Որքան էլ ադրբեջանցիները փորձեն պատմություն հորինել իրենց «հնագույն» արմատների մասին, որքան էլ որոշ լեհերի հետ միասին խայտառակվեն աշխարհով մեկ՝ 100 տարի անց, վերջապես, Բաքվի ճարտարապետության մեջ «լեհական հետք» «բացահայտելու» համար, որքան էլ ավերեն ու ոչնչացնեն հայկական պատմամշակութային ժառանգությունը, հայկական հետքը ոչնչացնել չեն կարող: Բազմաթիվ արժեքներ ոչ միայն այս կամ այն ոլորտի հիասքանչ կոթողներ ու ստեղծագործություններ են, այլեւ հայկականության հետ կապված են այնպիսի հետաքրքիր պատմություններով, որոնք ուղեկցել են այդ կոթողների ստեղծմանը եւ փոխանցվում են սերնդից սերունդ: Ուզում ենք հիմա խոսել հայերի հիմնադրած կոթողներից երկու մասին: Մեկին փորձում են ադրբեջանական «հագուստ» հագցնել, իսկ մյուսը բարբարոսության զոհ է դարձել:
Ադրբեջանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը հիացմունքի ու հպարտության առարկա է նրա բոլոր քաղաքացիների համար: Այդ երկրի ժողովրդական արտիստուհի Ջանեթ Սալիմովան մի առիթով այսպես է արտահայտվել. «Սա Բաքվի ամենաթատրոնն է, որն արտահայտում է քաղաքի ոգին»: Իսկ Բաքվի այդ հպարտությունը մի ժամանակ կրել է Մաիլով (Մաիլյան) եղբայրների անունը: Բանն այն է, որ 20-րդ դարասկզբին «խավիարային արքաներ» Դանիիլ եւ Իլյա Մաիլովները (Մաիլյան) Բաքվի սեփական հատվածում որոշեցին օպերայի հրաշագեղ թատրոն կառուցել: Այդ որոշման համար, իհարկե, հիմք կար…
1910-ականներին հյուրախաղերով Բաքու ժամանեց ռուս հայտնի օպերային մի երգչուհի: Նավթահորերով հարուստ քաղաքում նա մնաց մոտ մեկ ամիս: Սակայն այդ պահին այնտեղ օպերային թատրոն չկար, ուստի երգչուհին ելույթ էր ունենում այնպիսի տեղերում, որոնք բացարձակապես չէին համապատասխանում բարձր արվեստի ներկայացման չափանիշներին: Հրաժեշտի երեկոյի ընթացքում հավաքվածները հետաքրքրվեցին, թե էլ երբ կկարողանան նրան լսել: Երգչուհին պատասխանեց. «Հավանաբար, երբեք: Ես այլեւս չեմ պատրաստվում հանդես գալ կազինոներում, կրկեսում: Պարզապես ցնցված եմ, թե ձեր հիանալի, հարուստ քաղաքում, որտեղ շռայլ ասպետներ են ապրում, չկա օպերային թատրոն, որտեղ երգչուհիները կկարողանան ցուցադրել իրենց արվեստը»:
Երգչուհին պատրաստվում էր հյուրախաղերով մեկնել Ճապոնիա, որտեղ պետք է անցկացներ մոտ մեկ տարի, իսկ հետո վերադառնար Ռուսաստան: Սակայն նրան սիրահարված Դանիիլ Մաիլովը, լսելով այդպիսի բառեր, խոստացավ 10 ամսում օպերային թատրոն կառուցել. «Մեկ տարուց մեր քաղաք եկեք: Մենք կկառուցենք ձեր արվեստին արժանի շենք, իսկ դուք կբացեք այն…»:
Իմանալով այդ խոստման մասին՝ մեկ այլ միլիոնատեր՝ Հաջի Զեյնալաբդին Թագիեւը, գրազ եկավ եղբայրների հետ, որ նրանք չեն հասցնի: Պայմանները հետեւյալն էին. եթե շենքը մեկ տարվա ընթացքում պատրաստ չլիներ, Մաիլովները պետք է ավարտեին շինարարությունը եւ շենքը նվիրեին Թագիեւին, իսկ եթե տեղավորվեին նշված ժամկետում, Թագիեւը պետք է փոխհատուցեր բոլոր ծախսերը:
Թե որքանով է այս պատմությունը ճշմարտացի, հայտնի չէ: Բայց մի բան հստակ է. շենքը կառուցվեց 10 ամսից էլ պակաս ժամկետում: Այն ժամանակ դա ռեկորդային տեմպ էր նման հաստատության կառուցման համար, եւ առանց հատուկ անհրաժեշտության դժվար թե Մաիլովներն իրենց նման կոշտ շրջանակների մեջ դնեին:
Պատասխանատու գործը եղբայրները վստահեցին ռուսաստանցի հայ ճարտարապետ Նիկոլայ Գեւորգի Բաեւին, ով այդ ժամանակ Բաքվի քաղաքային վարչակազմի գլխավոր ինժեներն էր: Օպերայի եւ բալետի թատրոնի բացումը տեղի ունեցավ 1911 թ. փետրվարին:
Նշանակալից իրադարձության առիթով «Բակինեց» թերթը խանդավառ հոդված գրեց. «Մենք գլուխ ենք խոնարհում ճարտարապետ Բաեւի էներգիայի, տաղանդի ու անսպառ աշխատասիրության առջեւ: Իսկապես, ոչ բոլոր վարպետներին կհաջողվի 7-8 ամսում մերկ, ամայի վայրում բարձրացնել նման հոյակապ ու վեհաշուք շինություն: Այս օպերային թատրոնը Բաքվի համար անգնահատելի նվեր է…»:
Գոթական ոճով, մոդեռնի տարրերով այս շենքը համարվում է Նիկոլայ Բաեւի լավագույն աշխատանքներից մեկը: Այսօր այն փաստը, որ շենքի շինարարությունը կատարել են Մաիլով եղբայրները, անցել է պատմության արխիվ:
Նշենք նաեւ, որ Բաքվի հայկական պաշտամունքային ոչ բոլոր շինություններն են մեր օրեր հասել: Որոշները չեն կարողացել հաղթահարել խորհրդային անաստվածության շրջանը, իսկ շատերն էլ ոչնչացվել են Ադրբեջանի անկախության հռչակումից հետո:
Սուրբ Աստվածածին եկեղեցին քաղաքի հնագույն թաղամասերից մեկում էր՝ «Իչերի Շերում», ժամանակակից Բաքվի սրտում: Տաճարը քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կույսի աշտարակի մերձակայքում էր: Մարգար Բարխուդարյանցը, բնութագրելով եկեղեցին, ասել է, որ այն Բաքվի հայերի միակ հին եկեղեցին է, ինչը պարզ է դառնում շենքի ներքին ու արտաքին ճարտարապետական ձեւից:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ ընդունված է կարծել, որ այն կառուցվել է 17-18-րդ դարերում: Սակայն եկեղեցու հիմնադրման մասին ճշգրիտ տվյալներ առայժմ չկան: Պարզ չէ՝ շինությունն ունեցե՞լ է որեւէ արձանագրություն կամ այլ մանրամասներ, որոնք մատնացույց կանեն կառուցման ժամկետը: Չգիտենք նաեւ՝ եկեղեցուն նվիրված աշխատանքներ կա՞ն, թե՞ ոչ: Հայտնի է միայն, որ 18-րդ դարում Հարավային Կովկասում ռուսական արշավանքների ժամանակաշրջանում ծուխն արդեն գործում էր:
Խորհրդային եւ ադրբեջանական պատմաբան Սառա Աշուրբեյլին իր աշխատություններից մեկում նշել է, որ «Բաքվի բնակիչների շրջանում մինչ օրս լեգենդ կա, թե «Ջումա մզկիթը» եւ Բաքվի բերդում գտնվող հայկական եկեղեցին կառուցվել են կրակապաշտների հնագույն տաճարների տեղում»:
