Պաշտոնական Բաքուն շարունակում է պետական մակարդակով հակահայկական քաղաքականություն վարել՝ վերացնելով ապօրինաբար զբաղեցրած տարածքում հայկականության հետքերը բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ հարձակվելով Արցախի ու Հայաստանի վրա: Այն ժամանակ, երբ թուրքերի օգնությամբ կովկասյան թուրքերն իրենց երկիրն անվանեցին Ադրբեջան՝ ակնհայտորեն ցուցադրելով ապագայում Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու իրենց ցանկությունը, պարզ դարձավ, որ դա անկախ պետություն չէ, այլ Թուրքիայի «դաշույնը»՝ այս կամ այն հարեւանի դեմ գործածելու եւ միեւնույն ժամանակ անտեսանելի մնալու համար: Բացի այդ, հորինելով Ադրբեջանը՝ Թուրքիան հորինեց մի կառույց, որի հետ հակամարտությունները հայկական կողմի հետ խնդիրների լուծման նպատակ չեն հետապնդում, այլ միջոց են՝ հայկական վրիժառության սլաքը հեռացնելու Թուրքիայից, իսկ հնարավորության դեպքում՝ հերթական նվաճումների օգնությամբ թուլացնելու Հայաստանն ու հայ ժողովրդին: Ահա թե ինչու 2020 թ. Անկարան գլխապատառ նետվեց իր իսկ ցուցումով Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեջ՝ շարունակելով հայ ժողովրդի ցեղասպանությունը:
Փարիզը ներկայացնող ռուս արեւելագետ Ալեքսանդր Բենինգսենը ահա թե ինչ է գրել մի առիթով. «Մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը գյուղացին կամ մահմեդական թաթարը, լինի թուրքմեն, ուզբեկ, ղրղզ, ղազախ կամ կարակալպակ, պատկերացում չունեին, թե ինչ ազգի են պատկանում: Նույնը կարելի է ասել նաեւ Վոլգայի թաթարների կամ ադրբեջանցիների մասին: «Ազերի» կամ «թաթար» անվանումները մինչեւ հեղափոխությունը նույնիսկ չէին օգտագործվում: Վոլգյան թաթարներն իրենց «թաթար», «բուլղար» կամ պարզապես «մահմեդական» էին անվանում, իսկ այժմյան Ադրբեջանի տարածքում ապրողները՝ «ազերի» կամ «թուրք»: Այնպես որ, այդ երկրի հանրությանը միավորող ուժն իսլամն էր»: Բենինգսենն ու նրա գործընկեր Է. Ուիմբուշը կարծում էին, որ նույնիսկ 1980-ականներին ազերիները միասնական ազգ չէին ներկայացնում, այլ կերպ ասած՝ շարունակում էին մնալ ցեղային մակարդակի վրա:
Ադրբեջանի իշխանությունները եւ նրանց պատվերով աշխատող պատմագրությունն աստիճանաբար սկսեցին հավատալ սեփական կեղծարարությանը՝ պնդելով, որ Ադրբեջանը տարածաշրջանում ունի ավելի քան հինգհազարամյա պատմություն, որ պետականությունը կորցրել են միայն 1813-1828 թթ., ռուս-պարսկական պատերազմներից հետո, այն էլ՝ 100 տարով, որից հետո վերականգնել են պետականությունը: Պատմության հորինման աշխատանքներում նրանց քաջալերում էր խորհրդային կենտրոնական իշխանությանը, բայց այդ թեմային կանդրադառնանք ներքեւում:
Հայտնի փաստ է, որ պետության անվանումը բխում է նրա ժողովրդի անունից, այլ ոչ թե հակառակը: Իսկ Ադրբեջանի դեպքում հակառակն է: Ատրպատական-Ադրբեջան անվանումը փախցնելով Իրանից՝ կովկասյան թուրքերը, որոնք արդեն ԽՍՀՄ-ի կազմում էին, 1936-ից հետո իրենց սկսեցին անվանել ադրբեջանցիներ՝ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի հրահանգով:
Բազմաթիվ ազգագրական աշխատությունների հեղինակ, ազգությունների եւ մշակույթների ամերիկացի մասնագետ, պրոֆեսոր Ռ. Վիքսմանն իր «ԽՍՀՄ ժողովուրդները» ուսումնասիրության մեջ ադրբեջանցիների մասին գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները խոսում են թուրքերենով, նրանք թուրքերի, պարսիկների, կովկասյան այլ ցեղերի խառնուրդ են: Ադրբեջանը դեռեւս զբաղված է երկրի տարածքում բնակվող թաթարների, թալիշների, քրդերի, ուդիների, դաղստանցիների (ավարներ, լեզգիներ եւ ցախուրներ) եւ Վրաստանի հարեւան շրջաններում բնակվող ինգիլոյների բռնի միաձուլման գործընթացով»:
Կախված հանգամանքներից՝ Ադրբեջանը մեկ հայտարարում է, որ իր նախնիները քրիստոնյա աղվաններ են, մեկ շեշտում է, որ ծագում է թուրքական օգուզ ցեղից, որը, իբր, տարածաշրջանի բնիկ ժողովուրդ է, մեկ էլ շփոթվում-խուճապի է մատնվում ատրպատականյան հետքի մասին բարձրագոչ հայտարարություններում: Ադրբեջանը, որը դեռ չգիտի՝ ինչ է իրենից ներկայացնում ազգային պատկանելության առումով, կարծես հաշվի չի առնում այն փաստը, որ թյուրքական առաջին ցեղերը Կենտրոնական Ասիայից քոչել ու Կովկասի տարածք են հասել 9-10-րդ դարերի ընթացքում: Աղվաններից սերված լինելու տարբերակը ներկայացվում է միայն այն նպատակով, որ, հայերին Հարավային Կովկասից հեռացնելու դեպքում կարողանան հավակնել իրենց տարածքում եղած եւ առայժմ պահպանված հայկական քրիստոնեական ժառանգությանը: Այս կեղծիքին զուգահեռ նրանք նույնիսկ «աղվաններին» ադրբեջանցիներ են անվանում:
Ադրբեջանի կողմից պատմական ճշմարտությունների մերժման պատճառն այն է, որ փաստի ընդունման դեպքում կարծիքը, թե ադրբեջանական ժողովուրդն ունի «հնագույն, ինքնատիպ ազգային պատմություն», հօդս կցնդի: Իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն ընդունել, որ ներկայիս մշակույթը, որը հիմա կոչվում է «ադրբեջանական», պատկանում է այն բոլոր ազգերի նախնիներին, որոնք ապրել եւ ապրում են Ադրբեջանի զբաղեցրած տարածքներում։ Տարբեր մշակույթների նման խառնուրդը չի կարելի անվանել «դարերով գոյություն ունեցող յուրօրինակ ադրբեջանական մշակույթ», որն Ադրբեջանի իշխանությունների հիմնական նպատակն է եւ ուղեկցվում է կատաղության բռնկումներով:
Ռուբեն Ղալիչյանն իր «Ադրբեջանական պատմաաշխարհագրական կեղծարարությունները» աշխատության մեջ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Խորհրդային Միության կազմավորման ժամանակ միայն երկու երկրներ էին հնագույն պատմամշակութային ու պատմաքաղաքական ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Վրաստանը: «Խորհրդային Միության միջինասիական հանրապետությունների թյուրքալեզու եւ իրանալեզու ժողովուրդների համար նոր ձեւավորված պետական ու քաղաքական միավորումները նոր երեւույթ էին, քանզի տարածաշրջանի բնակչության մեծ մասը կազմում էին քոչվոր-ցեղային միավորումները, իսկ համեմատաբար վաղ շրջաններից պահպանվել էին մի շարք հնագույն քաղաքներ՝ Բուխարան, Սամարղանդը, Մերվը, Կոկանդը, Խիվան, Կաշգարը, որոնք ժամանակին սելջուկների, մոնղոլների եւ հիմնականում պարսիկների գերիշխանությամբ գիտական, կրոնական ու գրական կենտրոններ էին: Նոր ձեւավորված Ադրբեջանի բնակչության «ադրբեջանցի» անվանունը նորություն էր եւ անընդունելի այն աստիճան, որ «ադրբեջանցի» անվանումը բացակայում էր նաեւ ԽՍՀՄ-ի 1926 թ. մարդահամարի փաստաթղթերում»:
