Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում մոսկովյան հանդիպումներից անմիջապես հետո Բաքվի առաջնորդը բռնազավթված Բերձորից կրկին փորձ է անում չեղարկել այն պայմանավորվածությունները, որոնք կայացվել են Վաշինգտոնում, Պրահայում եւ Բրյուսելում՝ հայտարարելով, մասնավորապես, թե երկու պետությունների միջեւ սահմանազատումը պետք է իրականացվի իրենց պայմաններով: Ճիշտ է, այդ արտահայտությունից հետո նա անցավ բառախաղի՝ ճշգրտելով, թե նկատի ունի գործընթացի, ըստ իրենց, «արդար» ընթացքը, բայց այն մեծ հաշվով խոսքի բովանդակությունը չի փոխում:
Այն դեպքում, երբ բարձրագույն մակարդակով վերջին բոլոր հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ կողմերը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրում ամրագրված խորհրդային հանրապետությունների սահմանները, խոսել ինչ-որ մի կողմի պայմաններով դելիմիտացիայի մասին, ուղղակիորեն չի բխում մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածություններից: Սահմանազատման գործընթացի արդարությունն ապահովում են Խորհրդային Միության քարտեզները եւ կողմերի փոխշահավետ համաձայնությունները, առավել եւս, որ բանակցություններում օգտագործվում է քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքակազմը:
Նախորդ բանակցային փուլերում ձեռք բերված պայմանավորվածություններից չբխող հայտարարություններ հնչեցնելուց հետո Ալիեւն անցավ իր ավանդական՝ ուժի կիրառման սպառնալիքին՝ ակնարկելով, թե Բերձորից հայկական բնակավայրերը երեւում են, եւ հայկական կողմը պետք է այն լավ իմանա, թե բա՝ բանակցային սեղանին իրենց դիրքերն «ուժեղ» են: Բաքվի առաջնորդը մշտապես մոռանում է, որ ռազմական գործողությունները եւ քաղաքական բանակցությունները միմյանց բացառող երեւույթներ են, եւ արդյունավետ բանակցությունները չեն կարող ենթադրել ռազմական գործիքակազմ, վերջինս օգտագործվում է միայն պատերազմների ժամանակ: Ենթադրել, թե սպառնալիքներով խաղաղության, առավել եւս համագործակցության պայմանագրեր ձեռք կբերվեն եւ դրանք կյանքի կկոչվեն, իրատեսական չեն: Մարդկության պատմության որեւէ փուլում եթե նման ձեւով պայմանագրեր կնքվել էլ են, ապա արդյունքի չեն բերել եւ, ըստ էության, իրենցից ներկայացրել են դանդաղ գործողության ռումբեր:
Բերձորից Ադրբեջանի առաջնորդը սպառնաց նաեւ Արցախի ժողովրդին՝ պահանջելով լուծարել պաշտպանության բանակը եւ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները: Այստեղ պետք է նկատել, որ Բաքուն Ստեփանակերտի հետ բանակցությունների գնալու փոխարեն կրկին պահանջներ է ներկայացնում Արցախի Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը, Արցախը շրջափակման ենթարկելուց բացի, ազդեցության այլ միջոցներ չունի նրա վրա, իսկ արցախցին մշտապես եւ վերջին շրջափակման ամիսներին էլ ցույց է տվել իր անկոտրում ոգին, սեփական իրավունքների համար մինչեւ վերջ պայքարելու վճռականությունը:
Վերոնշյալ բոլոր հայտարարությունները, թերեւս, առաջին հերթին ներքին՝ ադրբեջանական սպառման էին՝ սեփական հասարակությանը կրկին համոզելու, թե իրենց կողմը պատերազմում «հաղթածն» է, բայց Ալիեւը արեց նաեւ միջազգային, մասնավորապես, արեւմտյան կենտրոններին ուղղված հայտարարություն՝ նշելով, որ հնարավոր է նաեւ չստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչն իրենց չի մտահոգում, քանի որ սահմաններին իրենց դիրքերն «ուժեղ» են: Այն դեպքում, երբ եւ՛ ԱՄՆ, եւ՛ ԵՄ միջնորդական ջանքերն ուղղված են խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրմանը, Բաքվի առաջնորդի նման «տարօրինակ» հայտարարությունը միայն սառը ցնցուղ կարող է լինել նրանց համար: Ալիեւը նախ հնչեցնում է անիրատեսական պահանջներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, այնուհետեւ հայտարարում, թե այն չստորագրելու դեպքում էլ այդ երկիրը խնդիրներ չի ունենա: Այսինքն, ադրբեջանական կողմն արդեն այսօր նախանշում է իր առավելապաշտական մոտեցումները բանակցություններում, որոնք բնականաբար ընդունելի չեն լինի Հայաստանի համար եւ խոսում են պայմանագրի չստորագրման հնարավորության մասին:
Այստեղ արդեն միջնորդ պետությունները եւ կառույցներն առնվազն հարցեր պետք է ունենան Ադրբեջանի նախագահին՝ հենց իրենց ջանքերին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու եւ բանակցային գործընթացն արժեզրկելու առումով: Այստեղ ավելորդ է խոսել խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը հարցականի տակ դնելու մասին: