Այս տարի, ապրիլին երկաթուղու Դալարիկ-Արաքս գծահատվածում գտնվող գծանցումում տեղի ունեցավ աղետալի դեպք. խճաքարով բարձված մի բեռնատարի վարորդ, խախտելով երթեւեկության կանոնները, անտեսելով, որ գծանցը փակվել է մոտեցող էլեկտրագնացքի անվտանգ անցման համար, փորձել է մինչ գնացքի մոտենալը շրջանցել արգելափակոցը, ինչը չի հաջողվել: Անխուսափելի բախման հետեւանքով տուժել է ոչ միայն բեռնատարի վարորդը, այլեւ էլեկտրագնացքի մեքենավարը (ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց), անմասն չեն մնացել նաեւ էլեկտրագնացքի 120 ուղեւորներից ոմանք, իսկ նյութական մեծ կորուստների մասին էլ ավելորդ է խոսել: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆայել Սեխլեյանի տեղեկացմամբ՝ նոր ձեռք բերված, ժամանակակից էլեկտրագնացքի վնասները վերականգնելու համար պահանջվելու է առնվազն 20 միլիոն դրամ: Գծանցումներում նման դեպքերը, ցավոք, հազվադեպ չեն, եղել են, որ ունեցել են ավելի ողբերգական հետեւանքներ, ուղեկցվել մարդկային կորուստներով: Ահա ինչպիսի ավարտ է ունենում, երբ վարորդները ընդամենը մի քանի րոպե չեն համբերում գծանցումներում՝ մինչեւ գնացքի անցնելը:
Ոչ մի երկաթուղի ապահովագրված չէ վթարներից ու դժբախտ պատահարներից: Բայց դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը կախված է այն բանից, թե վթարները տեխնածի՞ն են, թե՞ առաջացել են մարդու անհոգության, անտարբերության հետեւանքով: Ի՞նչ կարելի է ասել այն դպրոցականների, մարդկանց մասին, ովքեր երկաթուղու ռելսերի վրա դնում են մետաղի, փայտի կտորներ ու ապահով հեռվից դիտում, թե ինչ կպատահի մոտեցող գնացքի հետ: Մի քանի օր առաջ դպրոցականները ռելսերի արանքում ամրացրել էին երկաթուղային գծի մեխ (կաստիլ): Մոտենում էր 1900 տոննա դյուրավառ նյութերով բեռնված գնացքը՝ գրեթե 100 կմ/ժամ արագությամբ, որը վթարային արգելակման դեպքում անգամ կանգնում է մոտ 1 կմ անցնելուց հետո: Շնորհիվ մեքենավարի աչալրջության՝ հնարավոր եղավ խուսափել առավել լուրջ հետեւանքներից: Ինչ խոսք, գնացքը վնասներ ունեցավ, հուրախություն մեզ՝ հրդեհ տեղի չունեցավ:
Երկաթուղում տարօրինակ դեպքերի պակաս չկա: Գիտենք, որ ոմանք անհոգորեն քար են նետում գնացքների ուղղությամբ: Տարիներ առաջ Ղալթախչի կայարանի մոտակայքում մարդատար գնացքում քարի հարված ստանալուց հետո կոտրված ապակիների պատճառած վնասի հետեւանքով այդպես էլ կուրացավ 12 տարեկան մի աղջնակ: Հենց այս տարի փետրվարին նույն պատճառով (Արտաշատում դիմապակուն ստացած քարի հարվածից) երկար ժամանակ հիվանդանոց ընկավ էլեկտրագնացքի վարորդը: Կարելի է շատ ու շատ օրինակներ բերել, երբ դժբախտ պատահարների հեղինակները անչափահասներն են: Սպիտակ-Նալբանդ հատվածում տղան փորձեց գծերով անցկացնել իրենց 6 կովը: Չհասցրեց: Հայտնվեց էլեկտրագնացքը, կովերին տապալեց եւ ընկավ ռելսերից: Ծնողները վստահում են երեխաներին անասունները արածեցնելու տանել, նրանք անհոգորեն ուզում են անցնել գծերի վրայով, իսկ այդ պահին գնացքն է հայտնվում: Ականջակալներով երաժշտություն լսելով զբոսնել են գծերի մեջ, ոմանք կամեցել են անցնել գնացքի տակով, բարձրացել են վագոնի տանիք ու կախվել բարձր լարման հոսանքագծերից…
Ո՞ր մեկն ասես ու օրինակներ բերես: Դպրոցական արձակուրդի անհոգ օրերը մոտենում են: Արձակուրդներին մեր երեխաներն ավելի շատ ազատ ժամանակ են ունենում: Նրանք հաճախ անհոգության, չիմացության հետեւանքով հայտնվում են վտանգավոր իրավիճակներում, որոնք երբեմն ունենում են ողբերգական վերջաբան: Ինչ խոսք, խուսափել հնարավոր է, եթե մենք՝ բոլորս (առաջին հերթին ծնողները) լինենք զգոն, երկաթուղու նկատմամբ հանդես բերենք լուրջ ուշադրություն: Չէ՞ որ երկաթուղով մեր հացն է գալիս, նաեւ՝ մեզ այնքան շատ անհրաժեշտ այլ կարեւոր բեռներ: Այս տարվա ընթացքում երկաթուղու շնորհիվ արդեն մեր երկիր են հասցվել ավելի քան 83274 տոննա բեռներ՝ հացահատիկ, հեղուկ վառելանյութեր, շաքարի հումք, թեթեւ եւ ծանր արդյունաբերական արտադրանք, դեղորայք, սննդամթերք: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ այս տարի արդեն 2040 տոննա ապրանք մեր երկիր ավելի շատ է ներմուծվել: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հոգսերից մեկը երկաթուղում անվտանգ երթեւեկության ապահովումն է: Այդ նպատակով քիչ ջանքեր ու միջոցներ չեն ներդրվում:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի