Պատերազմից առաջ մենք ջրային քաղաքականության այլ տեսլական ունեինք, ջրային տնտեսության արդյունավետ կառավարման այլ առաջարկներ էինք անում։ Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է. որոշ տարածքների կորստով կորցրեցինք ջրային պաշարների ակունքներ։ Եթե շատ արագ չհասկանանք ձեռնարկվելիք քայլերի հերթականությունը, կունենանք ջրի խնդիր։ Իսկ քայլերը հասկանալու եւ իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար պետք է ամբողջական պատկերն ունենանք։
2019 թ. Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող Հայկ Գաբրիելյանը, խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արաքսի հիդրոհանգույցների հիմնախնդրից, նշել էր, թե Հայաստանը (Արցախի հետ համատեղ) ունի հիդրոդոնորի վերածվելու եւ տարածաշրջանում ջրի գնորդներ (արաբական երկրներ, Իրան) գտնելու լավ հեռանկարներ. «Անկասկած ենք համարում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է ասպարեզ իջնել ջրային խաղացողի կարգավիճակով։ Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում ջրային խոշոր նախագծեր իրագործելը (ջրահոսքի նվազեցումը) Հայաստանին կարող է դրդել ջրամբարաշինության ծավալները մեծացնելու համար՝ Ադրբեջանի դեմ ջրային լուրջ լծակ ձեռք բերելու եւ տարածաշրջանում ջրային խաղացողի եւ հիդրոդոնորի վերածվելու հեռանկարներով։ Դա նշանակում է, որ Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում հիդրոհանգույցներ կառուցելը կարող է Հայաստանի համար լինել թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն»։
Թուրքագետ հետազոտողը չէր բացառել, որ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել «ադրբեջանական նավթային դարաշրջանի» (իրական) մայրամուտի եւ «հայկական ջրային դարաշրջանի» արեւածագի մեկնարկներին, ինչը մեծապես փոխելու էր իրավիճակը տարածաշրջանում։ Մասշտաբային ջրամբարաշինության այդ նոր փուլը կարելի է իրականացնել զգուշորեն՝ այն պատճառաբանելով Թուրքիայի կողմից Արաքսի գետահոսքի նվազեցմամբ, որպեսզի Ադրբեջանը Հայաստանից ու Արցախից եկող գետերի վրա նոր ջրամբարների կառուցումն ու ջրահոսքերի նվազեցումը չդիտարկի որպես պատերազմի առիթ. «Ամեն դեպքում հայկական կողմի հիդրոհանգույցները խիստ գրավիչ կդառնան Ադրբեջանի համար եւ կարող են հայտնվել նրա թիրախում։ Իսկ նման պատմական փորձ կա. Իսրայելի բանակի նախկին հրամանատարներից Մոշե Դայանը հայտարարել էր, որ ջուրն Իսրայելի համար այնքան կարեւոր է, որ 1967 թ. իրենք արաբների դեմ պատերազմի մեջ մտան նաեւ ջրային աղբյուրները վերահսկողության տակ առնելու համար։ Ընդ որում՝ 1967 թ. վեցօրյա պատերազմի արդյունքներով Իսրայելի տարածքը քառապատկվեց, եւ այսօր Իսրայելն իր ջրային կարիքների մի զգալի մասը (որոշ տվյալներով՝ 1/3-ը) ապահովում է Սիրիայից խլած Գոլանի բարձունքների ջրային ռեսուրսներով»։
Ավելին, Հ. Գաբրիելյանի խոսքերով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայելը միակ երկիրն է աշխարհում, «որը երեք տասնամյակում ստորին հոսքի երկրից վերածվեց վերին հոսքի երկրի՝ հարեւաններից տարածքներ խլելու շնորհիվ։ Եվ եթե նախկինում Իսրայելը, երբ ստորին հոսքի երկիր էր, պահանջում էր անդրսահմանային գետերի ջրերի խելամիտ բաշխում, ապա վերին հոսքի երկիր դառնալուց հետո սկսեց առաջ քաշել ջրային ռեսուրսների նկատմամբ իր տարածքային բացարձակ սուվերենության իրավունքը։ Ավելորդ չէ նշել նաեւ, որ հետագայում Իսրայելը հրաժարվում էր ստորագրել խաղաղության պայմանագիր, որը չէր երաշխավորի քաղցրահամ ջրերից իր օգտվելը։ Իսրայելը շարունակ մատնանշում է, որ վերջին 4 տասնամյակի ընթացքում 30 մլրդ դոլար է ներդրել Հորդանան գետի ավազանում, այդ թվում նաեւ՝ գրաված տարածքներում ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու համար»։
Այս փաստը նպատակային մեջբերեցինք։ Դեռ խորհրդային տարիներից Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ հիդրոահաբեկչական քաղաքականություն են որդեգրել՝ անթաքույց։ Նոր ստեղծված արհեստական Ադրբեջանը 1919 թ. արդեն բացահայտ խոսում էր Հայաստանից այն տարածքը խլելու մասին, որտեղ գտնվում են, օրինակ՝ Արփա եւ Որոտան գետերի ակունքները։ Կամաց-կամաց նրանք տիրանում էին մեր «կապույտ երակներին», ինչպես առիթով ասել ենք, իրենց հետեւողականության եւ մեր քաղաքական անհեռատեսության հետեւանքով։ Արցախյան առաջին ազատամարտի տարիները արդարացիորեն շտկեցին իրավիճակը։ Բայց վերջին՝ 2020 թ. պատերազմը դարձյալ փոխեց դրությունը։ Եվ ամենեւին պատահական չէր, որ նրանք աչք տնկեցին նաեւ Քարվաճառի վրա, տարածք, որ սաղարթախիտ ու կուսական անտառների, լեռնային գետերի, ջրվեժների, տաք հանքային աղբյուրների ու լճերի տարածք է։ Տարածք, որը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային դոնորն էր:
Թուրքիան ու Ադրբեջանն այսօր էլ հետեւողական են ջրային աշխարհաքաղաքականության հարցերում եւ շարունակում են հիդրոահաբեկչական քայլերը. թյուրքի՝ արդեն 1,5 ամիս ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժումը նաեւ այս համապատկերում պետք է դիտարկել։
Հիմա՝ ինչպես վերեւում ասացինք, Հայաստանը ջրի հնարավոր խնդիրները լուծելու համար պետք է քայլեր ձեռնարկի, իսկ այդ քայլերն էլ անելու համար նախ պետք է ունենալ հստակ պատկերը։ Այն է՝ ջրային պաշարների առումով ինչ վիճակում ենք հիմա՛։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում մուտք գործեցինք «Հայաստանի էկոպորտալ. ջրերի բաղադրիչ», որտեղ ներկայացված են մեր երկրի եւ՛ մակերեւութային, ե՛ւ ստորերկրյա ջրային պաշարների տվյալներ, բայց՝ 2008, 2010, 2011, 2012 թվականների տվյալներ։ Կար նաեւ ջրային պաշարների վերաբերյալ ավելի մանրամասն զեկույց, որ կազմել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի/ Համաշխարհային բանկի աշխատակազմը՝ թվագրված 2014 թ.։ ՇՄ նախարարության «Ջրային ռեսուրսներ» բաժնում էլ ամենաթարմ տվյալները, որ ներկայացված են, վերաբերում են 2019 թ. ջրառին, ջրօգտագործմանն ու ջրահեռացմանը։ Պատերազմից հետո գոնե մոտավոր պատկեր ընդհանուր վիճակի՝ չկա։ Կրկնում ենք՝ ընդհանուր, ոչ թե մասնակի տվյալ այս կամ այն ջրամբարի, այս կամ այն ծրագրի…