«Հյուպատոսական գրառումներ»-ը բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, մշակույթի գործիչ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի տասնչորսերորդ հեղինակային գիրքն է: Վերջերս լույս տեսած գրքում հայ-սերբական մշակութային կապերի առաջին մեծ գիտակը ներկայացնում է 2006 թ. նոյեմբերին ՀՀ-ում Սերբիայի պատվավոր հյուպատոս նշանակվելուց հետո դիվանագիտական գործունեության շրջանակներում տարբեր ոլորտների գործիչների հետ մինչեւ 2022 թ. ավարտը տեղի ունեցած հանդիպումների մասին օրագրային գրառումները: Այդ գրառումները, սակայն, չեն սահմանափակվում միայն այս կամ այն անձի հետ զրույցի բովանդակության շարադրմամբ: 60-ից ավելի հանդիպումները ամբողջությամբ արտացոլում են մեծ հայրենասեր, ազգային մտածելակերպ ունեցող գործչի դիվանագիտական առաքելության գաղափարական հենքն ու նպատակային հիմնական թիրախները: Բաբկեն Սիմոնյանի հայրենասիրությունը (ի դեպ, այս բառը 320 էջանոց գրքում չի հանդիպում ոչ մի անգամ) դրսեւորվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ իր երկրորդ հայրենիքը դարձած Սերբիայի նկատմամբ:
Երկու երկրների առաջին դեմքերը, հոգեւոր առաջնորդները, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ գրական-մշակութային գործիչները հյուպատոսի բազմագիտակության շնորհիվ առաջին հերթին ծանոթանում են երկուստեք պատմության կարեւորագույն դրվագների հետ, որոնք շատ նմանություններ ունեն: «Հյուպատոսական գրառումներ»-ը այս առումով առաջին հերթին յուրօրինակ դասագիրք կարող է համարվել երիտասարդ դիվանագետների համար:
Սերբիան 1389-ի Կոսովոյի հայտնի ճակատամարտից հետո դարեր շարունակ գտնվել է օսմանյան տիրապետության տակ՝ ազատագրվելով միայն 19-րդ դարում: 1878-ի Բեռլինի վեհաժողովում ազատատենչ սերբերի ու չեռնոգորցիների «արյունոտ սրերը» բախտորոշ եղան, նրանք ստացան իրենց բաժին «հարիսան»՝ ազատությունը, մինչդեռ վեհաժողովի «մեծավորները» ոչ հայանպաստ որոշում կայացրին եւ «թղթե շերեփի» հայտնի պատմութան արդյունքը եղավ 20-րդ դարասկզբի խոշորագույն աղետը՝ Հայոց ցեղասպանությունը: «Բեռլինի վեհաժողովից անցել է շուրջ 140 տարի: Հաճախ եմ մտորում, իսկ ի՞նչ է փոխվել աշխարհում: Կարելի է ասել՝ համարյա ոչինչ…»,- Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ ցավով է նշել Բաբկեն Սիմոնյանը: «1915-ից հետո ճակատագրական եղավ 1921 թվականը, երբ բոլշեւիկյան դաժան վարչակարգի օրոք, առանց հաշվի առնելու հայ ժողովրդի կարծիքը, Հայաստանից անջատվեցին Արցախն ու Նախիջեւանը եւ բռնակցվեցին երբեք գոյություն չունեցած նորաթուխ Ադրբեջանին,- ՀՀ-ում Սերբիայի դեսպան Լիլիանա Բաչեւիչի հետ զրուցելիս ասել է հյուպատոսը,- միաժամանակ հիշենք Հարավսլավիայի նախագահ Բրոզ Տիտոյի «առատաբաշխ ձեռքով» հարեւան հանրապետություններին նվիրված սերբական պատմական որոշ տարածքներ տալու պատմությունը»: Բաբկեն Սիմոնյանը իր զրուցակիցներին հանգամանալից բացատրում է Կոսովոյի եւ Արցախի հիմնախնդիրների տարբերությունը. «Արցախը հայոց պատմական հող է, ադրբեջանական նորաթուխ պետության կազմում երբեք չի եղել եւ 1991-ին անկախություն է ձեռք բերել հանրաքվեի միջոցով: Մինչդեռ Կոսովոյում, որը Սերբիայի պատմական բնօրրանն է, հանրաքվե չի անցկացվել, պարզապես նվիրվել է ալբանացիներին՝ առանց հաշվի առնելու սերբերի կարծիքը»:
Հյուպատոսի հետ զրուցող բոլոր գործիչները հիացական խոսքեր են ասում հայ-սերբական հարաբերությունների, Սերբիայում հայկական համայնքի, պատմական կառույցների մասին նրա ունեցած հիմնարար ու արժեքավոր տեղեկությունների եւ փաստերի վերաբերյալ: «Մեր կապերն ավելի քան 780 տարվա պատմություն ունեն՝ սկսած սերբ առաջին արքեպիսկոպոս Սուրբ Սավայից, ով իր մահից ամիսներ առաջ այցելել է Կիլիկյան Հայաստան, հիացել հայկական վանքերով ու հուշարձաններով, իսկ ավելի ուշ՝ հայ շինարար վարպետներ հրավիրել Սերբիա, ովքեր մասնակցել են սերբական վանքերի կառուցմանը»,- 2014 թ. Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ Երեւանում հանդիպելիս բացատրել է հյուպատոս Սիմոնյանը: Երկխոսությունների ընթացքում մտավորականը իր ցավն է հայտնել 1739-ին թուրքերի կողմից Բելգրադի հայկական եկեղեցու կործանման, ինչպես նաեւ 1963-ին Նովի Սադի եկեղեցու՝ ճանապարհաշինության պատրվակով քանդվելու կապակցությամբ: Բաբկեն Սիմոնյանը երեք անգամ այցելել է Վիեննա, մանրազնին ուսումնասիրություններ է կատարել տեղի Մխիթարյան միաբանության դիվաններում, որոնցում արժեքավոր նյութեր են պահպանվել երկու ժողովուրդների հարաբերությունների, Սերբիայում հայկական համայնքի մասին: Այս այցելության մասին նույնպես կարելի է կարդալ գրքում:
