Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, հնարավոր ելքերի, բրյուսելյան վերջին հայտարարության քաղաքակրթական եւ իրավաքաղաքական հետեւանքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։
– Պրն Բաբայան, մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման ավարտին արված ԵԽ նախագահի հայտարարությունն ավելի է սրում իրավիճակն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շուրջ։ Կպարզաբանե՞ք նման հայտարարության վտանգավոր հետեւանքները։
-Նման հայտարարությունը պարզապես խայտառակություն է, խնդիրն անձի մեջ չէ, թեեւ գիտենք, որ Շառլ Միշելի հետ կապված հարցեր կան տարբեր մակարդակներում, այդ թվում՝ օրենքի հետ, տեղյակ ենք նաեւ, թե ինչպիսի բարոյահոգեբանական կերպար է, բայց սա դնում ենք մի կողմ։ Փաստորեն, հավաքական Եվրոպան՝ ի դեմս Միշելի, Արցախի նկատմամբ իրականացրեց Մյունխենյան սարսափելի դավադրության կրկնությունը։ Ինչպես 1938 թ. այսպես կոչված ժողովրդավարական երկրները Չեխոսլովակիան ծախեցին նացիստական Գերմանիային, այսօր նրանց հետնորդները ծախում են ժողովրդավարական Արցախը տոտալիտար Ադրբեջանին, եւ որեւէ կապ չունի` ճանաչվա՞ծ է Արցախը, թե՞ ոչ։ Սա խայտառակություն եւ հանցագործություն է մարդկության նկատմամբ։ Բնական է, որ հարցեր են առաջացնում։ Հիմա պետք է հասկանանք Երեւանի, Վաշինգտոնի եւ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումները, որպեսզի ըստ այդմ մենք՝ արցախահայերս, տեսնենք, թե ինչ ենք անելու, ինչպես է մեր պատմությունն առաջ շարժվելու դրանից հետո։
-Նշում ենք Արցախը, արցախահայությունը, սակայն նկատենք, որ Արցախի հայկական մնալու հեռանկարով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը։ Միայն Արցախի խնդիրը չէ։
-Այո, բնականաբար միայն Արցախի խնդիրը չէ, բայց պատկերը պարզելու համար պետք է այդ հարցերի պատասխանն ունենանք։ Եթե Արցախը հանձնվեց Ադրբեջանին, եւ Հայաստանի կողմից նույնպես ընդունվի նման որոշում, պետք է հասկանալ՝ դա իշխանության, հասարակության, թե ինչ-որ մարդկանց մոտեցումն է։ Միշելը թիվ է հնչեցրել՝ 86.600 քառակուսի կիլոմետր, սա Խորհրդային Ադրբեջանի տարածքն է Արցախի հետ միասին։ Այդպիսով՝ նա փոքրացրել է մանեւրելու հնարավորությունը՝ հասցնելով նվազագույնի։ Եթե հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները հրաժարվում են Արցախից, ապա դա նշանակում է, որ վերակազմավորվում է հայ ինքնությունն ընդհանրապես։ Մենք պետք է հասկանանք նման որոշման ծանր հետեւանքները։ Դրանից հետո արդեն պետք է հասկանանք, թե ինչ է հայը, ով է հայը, ինչ է Հայաստանը, եւ ընդմիշտ պապանձվելու ենք, այլեւս չենք խոսելու Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի կամ Տիգրան Մեծի մասին, որովհետեւ այլեւս հայ չենք լինելու։ Սա արդեն հայ ժողովրդի կողմնորոշման, ինքնորոշման հարց է։ Մեր երկրում, մեր պատմության մեջ մի քանի նման դրվագներ են եղել, օրինակ՝ Հայկի եւ Բելի ճակատամարտը, քրիստոնեության ընդունումը, հիմա՝ Արցախը։ Ով ենք մենք, հայ ենք, թե հայ չենք, մենք միայն կենդանական բնազդնե՞րն ենք ուզում բավարարել, թե՞ ժողովուրդ ենք, որը տվել է հազարավոր զոհեր եւ փայլուն հաղթանակներ կերտել։ Արցախը հանձնելուց հետո այդ ամենը վերանալու է։
-Դուք խոսեցիք քաղաքակրթական մակարդակով մեզ սպառնացող վտանգների եւ մարտահրավերների մասին, միաժամանակ այդ հայտարարությամբ ոտնահարվում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, Անկախության հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունը։ Նման պարագայում, այսինքն՝ իրավական հարթությունում, իրավունք ունե՞ն, արդյոք, Հայաստանի իշխանությունները ճանաչել Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականությունը»։ Այստեղ նաեւ իրավական խնդիրների առջեւ ենք կանգնում։
-Միանշանակ, բայց իրավականն արդեն երկրորդական, երրորդական, եթե ոչ հազարերորդական է դառնում այն բոլոր վտանգների եւ հետեւանքների պարագայում, որոնք ծագելու են դրանից հետո։ Հարց է առաջանում, իսկ Միշելն իրավական հիմք ունի՞ նման հայտարարություն անելու, ով է նա, որ ստանձնել է արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը։ Նա մեջբերում է Ալմա Աթայի հռչակագիրը, որտեղ նման բաներ չկան գրված։ Նույն հաջողությամբ կարող է մեջբերել որեւէ սարքի օգտագործման ուղեցույց եւ հայտարարել, որ դրա հիման վրա են Արցախը հանձնում։ Տարբերություն չկա, ոտնահարվում է ամեն ինչ։ Սակայն մենք ավելի գլոբալ, քաղաքակրթական մարտահրավերի առաջ ենք կանգնում Արցախը հանձնելով։ Իրավականը երկրորդական է դառնում, երբ քաղաքակրթական հարթությունում խեղվում է հայ ազգի ինքնությունը։
-2020 թ. ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նույնպես ամրագրված է, որ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը», իսկ «բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։ Որքանո՞վ է ներկայումս տարվող քաղաքականությունը համապատասխանում ընդունված ռազմավարության դրույթներին։
-Երբ կերպարանափոխվում է ազգը եւ վերածվում է այլ ազգի, ստացվում է, որ ամեն ինչից պետք է հրաժարվենք։ Դա կլինի ստորագրություն, որ մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, որ չկա Արեւմտյան Հայաստան հասկացություն, չկա ցեղասպանություն, կլինեն մարդիկ, որ կհայտարարեն, թե «լավ են արել», որ ցեղասպանություն է եղել, որովհետեւ «դա Հայաստան չէ» եւ նման այլ վտանգավոր հայտարարություններ։ Ավելի ծանր, սարսափելի մարտահրավերների առջեւ ենք կանգնելու, ինչին հայոց ներկա պետականությունը չի կարողանալու դիմակայել եւ կործանվելու է։ Դրա համար ավելի խորքային պետք է մոտենանք հարցին։ Հայտարարությունը խախտում է մի շարք այլ փաստաթղթեր եւս։ Քանի-քանի անգամ է ասվել, որ միասնական պետություն ենք, Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Լավ, հարց է ծագում՝ հիմա ի՞նչ է կատարվում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է Հայաստանը եւ ինչ է հայ ազգն ընդհանրապես, իսկ սա կարող ենք իմանալ հստակ պատասխան ստանալով պաշտոնական Երեւանից եւ ՀՀ հասարակությունից։ Միգուցե հասարակությո՞ւնն է ուզում այդ ամենը, միգուցե հասարակությունն ուզում է սպանե՞լ Արցախը։
-Որո՞նք են անելիքները Արցախի վերջնական բռնազավթումը կասեցնելու եւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Կա՞ն ելքեր։
-Ելք կա։ Պետք է չընդունենք Ադրբեջանի լուծը, ոչխար չպետք է դառնանք, ոչխարի վերջը խորովածն է։ Երկու ելք է մնում, երկուսն էլ շատ ծանր եւ պատմական. մեկը՝ պայքար, որը չգիտենք, թե ինչպես է վերջանալու՝ հաղթելու ենք, թե պարտվելու, եթե անգամ կոտորվելու ենք, ապա արժանապատիվ ձեւով։ Երկրորդը՝ ընդունելով այդ լուծը եւ թքելով բոլոր նրանց վրա, ովքեր ծախել են Արցախը, կապ չունի՝ երկիր է, թե անհատ, եւ դուրս ենք գալիս Արցախից գենոֆոնդը փրկելու համար։ Թող դա խարան լինի բոլոր նրանց ճակատներին, ովքեր մեզ այս օրին են հասցրել։ Այնուհետեւ լինելու է Աստծո պատիժը։ Հարյուր տոկոս կլինի, բայց առանց մեզ։
-Վերջերս Դուք եղաք մի շարք երկրներում, հանդիպումներ ունեցաք։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժը։ Ի՞նչ տրամադրություններ կային սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում։ Այս պայմաններում կարո՞ղ է սփյուռքը դերակատարություն ունենալ։
-Սփյուռքը մեր ամենամեծ հպարտություններից մեկն է։ Այո, այն ստեղծվել է որպես ողբերգությունների հետեւանք, բայց սփյուռքը նույնպես մեծ ուժ է, փափուկ ուժ, եւ այն պետք է օգտագործել։ Այստեղ մի խնդիր կա, որը նույնպես պետք է արմատապես վերանայվի սփյուռքի քաղաքականության մեջ, հատկապես արեւմտյան հատվածում։ Այդ հատվածը միշտ էլ վիթխարի աշխատանք եւ նշանակալի գործողություններ է իրականացրել, միշտ եղել եւ շարունակում է մնալ Արցախի կողքին, բայց անհրաժեշտ է սկզբունքային փոփոխություններ մտցնել նրանց ռազմավարության մեջ։ Սա ուղղակի խորհուրդ է։ Խնդիրն այն է, որ Արեւմտյան սփյուռքն իր գործողություններում միշտ հիմնված է եղել այդ արժեհամակարգի վրա, այդ թվում նաեւ ժողովրդավարական բաղադրիչի, մարդու իրավունքների եւ այլնի։ Հիմա աշխարհը թեւակոխել է այնպիսի աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ այդ գաղափարներն այլեւս չեն աշխատում։ Պարզ օրինակը՝ Միշելի հայտարարությունը։ Դրա համար պետք է համապատասխան փոփոխություններ մտցնել նաեւ սփյուռքի աշխատանքի մեջ, հակառակ դեպքում ստացվում է, որ իրենք ժողովրդավարությամբ եւ արժեհամակարգի մյուս բաղադրիչների վրա են հիմնվում իրենց գործունեությունն իրականացնելիս, մինչդեռ բոլորը, այդ թվում՝ ժողովրդավարության բաստիոններ կոչեցյալները, հեռացել են ժողովրդավարությունից։ Արդյունքում շատ գործընթացներ ավարտվում են միայն հայտարարությունների մակարդակում, իսկ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այդ նրբությունը եւ համապատասխան փոփոխություններ մտցնել աշխատանքի մեջ։