Ենթադրվում է, որ Ջումա մզկիթը, որի մասին նշեցինք, կառուցվել է հին Ջումա մզկիթի տեղում, որը, իր հերթին, ծնվել է այն վայրում, որտեղ ժամանակին կրակապաշտների տաճարն էր։ Հատկանշական է, որ համեմատաբար նոր մզկիթին հարում է մինարեթը (1437 թ.), որը կանգնեցվել է որպես այն մզկիթի մի մաս, որի տեղում հիմնադրվել է նորը։ Ստացվում է, որ հին մզկիթը զրադաշտական տաճարի տեղում հիմնադրվել է 1437-ից էլ շուտ: Զուգահեռներ անցկացնելով Աշուրբեյլիի հաղորդման հիման վրա՝ կարելի է ենթադրել, որ քաղաքում հայկական եկեղեցի է եղել, որը, ինչպես եւ մզկիթը, կառուցվել է նշված ժամկետից ոչ ուշ։ Հօգուտ այս ենթադրության խոսում է այն փաստը, որ 14-րդ դարի իրանցի պատմաբան Համդալլահ Քազվինին, Բաքվի մասին խոսելով որպես ծովափին գտնվող գյուղի, նշել է, որ այն քրիստոնյա եպիսկոպոս ու հայկական հնագույն եկեղեցու ավերակներ է ունեցել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակը մատնացույց է անում կառույցի հնությունը, համարձակվում ենք կարծել, որ եկեղեցին, որի մասին խոսում ենք, իրանցի պատմաբանից շատ ավելի մեծ է: Մեզ հայտնի չէ նաեւ, թե այն երբ կարող էր կառուցվել, բայց, հավանաբար, ավերվել է 13-րդ դարում, երբ տարածաշրջան են ներխուժել մոնղոլական ցեղերը։
Վերոնշյալից կարելի է ենթադրել Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ 14-րդ դարում իրանցի պատմաբանի տեսած եկեղեցու մնացորդների միջեւ հավանական կապի մասին։ Ակնհայտ է, որ Սուրբ Աստվածածինը, ինչպես նաեւ նոր Ջումա մզկիթը, կառուցվել է նախկին եկեղեցու տեղում, որի մասին հայտնել է Քազվինին։ Եկեղեցու քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության հետեւանք է:
Պետական մակարդակով նաեւ Բաքվի հայկական արժեհամակարգի ոչնչացման, շենքերի ու շինությունների իրական հեղինակների մասին տեղեկատվության վերացման միջոցով Ադրբեջանը փորձում է թաքցնել այն փաստը, որ ժամանակին նույն Բաքվում «ադրբեջանցի» հորջորջված տարրերը թվային փոքրամասնություն են եղել, ինչը վկայում է, որ այս տարածքներում նրանք օտարներ են: Նույն փաստի մասին է խոսում նաեւ այս կամ այն ոլորտներում հայերի ընդգծված դերակատարությունը, որոնց դեմ հորինված այդ երկիրը պայքարում է իրեն հայտնի բոլոր մեթոդներով ու միջոցներով: Այսօր, երբ նրանք խոսում են Հայաստանից ադրբեջանցի փախստականների մասին, պետք է հիշեն, որ միայն Բաքվում ավելի շատ հայ է ապրել, քան ողջ Հայաստանում՝ ադրբեջանցի:
1921 թ. մարդահամարի տվյալներով՝ ադրբեջանցիները ողջ Բաքվի բնակչության 20 տոկոսն էին կազմում, 1940 թ.՝ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին, ընդամենը 29 տոկոս: 1960 թ. այդ թիվը բարձրացավ՝ հասնելով 32 տոկոսի: Պատմության մեջ առաջին անգամ ադրբեջանցիները Բաքվի բնակչության 50 տոկոսը կազմեցին միայն 1975 թ.: Այս իրավիճակն Ադրբեջանի իշխանություններին ստիպեց արհեստական հանրապետության ներսում ազգային անցանկալի զարգացումներից խուսափելու համար քաղաքն ինտերնացիոնալ անվանել: Հիմա էլ այդ գաղափարի մասին ադրբեջանցիները հիշում են միայն այն ժամանակ, երբ դրանից կարող են օգուտ քաղել:
