Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացավ ձայների 49.35, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը: «Նախնիների դաշինքի» ազգայնական թեկնածու Սինան Օղանը 5.22 տոկոսով հայտնվել է երրորդ հորիզոնականում: Վերջինս արդեն հայտարարել է, որ երկրորդ փուլում կաջակցի Քըլըչդարօղլուին:
Այսպիսով, քանի որ թեկնածուներից եւ ոչ մեկը չի հատել 50 տոկոսի սահմանագիծը, մայիսի 28-ին երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. պայքարն Էրդողանի ու Քըլըչդարօղլուի միջեւ նոր թափ կստանա:
Նույն օրը Թուրքիայում տեղի ունեցան նաեւ խորհրդարանական ընտրություններ: «Հանրապետական դաշինքն» առաջինն է 49.31 տոկոս ձայներով: Ընդդիմադիր «Ժողովրդի դաշինքը» վաստակել է 35.8, «Աշխատանքի եւ ազատության դաշինքը»՝ 10.52, «Նախնիների դաշինքը»՝ 2.46 տոկոսը: Մյուս կուսակցություններն ու դաշինքները 1 տոկոսից պակաս քվեներ են ստացել:
Կրքերի թեժությունը Թուրքիայի ընտրություններում, որոնց արդյունքներն ի սկզբանե հնարավոր չէր կանխատեսել, դրսեւորվեց ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Նախ հաղորդվեց, որ մասնակիցների թիվը գերազանցել է 93 տոկոսը, սակայն հետո ճշգրտվեց, որ այն 88 տոկոս է կազմել: Ընտրություններին ակտիվ մասնակցել են նաեւ արտասահմանում ապրող թուրքերը՝ 45 տոկոս: Միեւնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ արտերկրում քվեարկությունն ավարտվել է մայիսի 7-ին:
Ընտրողների մասնակցության այսքան բարձր տոկոսը կասկածներ է առաջացրել, որ նաեւ լցոնումներ են եղել: Այս մասին Քըլըչդարօղլուի կողմնակիցները սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ են կատարել, սակայն երեկվա տվյալներով նախագահի թեկնածուն ու նրա շտաբը որեւէ հայտարարություն չէին արել:
Այն պահին, երբ Թուրքիայում ընտրատեղամասերը փակվեցին, շատերը դեռ չէին հասցրել կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Որոշ ընտրողներ աչքի են ընկել ոչ սովորական գործողություններով: Մասնավորապես՝ Իզմիրում Քըլըչդարօղլուի ընդդիմադիր «Ժողովրդի դաշինքի» կողմնակիցն ընտրելու է եկել ձիով եւ կովբոյի հագուստով՝ ցուցադրելու համար հավատարմությունն արեւմտյան արժեքներին: Մեկ ուրիշը նույն նպատակով հագել է մարդ-սարդի հագուստ: Իսկ Ադյամանի բնակչուհիներից մեկին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս, որովհետեւ Էրդողանի նկարով կտոր է պարզել, ինչը համարվել է քարոզչություն:
Ինքը՝ Էրդողանը, քվեարկել է Ստամբուլի ասիական մասի Ուսկյուդար թաղամասում: Խոսքը հայտնի Սկյուտարի մասին է, որտեղ ծնվել է հայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: Էրդողանը հայտարարել է, որ ընտրությունները «հարթ են ընթանում». «Ընտրական գործընթացը շարունակվում է առանց պատահարների եւ խնդիրների»: Ապա երեխաներին գումար է բաժանել հենց ընտրատեղամասում՝ Մոր օրվա առթիվ:
Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաեւ երրորդ հավակնորդը՝ «Նախնիների դաշինքի» ազգայնական թեկնածու Սինան Օղանը, քվեարկել են Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում, ուր այնուհետեւ մեկնել է Էրդողանը: Չնայած որ «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երկու օր առաջ հանել էր իր թեկնածությունը, նրա անունը մնացել էր քվեաթերթիկներում, ուստի ոչ մեծ քանակությամբ ընտրողներ քվեարկել են նրա օգտին, իսկ ավելի ճիշտ՝ ընտրողների 0.43 տոկոսը: Հաշվարկի ժամանակ այդ ձայները բաժանվել են երեք մասնակիցների միջեւ: Ականատեսների վկայությամբ՝ որոշ ընտրատեղամասերում ծեծկռտուք է գրանցվել տարբեր կուսակցությունների կողմնակիցների միջեւ: Միեւնույն ժամանակ պետք է ասել, որ այդ օրը Թուրքիայում ալկոհոլ չէր վաճառվում, նույնիսկ հարսանիքներն էին արգելված:
Այս ընտրությունները հսկայական նշանակություն ունեն թուրքական քաղաքականության համար: Էրդողանն ու նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իշխանության ղեկին են արդեն 21 տարի: Ընդդիմությունը երկարաժամկետ կառավարության տապալումը համարում է քաղաքական կարեւորագույն նվաճում: 2013-ից հետո, երբ բողոքի հզոր ցույցեր տեղի ունեցան Ստամբուլում ու երկրի մի շարք այլ քաղաքներում, Թուրքիայում նկատելի դարձավ հասարակության բաժանումն «ազգայնականների» եւ «կոսմոպոլիտների»: Այս երկու բեւեռացված խմբերը չափազանց կարեւոր են համարում հաղթանակը քաղաքական պայքարում:
Ընտրությունների առաջին տուրի նախօրեին հայտարարվեց, որ արդյունքները չեն հրապարակվի մինչեւ ժամը 21:00-ն, սակայն արդեն ժամը 18:30-ին արգելքը հանվեց, եւ ստացվեցին արդյունքները: Առաջին քվեաթերթիկների հաշվարկներից հետո Էրդողանն առջեւում էր 16 տոկոսի տարբերությամբ: Միեւնույն ժամանակ նկատվում էր, որ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել են Թուրքիայի հարավ եւ հարավարեւելյան հատվածի քրդական շրջանները, այդ թվում՝ առողջարանային Իզմիրի ու Անթալիայի, ինչպես նաեւ երկրաշարժներից տուժած տարածքների բնակիչները: Սակայն Ստամբուլի եւ Անկարայի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն ու Մանսուր Յավաշը հայտարարեցին, որ պետական «Anadolu» գործակալության տվյալները ճիշտ չեն, եւ իրականում առաջին տուրում հաղթում է Քեմալ Քըլըչդարօղլուն: Ընդդիմադիր ANKA գործակալությունը քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո հայտարարեց, որ Քըլըչդարօղլուն Էրդողանից առաջ է անցել 7.6 տոկոսով: Այնուհետեւ Յավաշը կոչ արեց վերանայել արդյունքները եւ խնդրեց չհեռանալ ձայների հաշվարկի տեղամասերից:
Մայիսի 15-ի գիշերը ոմանք թուրքական դրոշներով Սյոգյութոզյու շրջանում հավաքվել են Ժողովրդահանրապետական կուսակցության շտաբ-բնակարանի մոտ: Ընդդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն Քըլըչդարօղլուի: Չնայած դրան, իրավիճակը Ստամբուլի կենտրոնում հանգիստ էր ողջ գիշերվա ընթացքում: Ցույցի են դուրս եկել նաեւ Էրդողանի կողմնակիցները՝ հնչեցնելով կարգախոսներ՝ հօգուտ Էրդողանի եւ դժվարացնելով մեքենաների երթեւեկությունը քաղաքի փողոցներում:
Եթե թուրք ընտրողները մայիսի 28-ին քվեարկեն հօգուտ նախագահի փոփոխության, պատճառը կլինեն տնտեսական այն ձախողումները, որոնք երկրում տեղի են ունենում ավելի քան 10 տարի: Էրդողանը վերջին մի քանի տարիներին զրկվել է բնակչության աջակցությունից լիրայի մի շարք փլուզումների պատճառով: Վատթարացել է մարդկանց կյանքը, ինչի համար Էրդողանն ուղղակի պատասխանատվություն է կրում իրականացրած քաղաքականության համար: Էլ չենք խոսում այն մասին, որ երկրում նորակառույցներում ապրելն այսօր թուրք հանրության մեջ ընկալվում է որպես մահվան դատավճիռ: