Օտարագիր հայ գրողներից քչերին է բախտ վիճակվում նույնքան ճանաչված ու սիրված լինել նաեւ մայր հայրենիքում, որքան այն երկրում, որտեղ ծնվել, հասակ առել ու ստեղծագործել են իրենք: Այդ քչերից է բուլղարահայ բանաստեղծ, անվանի վիպասան Սեւդա Սեւանը՝ անձնագրային անսովոր անուն-ազգանունով՝ Ֆրանսուհի Գեւորգի Բահչեջյան: Նրա ծնողները 1915-ի թուրքական յաթաղանից մազապուրծ հայեր էին՝ ապաստան գտած մայրաքաղաք Սոֆիայում:
Բուրգասի հայկական վարժարանը, ապա Սոֆիայի համալսարանի բուլղարական բանահյուսության ֆակուլտետն ավարտած հայուհին, ինչպես եւ շատ գրողներ, իր գործունեությունն սկսել է լրագրությունից՝ աշխատելով «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում: Գրական ճանապարհի սկզբից եւեթ նախընտրել է Սեւդա Սեւան կեղծանունը, որտեղ Սեւդա-ն նշանակում է սեր, իսկ Սեւանը՝ հայոց լեռների կապուտաչյա դիցուհին՝ որպես հայրենիքի հանդեպ սիրո ու անանց կարոտի խորհրդանիշ: Բանաստեղծական է հնչում ապագա վիպասանի անունը, եւ դա յուրօրինակ խորհուրդ ունի. Բուլղարիայի գրական շրջանակներում օտարագիր հայուհին նախապես հայտնի էր դառնալու որպես բանաստեղծ: 24 տարեկանում լույս է ընծայում իր երախայրիք ժողովածուն՝ «Քար քարի վրա» խորագրով: Այս եւ բանաստեղծական այլ գրքերի բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել են նաեւ հայերեն: Իսկ Բուլղարիայում նա՝ որպես բանաստեղծ այնքան էր հայտնի, որ երբ հրատարակվեց «Ռոդոսթո, Ռոդոսթո» հանրահայտ վեպը, շատերն սկսեցին չարախոսել, թե բանաստեղծական ժողովածուներով մեծ ճանաչում ունեցող Սեւդան չէր կարող այդ մակարդակի գեղարվեստական արձակ ստեղծել: Նշում էին անգամ «հեղինակի» անունը՝ նրա ամուսին Վրբան Ստամատովը, որ իր երկրում հռչակված անուն էր, վայելում էր հայամետի համբավ եւ հրատարակել էր «Մակույկով մինչեւ Արարատ» սքանչելի գիրքը: Բայց ժամանակի ընթացքում նման բանսարկությունները տեղի էին տալու: «Ռոդոսթո»-ին հաջորդում են «Որեւէ տեղ Բալկաններում», այնուհետեւ՝ «Տեր Զոր» եռագրություն-վեպերը, որոնցում ներկայացված են Հայոց մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի եւ բուլղարական զորամասերի ազգային-ազատագրական համատեղ ռազմական գործողությունները: Այս ծանրակշիռ ստեղծագործություններով Սեւդա Սեւանը հաստատում է իր տեղը գրական անդաստանում, մեծ համարում ձեռք բերում նաեւ իր ապրած երկրի սահմաններից դուրս: Հայրենապաշտ գրողը, որի արյան մեջ տրոփում էր եղեռնազարկ իր ազգի վշտի ու ցավի մորմոքը, 1988-ին սցենար է գրում Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի համար, թարգմանում Գեւորգ Էմինի բանաստեղծություններից, հաճախակի այցելում իր սրտում ընդմիշտ փայփայելի աստվածաշնչյան երկիր Հայաստան: Հետո խոստովանելու էր. « Կարոտից էր, որ ես բուլղարերենով գրեցի հայերեն վեպ, կարոտից էր, որ եկա Հայաստան, կարոտից դարձա Հայաստանի քաղաքացի: Դա վեց հարյուր տարվա կարոտ էր…»:
Հայաստանի անկախացումից հետո՝ 1994-1999 թվականներին, Սեւդա Սեւանն աշխատում է Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005 թթ.՝ արտակարգ եւ լիազոր դեսպան: Թեեւ աշխատել է պատասխանատու այդ պաշտոնում, բայց չի թաքցրել իր հիասթափությունը հետանկախական շրջանի ղեկավարների վարք ու բարքից, նրանց վարած քաղաքականությունից: Նրա կարծիքով՝ ամենաանտանելին այն է եղել, որ իշխանավորները զարմանալի ճկունությամբ հարմարվել էին իրենց պաշտոններին ու վայելում էին դրանք առանց բարդույթների: «Դա էլ ոչինչ,- ասում էր,- սկսել են արհամարհել այն ժողովրդին, որի ուսերի վրա բազմած եկել են իշխանության…»: Դեպքեր են եղել, երբ այդ ամենի մասին ինքն արտահայտվել է անթաքույց եւ արժանացել կոպիտ դիտողությունների: Եվրոպական երկրում ապրած հայուհուն մշտապես մտահոգել է նույն եվրոպայի թրքացումը. «Բուլղարիան դեռ մի կողմ, գիտե՞ք, թե Գերմանիայում ինչքան թուրք կա. եթե այս արագությամբ շարունակվի՝ Եվրոպայում եվրոպացի չի մնա…»:
Անարգել տարածվելու, նվաճելու, ստով ու կեղծիքով մարդկությանը մոլորեցնելու թուրքական մոլուցքը Սեւդան համարում էր ներկա աշխարհի ամենամեծ վտանգներից մեկը: Պատմում էր, թե Բուլղարիայում ինչ վերաբերմունք կա թուրքերի նկատմամբ: Մի պահի, երբ իշխանությունները փորձել են այդ տարրը երկրից հեռացնել, սկիզբ է առել ազգային մեծ խանդավառություն, սակայն միջազգային ճնշմամբ հետքայլ է կատարվել, ինչը ժողովրդի մեջ առաջացրել է հուսալքություն, իսկ թուրքը դրանից ավելի է ոգեւորվել ու լկտիացել: Նրա կարծիքով՝ անկախ Հայաստանն իրավունք չունի Հայոց ցեղասպանության հարցում դիտողի դեր ստանձնել: «Ինչպե՞ս թե ճանաչման հարցով պետք է սփյուռքը զբաղվի,- զայրացել է,- ուրեմն ինչո՞ւ էինք երազում, որ անկախ հայրենիք ունենանք, որպեսզի պաշտոնյաները արտասահման գործուղումների՞ մեկնեն…»:
Իր հայ հայրենիքի ճակատագրով մտահոգ բանաստեղծուհի-վիպասանը մտահոգ էր նաեւ հարազատ մինուճար զավակի ճակատագրով. «Բուլղարիայում թուրքերն այնքան են շատացել, որ վախենում եմ որդիս ամուսնանա, ու մի օր պարզվի, որ իր կինը թուրք է…»,- զրույցներից մեկում չէր թաքցրել ծնողական սրտի ներքին տագնապը…
Օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցչի ստեղծագործական ժառանգությունը կրում է հայրենազրկման չփարատվող ցավի կնիքը, որն այսօր էլ ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուր հազարավոր մեր հայրենակիցներն ու նրանց սերունդները: Գրականությունն այն միջոցն էր, որով նա բարձրաձայնում էր ճշմարտությունն ընդդեմ ուրիշի ցավի նկատմամբ աշխարհի լռության ու անտարբերության: Նա ջանում էր խոսքի ուժով ամրացնել մարդկության դիմադրությունը նմանօրինակ ոճիրների կրկնության հանդեպ: Իսկ ոճրագործները տակավին չեն փոխվում եւ շարունակում են հավատարիմ մնալ արնաբերան իրենց նախորդներին:
Ամփոփենք. «Հայերիս անելիքը հայ մնալն է, մեր ունեցածը պահպանելով ենք մուտք գործելու այն աշխարհ, որտեղ թուրքը տեղ չի ունենա». Սեւդա Սեւանի համոզմունքն էր, որ զանգի նման է հնչում այս վտանգավոր ու խառնակ ժամանակներն ապրողներիս բթացած ունկերին…