«Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կերգեմ եւ սաղմոս կասեմ՝ նաեւ իմ փառքով։ Զարթնիր սաղմոսարան եւ քնար. եւ ես զարթնեմ առաւօտանց։ Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ, եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ»։ Սաղմոս 108։1-3
Այսինքն հարկավոր է վստահ լինել, որ մենք պատրաստ ենք, որ ե՛ս պատրաստ եմ։ Հիսուսի խոսքերն են, երբ Նա աղոթում էր Գեթսեմանի այգում, Հորն ասաց, որ ինքը պատրաստ է։
«Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են»։ Հայտնություն 19։9
Այս խոսքերից կարող ենք շատ լավատեսական եզրահանգումներ անել. ի վերջո Աստված մարդուն արարել է կյանքի համար, ոչ թե մահվան, երանության համար, ոչ թե տանջանքների։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հասել են հոգեւոր մաքրության, դեռ կյանքի օրոք հայտնություն են ստացել, որ իրենց անունը գրվել է Կյանքի գրքում։
«Եւ ես ընկայ նորա ոտների առաջին, որ երկրպագեմ նորան, եւ ասեց ինձ. Զգոյշ կաց, մի անիր. ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»։ Հայտնություն 19։9-10
Ոմանք փորձում են մեկնաբանել, թե հրեշտակներին պետք է ընդունել մեզ հավասար, քանզի Հովհաննեսին ասաց, որ Տիրոջը երկրպագի, իսկ ինքը ծառայակից է։ Այստեղ հաշվի չի առնվում մի շա՛տ կարեւոր հանգամանք. այն, որ դա ասվեց հատկապես Հովհաննես առաքյալին։ Ով Հիսուսի ամենասիրելի աշակերտն էր, ով Մարիամ աստվածածնի ուղեկիցն էր մինչեւ վերջ, ում, ի վերջո, տրված էր հրեշտակներից լսելու եւ գրելու Հայտնության գիրքը… Հրեշտակները չունեն ընտանիք, չունեն կենցաղային պահանջմունքներ, այլեւայլ կարիքներ, որ մենք ունենք։ Նրանք սիրում են Աստծուն եւ շա՛տ են սիրում։ Այստեղ Հովհաննես ավետարանիչի հետ նրանք ունեն ընդհանրություն. նա էլ չուներ ընտանիք, Աստվածածնից հետո այլեւս որեւէ պարտավորվածություն, բացի Տիրոջը ծառայելը չուներ եւ հրեշտակների նման շա՛տ էր սիրում Աստծուն։ Այնպես որ Հովհաննեսը կարո՛ղ էր հրեշտակին լինել «գործընկեր»։ Հրեշտակների հետ մենք ունենք ընդամենը մեկ ընդհանրություն՝ մեկ ընդհանուր Աստված։
Այնուհետեւ սկսվում է Հայտնության գրքի, թերեւս ողջ Աստվածաշնչի ամենակարեւոր տեսիլքի նկարագրությունը. Հիսուսի երկար սպասված հայտնությունը Աշխարհին։ «Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում»։ Հայտնություն 19։11
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