Արցախի հիմնահարցի էությունն իր հազարամյա բնօրրանում հայկական էթնոսի պահպանումն է: Հակամարտության արմատներն ակնհայտ են եւ պայմանավորված են թյուրքական էթնոսի գոյաբանության առանձնահատկություններով: Վերջինս իր ողջ պատմության ընթացքում քանակական աճի հետեւանքով դուրս է եկել հիմնական բնակատեղիից՝ մոնղոլական տափաստաններից, եւ շարժվել դեպի արեւմուտք, այդ ճանապարհին գրավելով, ոչնչացնելով ու յուրացնելով բնիկ ժողովուրդների բնակատեղիները, մշակույթը, նրանց ոչնչացնելով կամ դուրս մղելով պատմական տարածքներից: Այդ ճանապարհով թյուրքական էթնոսը Արեւելյան Ասիայի տափաստաններից 1000 տարվա ընթացքում հասավ եւ հիմնավորվեց Եվրոպայի ու Ասիայի սահմանագծում՝ որպես հետագիծ թողնելով մի քանի թյուրքական պետություններ, թրքաբնակ անկլավներ՝ իր քոչի ուղու բոլոր երկրներում: Այսօր էլ այս էթնոսը հազարամյա իր ձեռագրով, կայուն քայլերով Եվրոպայի արեւելքից շարժվում է դեպի արեւմուտք եւ, ինչպես միշտ, այսօր էլ ուրիշ ժողովուրդների սեփականությունը զավթելու միակ խնդիրը նրանց համար եղել եւ մնում է ժամանակը:
Դաշտային եւ Լեռնային Արցախի տարածքների զավթումը թափ է հավաքել 200 տարի առաջ: Հայն իր բնօրրանում ապրելու իրավունքի համար այդ ժամանակահատվածում պարբերաբար կռվել է՝ դանդաղեցնելով թվային աճի շնորհիվ նրանց սողացող զավթման գործընթացը: Նախորդ դարի 90-ականների սկզբին հաջողվեց կանգնեցնել թյուրքական սողացող եւ այն տարիներին՝ արդեն վազող էքսպանսիան Հայաստանի արեւելյան դարպասների մոտ: Սակայն թյուրքական էքսպանսիան վերսկսվեց մի քանի պետությունների կիրառած ավանդական բարբարոսության արդյունքում: Այսօր հայկական էթնոսը պատմական Ուտիքի, Արցախի եւ Փայտակարանի տարածքի 5 տոկոսին չհասնող տարածքում միայն հաջողվեց պահպանել:
Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ու հայի համար այն գոյաբանական պայքար է, բայց ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում հակամարտությունը լուրջ խաղաթուղթ է, որի շահարկումն անխուսափելի է: 44-օրյա պատերազմի հետեւանքով տարածաշրջանում առաջացած նոր ձեւաչափը, որում նորություն էին Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայությունները, օրինաչափորեն առաջ է բերել այլ գլոբալ խաղացողների խանդը, եւ արդեն այսօր ուրվագծվում են ստեղծված իրավիճակի հետ չհամաձայնող ուժերն ու պետությունները: Սա էլ իր հերթին ուղեկցվում է նպատակային գործողություններով եւ շահարկումներով:
Մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ վերջին շրջանում տարբեր երկրներից լսվում են Արցախի վերաբերյալ ապակայունացնող հայտարարություններ: «Մենք պարբերաբար տարբեր երկրների տարբեր գործիչներից տարբեր ժամանակահատվածներում լսում ենք ապակայունացնող բնույթի հայտարարություններ: Դրանք կոչված են մարդկանց մեջ վախ եւ վաղվա օրվա նկատմամբ մտավախություններ ներշնչելուն, ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նրանց հավատը խաթարելուն: Սադրիչ, նվաստացուցիչ, երբեմն անգամ կեղծ հայտարարություններ. ինչ ասես՝ չի եղել այս ընթացքում»,- ասաց Զախարովան եւ հակամարտության կողմերին կոչ արեց իրենց հռետորաբանությունը բխեցնել եռակողմ պայմանավորվածություններում սահմանված ընդհանուր նպատակից:
Աշխարհում նոր փուլ մտած եւ մեծ թափ հավաքող աշխարհաքաղաքական զարգացումներում կօգտագործվեն բոլոր հնարավոր միջոցները, առավել եւս՝ Արցախի հիմնահարցի նման ծանրակշիռ խաղաթուղթը: Դրան կնպաստի առաջին հերթին հիմնահարցի վերջնական լուծված չլինելը, մասնավորապես՝ կարգավիճակի անորոշությունը: Ադրբեջանի որդեգրած՝ Արցախի Հանրապետության կարգավիճակին չանդրադառնալու քաղաքականությունը խթանում է հայկական երկրորդ հանրապետության շուրջ թափ առնող խմորումները, որոնք քաղաքական կարգավորման գործընթացի բացակայության պայմաններում կարող են լուրջ ապակայունացման հանգեցնել, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտների ցանկացած ելքի դեպքում հայկական էթնոսը եւ բարեկամ ժողովուրդներն անհամարժեք կորուստներ են կրում, ինչը լիովին տեղավորվում է տարածքների էթնիկ զտման թյուրքերի քաղաքականության մեջ: Հետեւաբար՝ հայկական պետությունների դիվանագիտական օրակարգի առաջին հորիզոնականում պետք է լինի Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական գործընթացների մեկնարկը, եւ այդ նպատակի համար պետք է վճարվի պահանջվող ցանկացած գին: