾ ՅՈՒԴԱՅԻ ԵՒ ԽԱՉԱՀԱՆՁՈՒՆԱՑՆ ՄԱՍՆԱԿԻՑ։ ԵՒ ԿԱՏԱՐԻՉՆ ԱՒՐՀՆԻՆ Ի ՏԵԱՌՆԷ ԱՄԵՆ։ ՏԻՐԱՑՈՒ ԳՐԻՉ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ՅԻՍՈՒՍ»։
Եկեղեցու արձանագրություններում հիշատակված է նաեւ ճարտարապետի՝ Բուտ եւ Կիրակոս Գետկեցի հիմնադիր վարդապետի մասին։ Եկեղեցու կլոր թմբուկով եւ սրածայր վեղարով գմբեթն ունի քիչ երկարաձիգ ուղիղ քառանկյունի հատակագիծ։ Հարավային եւ հյուսիսային պատերը ներսից՝ արեւմտյան ծայրերին մոտիկ, ունեն ելուստներ, որոնց կից, ինչպես եւ արեւելյան աբսիդիեզրերից ձգվող կիսասյուները միանալով կամարներով, իրենց վրա են կրում գմբեթը։ Բեմի հարավային եւ հյուսիսային կողմերում տեղադրված են երկհարկանի խորաններ, ստորին հարկի խորանների մուտքերը բացվում են դեպի արեւմուտք՝ եկեղեցու մեջ, իսկ վերին հարկի խորանները՝ բեմի վրա, ուր բարձրանում են եռաստիճան քարե սանդուղքներով։ Կիսակլոր ճակատակալ մեծ քարով եւ գծավոր զարդեր ունեցող շրջանակ ունի եկեղեցու միակ մուտքը՝ արեւմուտքից։ Մուտքի վերին մասում 2 բարձրաքանդակներ են՝ արվեստի գոհարներ։ Բարավորին քանդակված է Մարիամ Աստվածածինը՝ նստած բարձերին՝ գրկում Մանուկ Հիսուսը։ Ինչպես ընդունված է նման շատ քանդակներում՝ հրեշտակները կանգնած են սրբերի կողքերին՝ ձեռքները դեպի Տիրամայրը։ Վերին մասում Ադամն է՝ շուրջը ավետարանիչների կենդանակերպերի նշանները։ Աջ կողմում մեծ տառերով գրված է ԱԴ։ Ճակատակալ քարի վրա եղած արձանագրությունից տեղեկացվում է, որ այս բարձրաքանդակի հեղինակն է Սարգիս վարդապետը. «ԵՍ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏՍ ՎԱՍՆ ՀՈՅՍՈՅ ՀՈԳՈՅ ԻՄՈՅ ՆԿԱՐԵՑԻ ԶՊԱՏԿԵՐՍ»։ Մուտքի աջ կողմում Պռոշյանների տոհմը ներկայացնող մի մեծ քար-քանդակ կա՝ թեւատարած արծիվը ճանկել է խոյին։ Ըստ որոշ հետազոտողների՝ այդ քարը բերվել է Մոշաղբյուրին մոտակա Կարախաչ կոչվող գյուղի երբեմնի եկեղեցական համալիրից։ Մուտքի վերեւում մի պատուհան կա՝ բավականին նեղ, մոտ 60 սմ բարձրությամբ։ Նման մեկական պատուհան էլ կա մնացած պատերում՝ վերցված գեղեցիկ շրջանակի մեջ։ Հյուսիսային պատի վրա կա արձանագրություն, որը գեղարվեստական խոսք է.
«ՎԻՐԱՎՈՐԵԱԼ ՇԱՏ ՄԱՆ ԵԿԻ ՓՈՒՉ ԱՇԽԱՐՀ ԳԷ
ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԳՏՈՒ ԱԽ ՀՈԳՈՅՍ ԴԵՂԻՈՅ ՃԱՐՆ Վ
ԹԷ ԲԻՒՐ ԲԺԻՇԿ ԼԻՆԻ(ԿՈՅՒ) ՔԵԶ ՄՈՏ Է ՀՆԱՐՆ Տ.
