«Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները»։ Հայտնություն 18։5
Երկրի վրա կատարած մեր յուրաքանչյուր արարք իր արձագանքն է ունենում երկնքում։ Եթե մարդը սովորել է լսել ընդերքի ձայները, տեկտոնական սալերի շարժերի շփումները, ապա ինչպե՞ս կարելի է կասկածել, որ Աստված տեսնում է յուրաքանչյուրի արարքն ու արարմունքը։ Աստված, որ ստեղծել է այնպիսի բարդագույն օրգան, ինչպիսին աչքն է. «Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. եւ դուք, ով անմիտներ, ե՞րբ կհասկանաք։ Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ»։ Սաղմոս 93։8-9
Աստվածը, Արարիչն ամեն ինչի ու ամենքիս, տեսնում եւ լսում է ամենը։ Դավիթ արքան իր սաղմոսներում եւս մեզ զգուշացնում էր Բաբելոնի աղջկանից. «Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. երանի նորան որ քո հատուցումը կտայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։ Երանի նորան, որ քո երեխեքը կառնէ եւ քարերին կզարկէ»։ Սաղմոս 137։8-9
Հովհաննես առաքյալն էլ լսում է նման մի կոչ. «Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։ Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. որովհետեւ նա իր սրտումն ասում է. Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ»։ Հայտնություն 18։6-7
Այսինքն՝ ինչպես Բաբելոնի պոռնիկն է իր գինով հարբեցրել երկրի թագավորներին ու բնակիչներին եւ դարձրել ծաղրի առարկա, այժմ էլ ինքն է արբելու կրկնակի եւ հանրության առաջ ներկայանալու իր ողջ ամոթով, իրական կերպարով ու դառնալու ծաղրվող։ Նա չի էլ թաքցնում իր էությունը, ամեն ինչ բացահայտ է, իր անամոթությունը գրված է իր դեմքին։ Նա բացահայտորեն օրինականացնում է բոլոր արատները, բացահայտորեն հանում է բոլոր արգելքները, մեղքերը հռչակվում են օրինաչափություն։ Այս ամենը դառնում է կրոն՝ իր բազում հետեւորդներով։
Այնուհետեւ ռեքվիեմի նման հնչում է Բաբելոնի ողբը. «Եւ լաց եւ կոծ կանեն դորա վերայ երկրի թագաւորները, որ դորա հետ պոռնկուեցան եւ զեխութիւն արին, երբոր կտեսնեն դորա այրուելու ծուխը, Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կասե. Վայ, վայ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։ Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կանեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը»։ Հայտնություն 18։9-11
Բաբելոնում վաճառում էին ամեն ինչ, ընդհուպ մինչեւ հոգիներ։ Բնական է, որ վաճառականները պիտի ողբային։ Այստեղ մեծ դերակատարում ունի գովազդը։ Մարդը գովազդի ազդեցության տակ այսօր ցանկանում է այն, ինչի մասին երեկ անգամ պատկերացում չուներ։ Եվ, ընդհանրապես, գովազդը չի առաջարկում ապրանքի վաճառք, գովազդը ձեւավորում է կյանքի դրվածք, կյանքի ընկալում։ Գովազդն առաջարկում է գաղափարական համակարգ, աշխարհի նկատմամբ վերաբերմունքի միջոցներ, ներընտանեկան հարաբերությունների մեթոդներ, ո՛չ թե սնունդ, այլ սննդի նկատմամբ վերաբերմունք… Գովազդով վաճառվում են «սրբապատկերներ», որտեղ նկարված է ցանկալի մարդու կերպարը։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