«Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չգիտէր, բայց միայն ինքն»։ Հայտնություն 19։12
Գլխի վրայի շատ պսակները ցուցանում են Նրա անսահմանափակ իշխանությունը։ Սրբապատկերներում էլ է պատկերված պսակը պսակի վրա, ինչը նշանակում է, որ Նրա իշխանությունը սահմանափակված չէ ո՛չ ժամանակի, ո՛չ տարածության մեջ։ Նրա թագավորությունը հոգեւոր է: Դրա համար էլ, ի տարբերություն չարի իշխանության, ավելի խորն է ու ավելի լիարժեք։
Տարբեր ժամանակներում ամենատարբեր հայտնի աստվածաբաններ ու մեկնիչներ փորձել են բնորոշել, անուն տալ Աստծուն, սակայն չեն կարողացել վերջնական սահմանում տալ. Սողոմոն իմաստունն էպիտետների ու բնորոշումների բազմազանություն է տվել՝ հոգի իմաստուն, սուրբ, միածին, բազմաբովանդակ, նուրբ, դյուրաշարժ, լուսավոր, մաքուր, պարզ, ոչ վնասակար, մարդասեր, անկասելի, բարերար, անսասան, հանդարտ, ամուր, ամենատես, անտխրելի, ներթափանցող բոլոր նուրբ, խելացի ու մաքուր հոգիները։
Հայտնության գրքի մեկնիչ Անդրեաս Կեսարացին նույնպես փորձել է գտնել բառեր՝ բնութագրելու Աստծուն. հովիվ, լավագույն, լույս, արեւ, կյանք, ճշմարտություն, թողություն, սրբություն, անապական, անմահ, անփոփոխ, անտեսանելի… Գիտնականները բացահայտել են, որ մակրոաշխարհի մեզ հայտնի օրենքները կիրառելի չեն միկրոաշխարհում… էլ ուր մնաց, երբ խոսում ենք հոգեւոր աշխարհի մասին։
Հովհաննես ավետարանիչն ստիպված օգտագործում է կերպարային, փոխաբերությունների, համեմատությունների լեզուն, նույնիսկ ոչ թե նկարագրելու այն, ինչ իրեն թելադրվում կամ ցուցադրվում է, այլ ակնարկելու համար այն ամենը, ինչ տեղի է ունենալու։ Հնարավոր չէ մարդկային բառերով նկարագրել այն իրողությունները, որոնք թելադրվում են այն աշխարհից։
«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»։ Հայտնություն 19։13
Ո՞ւմ արյունն է հանդերձի վրա. արդյոք ի՞ր՝ Փրկչի արյո՞ւնն է, թե՞՝ վերջին օրերի մեղավորների արյունը։ Մեղավորների արյան մեջ չկա փառաբանություն, մեղավորների արյունը ոչ մեկին չի կարող լուսավորել, չի կարող մաքրել, հակառակը՝ կարող է միայն պղտորել, արատավորել, պղծել։ Ուրեմն Քրիստոսի համար որեւէ իմաստ չունի արյունոտվել մեղավորի արյունով։
Եվ, ընդհանրապես, ազնվազարմ, արժանապատիվ զինվորականը չի պարծենում թափած արյամբ։ Նա հպարտանում է տարած հաղթանակով, գերիների ազատ արձակմամբ, բայց ո՛չ երբեք զոհերի քանակով։ Իհարկե, սա վերաբերում է, կրկնենք, ազնվազարմ եւ արժանապատիվ անձանց։
Նա կարող է հպարտանալ միայն ի՛ր թափած արյունով։ Դա հաղթանակի արյունն է, դա զոհի արյունն է։ Եվ ո՛չ երբեք անօրենների արյունը, որովհետեւ նրանց արյունը որեւէ արժեք չունի։
Ըստ Անդրեաս Կեսարացու՝ դա Փրկչական արյուն է։ Այն, որ այդ արյունը ցողված է ճերմակ հագուստի վրա, նշանակում է, որ այն անմեղ, բացարձակապես ո՛չ մի մեղքով չարատավորված Գառի հագուստն է, եւ միայն Նա՛ կարող էր իր վրա վերցնել աշխարհի մեղքը։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