ՀԱՅՑԵՄ ՏԵԱՌՆ Ի ՄՈՐԷԴ ԴՈՒ ՏՈՒՐ ՀՈԳՒՈՅՍ ԴԵՂ։ Յ »
Քառատողի յուրաքանչյուր տողի վերջում տառեր են, որ, ըստ հնագետների, նշանակում են. «Գէորգ վարդապետ յիշեցէք»։ Ընդհանուր սրբավայրի շինությունների վրա կա 15-ից ավելի արձանագրություն, որոնց մեծ մասը նվիրատվական իմաստներ են պարունակում։ Կարեւոր է, որ նույն արձանագրություններից իմանում ենք այժմ ավերակ ու լքված, սակայն պատմական Մոշաղբյուր գյուղի անունը։ Եկեղեցու գմբեթի թմբուկի լուսամուտների կողքերին մեծ տառերով փորագրված են հետեւյալ փակագրերը. հյուսիսային կողմում ՏԻ ՅՇ, արեւմտյան կողմում ՓՈ ՇՉ, հարավային կողմում ՉԱ ԳՀ, արեւելյան կողմում ԿՈ (վերջին երկու տառերը հողմահարված լինելու հետեւանքով չեն կարդացվում)։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արեւմտյան կողմում կիսավեր վիճակում պահպանվել է վանքի ժամատունը, որի միակ մուտքը հյուսիսից է։ Կառուցման ստույգ ժամանակը, եւ թե ովքեր են եղել նրա կառուցողները, պարզ չեն, հուշարձանի վրա փորագրված նվիրատվական արձանագրությունից պարզ է դառնում, որ այն կառուցվել է 14-րդ դարում, մինչեւ 1346 թ.։ Զանգակատունը ժամատան արեւմտյան կողմում է՝ նրան կից այնպես, որ վերջինիս արեւմտյան պատը ընդհանուր է երկու շենքերի համար։ Անհայտ են կառուցողի անունը եւ կառուցման ճշգրիտ ժամանակը։ Հավանաբար կառուցվել է 14-րդ դարում։ Այս կառույցն արտաքուստ քառակուսի է, ներսից խաչաձեւ՝ ուղղանկյուն, կարճ խաչթեւերով։ Երկու հարկերի ծածկն էլ թաղակապ է, վերին հարկի տանիքի կենտրոնում բացվում է կլոր մեծ անցք, որի վրա որպես ծածկույթ կառուցված է եղել սյունազարդ գմբեթ։
Վանքի պարիսպը, որը նույնպես կիսավեր վիճակում է, ձգվում է հուշարձանների խմբի շուրջը՝ քառանկյունի ձեւով, արեւելքից դեպի արեւմուտք երկարությամբ։ Պատերը շարված են տեղական անմշակ լեռնաքարերով, ցեխով։ Գլխավոր մուտքը հարավային կողմից է, որի մոտ ընկած մի փոքրիկ քարի վրա փորագրված է. «շինեցավ 1897 ամի»։ Հավանական է, որ այն եղած լինի մուտքի վերեւում կամ կողքին եւ անկասկած վերաբերում է պարսպի կառուցմանը։ Նույն ժամանակներում պարսպից ներս կառուցվել են նաեւ միաբանության բնակելի տները, այլ կառույցներ, որոնցից միայն ավերակներ են պահպանվել։ Բոլոր շենքերն էլ շարված են նույն տեղական անմշակ լեռնաքարերով՝ ցեխով, եղել են փայտածածկ։ Վանքն ունեցել է իր առանձին ջրմուղը, ջուրը կավե թրծած խողովակներով բերված է եղել արեւմտյան կողմից, ուր պարսպից ներս, անմիջապես արեւմտյան պատին կից պահպանվել է ջրամբարը՝ ներսից ծեփած կրաշաղախով։ Վերջինիս արեւելյան պատի տակ դրված է քարից փորված մեծ ավազանը։ Պարսպի ներսում, վանքի հուշարձանների եւ միաբանության բնակելի շենքերի արանքում պահպանվել է հացահատիկի ամբարը՝ կարասաձեւ հորի նման, քարաշար, ներսից կրաշաղախով սվաղած։ Ըստ տեղեկությունների՝ ամբարի բերանի եզրին դրված մի քարի վրա փորագրված է. «շինեցավ 1898 ամի»։ 1593 թ. կրող մի այլ արձանագրությունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թ. կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ եւ լքված վիճակում։
Սուրբ Կարապետը եւ նրան մոտիկ գտնվող մյուս վանքերն ավերվել են 1679 թ. մեծ երկրաշարժից։ 1896 թ. կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թ. կառուցված վանքի պարիսպը եւ 1898-ին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19-րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է։ Վանքի մոտակա Մոշաղբյուր գյուղատեղիում պահպանվել է միջնադարյան ընդարձակ գերեզմանատունը՝ տապանաքարերով, խաչքարերով։ Այս սրբատանը եղա վերջերս Արարատի մարզի ընկերներիս հետ։ Վանքի մասին տեղեկություններ տվեց ու մեզ օրհնեց վանահայր տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։