Այդ քաղաքում էթնիկ զտումներից հետո ադրբեջանցիների թիվն այսօր հասել է 91 տոկոսի: Իր ողջ պատմության ընթացքում Բաքուն եղել է տարբեր պետությունների ու վարչական միավորումների կազմերում, այդ թվում՝ Հայաստանի: Վարչականորեն Հայաստանի կազմում մնացել է 240 տարի՝ 640-880 թթ.: Եվ այդ ժամանակ ոչ միայն քաղաքում, այլեւ ողջ Կովկասում ոչ մի ադրբեջանցի, կովկասյան թաթար, թուրք, թուրքմեն կամ մարդիկ՝ ադրբեջանցիների ստուգաբանական այլ մեկնաբանություններով, չեն ապրել: Սակայն այդ փաստը ոչինչ չունեցող Ադրբեջանին չի խանգարում 100 տարվա ընթացքում փոխել ոչ միայն Արցախի, այլեւ տարածաշրջանի էթնիկ պատկերը: Ասվածի խոսուն ապացույցն այն փաստն է, որ խորհրդային տարիներին, երբ Արցախը բռնակցվել էր Ադրբեջանին, հայկական ինքնավար մարզում հայերի թիվն աստիճանաբար նվազում էր, իսկ ադրբեջանցիներինը՝ աճում: 1923 թ. Արցախում ապրել է 149600 մարդ կամ ընդհանուր բնակչության 94.8 տոկոսը, իսկ ադրբեջանցիների թիվը հասնում էր 7700 մարդու կամ 4.9 տոկոսի: 1989 թ. հայերի թիվը կազմում էր 145500 մարդ կամ բնակչության 79.6 տոկոսը, իսկ ադրբեջանցիների թիվը հասել էր 40600 մարդու կամ 21.5 տոկոսի: Այսինքն՝ ադրբեջանցիների թիվն աճել է 5.3 անգամ: Իսկ հայերի թիվը ոչ միայն չի աճել նշված ժամանակահատվածում, այլեւ նվազել է: Եվ դա՝ այն դեպքում, որ արցախցիներն ադրբեջանցիներից պակաս երեխաներ չէին ունենում:
Իրադարձությունների նորմալ զարգացման դեպքում 1989 թ. Արցախում պետք է ապրեր ավելի քան 700 հազար հայ: Եվ դա՝ միայն ինքնավար մարզում, չհաշված այն հինգ շրջանները, որոնք ԼՂԻՄ-ին կից էին հյուսիսից, ինչպես նաեւ 1923 թ. հիմնականում հայ ազգաբնակչություն ունեին (Շահումյան, Խանլար, Գետաբեկ, Դաշքեսան, Շամխորի շրջանի լեռնային մաս): Այս հինգ շրջաններում եւս 500 հազար հայ պետք է ապրեր: Այսինքն՝ պատմական Արցախի տարածքում հայ բնակչության թիվը, ընդհանուր առմամբ, պետք է հասներ 1 մլն 200 հազար մարդու…
Բնակչության թվի մեծացումը, իր հերթին, կհանգեցներ նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության հարստացման, ինչի դեմ պայքարում էր Ադրբեջանը՝ համարելով, որ այն կամրապնդի բնիկների տեղն ու դերը, որոնց պատրաստվում էին զրկել հայրենիքից: Հայերը, որ տանտեր էին ու ապացուցելու բան չունեին, իրենց հանգիստ էին զգում ու, տարված ստեղծագործական աշխատանքով, սեփական տաղանդը ծառայեցնում էին նաեւ հարեւաններին, իսկ վերջիններս գողի պես գիշերը հարձակվում էին, թալանում ու սպանում. ադրբեջանցիների միտքն այլ ուղղությամբ պարզապես չէր կարող աշխատել…