Հայ-սերբական բարեկամության նորօրյա պատմության առաջնաքայլը եւս կապված է ցավոտ իրադարձության հետ. 1988-ի դեկտեմբերին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, Հարավսլավիայից Երեւան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել եւ անձնակազմի սերբ 7 օդաչուներ զոհվել են… Վթարված ինքնաթիռի մասերից, ի հիշատակ զոհված օդաչուների, վթարի վայրում կառուցվել է հուշահամալիր, որը երկու ժողովուրդներին միավորող յուրօրինակ կամուրջ է: Հայաստան ժամանող յուրաքանչյուր սերբ Բաբկեն Սիմոնյանի ուղեկցությամբ պարտադիր այցելում է Արմավիրի մարզում գտնվող այս հուշահամալիրը, հարգանքի տուրք մատուցում, այնուհետեւ, հնարավորության դեպքում, անպայմանորեն այցելում Մայր Աթոռ՝ հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, հետո պարտադիր լինում է Մատենադարանում եւ Երեւանի, մարզերի մյուս պատմական-մշակութային կարեւորագույն կենտրոններում:
Գրքի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել նաեւ Բաբկեն Սիմոնյանի գրական-թարգմանական, հրատարակչական գործունեության մասին: Ինչպես զրույցների ընթացքում, այնպես էլ վերջում տեղադրված կենսագրականից ծանոթանում ենք նրա հեղինակած, թարգմանած, նրա աշխատասիրությամբ ու առաջաբանով հրատարակված գրքերի, բանաստեղծական ժողովածուների հետ, ինչպես նաեւ տարբեր բուհերում, թանգարաններում, մշակույթի օջախներում հայ-սերբական հարաբերությունների մերձեցմանն ու միջմշակութային կապերի ամրապնդմանը միտված դասախոսությունների, հանդիպումների մասին:
Լինելով մտավորական, գրչի մարդ՝ Բաբկեն Սիմոնյանը տարբեր առիթներով չի երկմտում անհամաձայնություն դրսեւորել նաեւ Սերբիայի քաղաքական որոշ գործիչների հետ հանդիպումներում՝ արդարացիորեն խոսելով նրանց ոչ համաչափ վերաբերմունքի եւ անարդարացի պահվածքի մասին՝ հանդեպ Հայաստանի եւ ի նպաստ Ադրբեջանի: Օրինակ, Նովի Սադի պուրակներից մեկում տեղադրված է ադրբեջանցի անհայտ կոմպոզիտորներից մեկի կիսանդրին, մինչդեռ Արամ Խաչատրյանի պես աշխարհահռչակ անհատականության մասին ոչինչ հիշատակող չկա, կամ էլ՝ ո՞ր արժանիքների համար է Հեյդար Ալիեւի արձանը տեղադրված Բելգրադի Թաշմայդան զբոսայգում: Այս հարցերն առանց վարանելու ուղղում է Բաբկեն Սիմոնյանը իր սերբ բարեկամներին:
Հյուպատոսն ամեն առիթ օգտագործում է նաեւ մեծարելու իրեն Սերբիայի հանդեպ սեր եւ հետաքրքրություն սերմանած երկու անձանց՝ իր պատմության ուսուցչուհուն՝ Արուս Սարգսյանին եւ Սանկտ Պետերբուրգի համալսարանում իրեն սերբերեն սովորեցրած անվանի սերբագետ Իրինա Արբուզովային: Գրքի վերջում տեղադրված հավելվածում ներկայացված են տարբեր անձանց՝ Բաբկեն Սիմոնյանին ուղղված նամակները, որոնց միջոցով ամբողջական պատկերացում ենք կազմում գործչի բացառիկ անհատականության եւ մարդ տեսակի մասին: Պատահական չէ, որ անվանի շատ մարդիկ նրան անվանում են հայ-սերբական բարեկամության ճարտարապետ: Բախտակից երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ գրական-մշակութային, նաեւ հասարակական գործունեության համար նա պարգեւատրվել է բազմաթիվ արժեքավոր մրցանակներով, այդ թվում՝ Սերբիայի Հանրապետության պետական պարգեւով՝ Ոսկե մեդալով:
Հովհաննես ՍԱՐԳՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ
հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
Հ.Գ. Գրքի ընթերցումն ավարտելուց հետո կարող եմ վստահորեն երկրորդել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանի՝ բանասիրական ֆակուլտետում կայացած գրքի շնորհանդեսին արտահայտած միտքը. «Հյուպատոսական գրառումներ»-ը վերջին շրջանում կարդացածս ամենահայրենասիրական գիրքն է»: