Երեւանի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին մատուռի մոտակա Ազատամարտիկների պուրակում արդեն 4-րդ տարին է՝ ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի ազատամարտիկների կողմից կանգուն է տուֆակերտ «Հայոց զինվորի փառքի հուշարձանը», որին Նժդեհի խոսքն է. «Միայն քաջերին է լսում եւ զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը»։ Հուշարձանին սուր ու վահան է քանդակված, իսկ վերեւում հզոր արծիվն է։ Մայիսի 9-ին հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրվեց Ավանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ «Անմահ հերոսների հիշատակին» մակագրությամբ։ Այստեղ էին Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, աշխատակազմի աշխատակիցներ, ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի ազատամարտիկները՝ նախագահ Երեմ-Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ, բնակիչներ։
Սկզբում ներկաները Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռում մոմ վառեցին ու ներկա եղան հոգեւոր արարողության։ Սուրբ Աստվածածնի հոգեւոր առաջնորդ տեր Հարություն քահանա Ավագյանը օրնության խոսք ասաց Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին։ Իր խոսքում տեր հայրը նշեց, որ բոլոր ազգերն էլ ժամանակի ընթացքում պատերազմներում տանում են հաղթանակ, կրում պարտություն, դավաճանություն եւ այլն։ «Դա տրված է մարդկությանը։ Դուք գտնվում եք աշխարհի ամենաուրախ վայրում՝ եկեղեցում, որտեղ մարդն ստանում է Աստծո զորություն»,- ասաց նա եւ մաղթեց՝ Տիրոջ Աջը մեր ժողովրդին հովանի լինի աշխարհի բոլոր վայրերում։ Մաղթեց, որ Արցախի բնակչությունը դուրս գա ներկայիս դժվար ու շրջափակված պայմաններից։ Այս առումով կարեւորեց մայր հայրենիքի դերը, որ այնպես աշխատենք, գործենք, որպեսզի կարողանանք աջակցել արցախահայությանը։ Հավելեց՝ 31 տարի առաջ մայիսի 9-ին ինքը ազատագրված Շուշիում էր եւ հույս հայտնեց, որ կգա նորից այդ պանծալի օրը։ Այնուհետեւ ներկաները ծաղիկներ խոնարհեցին «Հայոց զինվորի փառքի հուշարձանի» մոտ եւ տեղափոխվեցին վարչական շրջանի Հայրենական մեծ պատերազմում նահատակված ավանցիների հիշատակին կանգնեցված հուշահամալիրի տարածք։
Վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվել էր տոնական ցերեկույթ, որտեղ ներկա էին Մեծ հայրենականի վետերաններ, բնակիչներ, ազատամարտիկներ, դպրոցականներ։ Ներկաներին իր հոգեւոր օրհնանքը տվեց տեր Հարություն քահանա Ավագյանը՝ սկսելով Տերունական աղոթքով։ «Սիրելի բարեկամներ, եռատոնը կա ու մնալու է միշտ մեր սրտերում։ Կանգնած ենք Մեծ հայրենականում զոհված մեր պապերի, հայրերի հուշարձանի մոտ, բայց երբեք չենք մոռանա Արցախյան գոյամարտում նահատակված մեր եղբայրներին ու քույրերին։ Նրանք այսօր էլ դեռ դիրքերում են եւ մեզ պարտադրում են ամուր պահենք հայրենիքը, սրբությունները եւ հավատարիմ մնանք հայրենիքին»,- իր խոսքում ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանն ու Արցախը կան ու մնալու են հավերժ, իսկ անպատվաբեր խաղաղություն երբեք չի լինելու։ Նշեց նաեւ, որ Շուշին իր պապերն են կառուցել, անդրադարձավ Ավան Յուզբաշուն, ում զարմից են նրա պապերը։ Ասաց, որ իր պապերը միշտ ամուր են պահել Արցախը։ Մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորական խոսքում Ավան վարչական շրջանի ղեկավար Վ. Հակոբյանն անդրադարձավ 1945 թ. մայիսի 9-ին Մեծ հայրենականում մեր պապերի տարած հաղթանակի խորհրդին՝ ասելով. «Մայիսի 9-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակը ցեղասպան ռեժիմների դեմ։ Ես հավատացած եմ, որ հաղթանակի բուն պատճառը եղել են պայքարող ժողովրդի գիտակցությունն ու կամքը։ Մեր պապերը գիտեին, որ պայքարում են հանուն արդարության։ Սակայն չկան մշտական հաղթանակներ, այլ կա հավիտենական պայքար, որոնք խրատ են ու մարտահրավեր ապագա սերունդներին։ Այժմ մենք ենք այդ սերունդը, որը մերժում է անարդարությունը։ Եվ, այո, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Գիտենք՝ մեր պապերի ու մեր երազած ապագային հասնելը շատ դժվար է, բայց պետք է գիտակցենք՝ մեր պապերին էլ հեշտ չեն տրվել մայիսյան հաղթանակները։ Մենք պետք է գործով ու պայքարով ապացուցենք, որ արժանի ենք մեր պապերի զավակը կոչվելու պատվին»։
Անդրադառնալով Շուշիի ազատագրմանն ու ներկայիս վիճակին՝ Վ. Հակոբյանը նշեց, որ այսօր կրկին գերության մեջ է չքնաղ Շուշին, իսկ Արցախի ժողովուրդը՝ շրջափակման մեջ. «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր եղբայրներին ու քույրերին եւ հույս փայփայում, որ շուտով բարի լուր ենք լսելու նրանց պաշտպանված ու վերականգնված իրավունքների մասին։ Այսօր նաեւ Արցախի պաշտպանական բանակի կազմավորման օրն է. ազգային գիտակցությամբ ու կամքով ստեղծված բանակ, որ միշտ եղել ու մնում է հայի ոգու խտացումը եւ ազատասիրության խորհրդանիշը»։ Հանդիսավոր մասից հետո տեղի ունեցավ տոնական համերգ։ Սկզբում ելույթ ունեցան Գեւորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի դհոլահարները։ Փոքրիկ Հովհաննես Ստեփանյանը, ով զինվորական հագուստով էր, Գուսան Հայկազունու «Ուս ուսի տված» երգի գեղեցիկ կատարումով գերեց ներկաներին՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ այսօր, քան երբեւէ, Արցախը մեր աջակցության կարիքն ունի։ Համերգային մասով հիմնականում հանդես եկավ «Տարոնցիներ» հայկական ազգագրական երգ ու պարի համույթը, որն արդեն 9 տարեկան է եւ որի առաքելությունն է տարածել ու պահպանել հայ ազգային մշակույթը։ Հայ ազգագրական, ժողովրդական երգ ու պարերով «Տարոնցիները» ներկայացան հանդիսատեսին ու գերեցին լավ կատարումներով։ Մոնթեին նվիրված երգով հանդես եկավ երգչուհի Էնջլ Սարգսյանը։
Օրվա ընթացքում տոնին մասնակից Մեծ հայրենականի վետերաններն ու ազատամարտիկները հրավիրվեցին ճաշկերույթի Ավանի վարչական շրջանի ղեկավարի կողմից։