ԽՍՀՄ-ի բոլշեւիկյան իշխանություններն ի սկզբանե հայտարարեցին, որ նոր երկիրը պետք է ղեկավարվի պրոլետարական ինտերնացիոնալիզմի ու ժողովուրդների բարեկամության, ազգերի համերաշխության ու նոր՝ սոցիալիստական ժողովուրդների ձեւավորման գաղափարախոսություններով: Իսկ քանի որ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող հանրապետությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքական զարգացման մակարդակով զգալիորեն տարբերվում էին միմյանցից, նոր գաղափարախոսությամբ գործնականում խնդիր դրվեց բոլոր ազգերին հասցնել նույն մակարդակին: Բայց ոչ թե կրթական ճանապարհով, այլ մեկի մշակույթը գողանալով ու մյուսին նվիրելով:
ՌԿԿ 10-րդ համագումարում կուսակցության խնդիրների վերաբերյալ հաշվետվության մեջ Իոսիֆ Ստալինը, կապված ազգային հարցի հետ, հայտարարեց հետեւյալը. «ՌԽՖՍՀ-ում ազգային հարցի էությունը որոշ ազգերի փաստացի հետամնացության ոչնչացումն է (տնտեսական, քաղաքական, մշակութային), որոնք նրանք ժառանգել են անցյալից, որպեսզի հետամնաց ազգերին հնարավորություն տանք հասնել կենտրոնական Ռուսաստանին եւ պետական, եւ մշակութային, եւ տնտեսական առումներով… Մեր խնդիրն է բոլոր ջանքերը գործադրել՝ օգնելու այս ազգերին, նրանց պրոլետարական, աշխատանքային տարրերին՝ իրենց մոտ զարգացնելու խորհրդային պետականությունը մայրենի լեզվով»: Կուսակցական նոր գծի համաձայն՝ խորհրդային բոլոր ճանաչված հանրապետությունները պետք է ունենան իրենց ազգային հիմնավորված «մեծագույն ավանդույթները», որոնք պետք է պահպանվեն, կատարելագործվեն ու անհրաժեշտության դեպքում ստեղծվեն հատուկ կրթված մասնագետների կողմից՝ հատուկ ընտրված ինստիտուտներում:
Այդ իսկ պատճառով խորհրդային իշխանությունն իր գոյության առաջին իսկ տարիներից ողջունեց «հետամնաց ժողովուրդներին», այդ թվում՝ կովկասյան թուրքերին, մշակութային գողության միջոցով ստեղծելու ազգային ինքնություն, պատմություն, ազգային թատրոն, օպերա, ժողովրդական եւ դասական երաժշտություն, արվեստ ու գրականություն: Նորաստեղծ պետությունների հետազոտողներն իշխանությունների աջակցությամբ սկսեցին ստեղծել գիտական աշխատություններ, որոնցում փորձում էին հիմնավորել այն փաստը, որ այդ ժողովուրդները հնագույն ազգեր են, հին մշակույթի եւ պատմության կրողներ։ Ակնհայտ է, որ հենց դրանով են պայմանավորված պատմական հերյուրանքները եւ կեղծիքները, որոնք այժմ Ադրբեջանի կողմից ներկայացվում են որպես «գիտական» թեզեր:
Կովկասյան լեռներից հարավ ապրող ժողովուրդների պատմության, հիշողության եւ ինքնության հայտնի մասնագետ Վիկտոր Շնիրելմանը նշում է, որ «ցանկացած նորաստեղծ երկրի, իր գոյությունը լեգիտիմացնելու համար, անհրաժեշտ է պատմություն, որով նա կարող է հաստատել իր խոր արմատները եւ իր շարունակական պատմական մշակույթը»:
Ադրբեջանցի պատմաբանները, ըստ էության, զբաղված են ոչ թե պատմագրության բացակայության պայմաններում իրական պատմության շարադրման խնդրով, այլ ուրիշի պատմության յուրացմամբ: Երբ պատմագիտության վրա ազդում են քաղաքական գործոններն ու քաղաքական պատվերները, այն հզոր ուժ է դառնում եւ անմիջականորեն ազդում է ազգի ձեւավորման գործընթացի եւ պետության ազգային քաղաքականության վրա: Ներկայումս Ադրբեջանի գիտական ու քաղաքական շրջանակներում պատմագրությունը լիովին քաղաքականացված գործիք է դարձել, որն առաջին հերթին կիրառվում է էթնիկ կոնսոլիդացիայի նպատակով:
Ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը կամ այն ներկայացնելով աղվանական՝ Ադրբեջանը շարունակում է իր գործունեությունը խորհրդային տարիների ոգով, կարծես ոչինչ չի փոխվել: Ավելին՝ կեղծիքներն արդեն ծայրահեղ բնույթ են կրում, ընդ որում՝ փորձ է արվում յուրացնել նաեւ հայ ժողովրդի տաղանդավոր ներկայացուցիչների՝ Բաքվում կատարած աշխատանքների արդյունքները: Եվ դա արվում է ցանկացած ճանապարհով, անգամ՝ ավելի քան 100 տարի անց լեհերին վերագրելով այնպիսի դերակատարում, որ համապատասխան միջոցառումից հետո Լեհաստանի դեսպանն ու Ադրբեջանի մշակույթի փոխնախարարը պարզապես փախչում են դահլիճից՝ ծաղրի առարկա չդառնալու համար:
«Հետամնաց ազգերը» չհավասարվեցին պատմական այնպիսի ճանապարհ անցած երկրներին, ինչպիսիք են Հայաստանն ու Վրաստանը, բայց նրանցից շատ բան գողացան: Այդպիսի ժողովուրդները, որոնք արդեն 30 տարի անկախություն են հռչակել, բայց շարունակում են մշակութային առումով հարուստ հարեւանների մեջքին կպած մնալ ուտիճի պես, իրենց գիտակցության մեջ փայփայում են Խորհրդային Միության գաղափարը եւ մնում են նրա զինվորները՝ գործնականում «շարունակելով» ԽՍՀՄ-ի գոյությունը: Հենց դա է պատճառը, որ նախկին կայսրությունը վերստեղծելու քաղաքական գծի կողմնակիցները Ռուսաստանում նույնիսկ հիմա չեն դատապարտում ադրբեջանցիների մշակութային գողությունը: Ավելին՝ դա այն հնարավորությունն է, որը Մոսկվան դիտարկում է անհրաժեշտության դեպքում իր ուղեծրից դուրս մնացած «հետամնացներին» վերադարձնելու համար: Չէ՞ որ գողերը վախենում են բռնվելուց ու դատվելուց…
Ադրբեջանում Լեհաստանի դեսպանը, մեկուկես տարի առաջ մասնակցելով «շողոքորթ կեղծիքի» հանրայնացմանը, ըստ էության, փաստեց խորհրդային, ավելի կոնկրետ՝ ռուսական մտածողությանն իր երկրի հավատարմության մասին: Պատմական կեղծարարությունների խթանումը զենք էր Խորհրդային Միության, այսօր նաեւ՝ ՌԴ-ի ձեռքին: Միայն կեղծիքի ինստիտուտի վերջնական ջախջախումը կհանգեցնի խորհրդային կայսրության ոչնչացմանը հետխորհրդային տարածքի պետությունների մոտեցումներում եւ բնակիչների մտորումներում:
Պատմական կեղծիքները եւ դրանց վրա հիմնված գաղափարախոսությունները, այսպիսով, լուրջ գործիքներ են կայսրությունների ստեղծման կամ վերստեղծման համար, իսկ ցանկացած կայսրություն ժողովրդավարության թշնամին է: Այդ կեղծիքների դեմ պայքարը միջոց է ավտոկրատ կառավարությունների հիմքերը փլուզելու գործընթացում: Եվ այդ պայքարը պետք է ոչ թե մտացածին լինի կամ սահմանափակվի հայտարարություններով, այլ հաստատվի գործով: Իրենց դիրքորոշմանը պատասխանատվությամբ պետք է մոտենան նաեւ այն երկրները, որոնք հանդես են գալիս ոչ թե բռնապետությունների պաշտպանության, այլ պատմական ճշմարտության գերիշխանության եւ ժողովրդավարության դիրքերից: Որովհետեւ միամիտ կամ տգիտության արդյունքում կատարած քայլը կարող է փոխել վերաբերմունքն այդ երկրի արժեքների նկատմամբ: