1990 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ստեղծել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը, որը պետք է դառնար անկախության ու ազգային զարթոնքի ուղին բռնած հայ ժողովրդի խոսափողը։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 9-ին լույս տեսավ թերթի առաջին համարը:
Նորանկախ հանրապետության կայացմանը զուգահեռ բարդ եւ արժանապատիվ ճանապարհ անցավ նաեւ թերթը։ Եթե անկախության սկզբնական շրջանում, որպես պետական լրատվամիջոց, օրաթերթի հիմնական գործառույթը քաղաքացիներին տեղեկատվություն հաղորդելն էր, ապա հետագայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, թերթի առջեւ օբյեկտիվորեն այլ խնդիր դրվեց. կրթել մարդկանց, զարգացնել վերլուծական ունակությունները, ցույց տալ գործընթացների պատճառահետեւանքային կապերը եւ ամենակարեւորը՝ մնալ անաչառ։
Ցավալի է այլեւս անցյալով խոսել հայ տպագիր մամուլի պատմության մեջ բարձր նշաձող սահմանած «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մասին. վաղվանից այն այլեւս չի տպագրվելու։ Ահռելի ջանքեր են գործադրվել թերթը կայացնելու համար, պայքարել են ամեն մի մանրուքի համար։ Ինչպես հանրապետությունն էր պայքարում՝ ոտքի կանգնելու, ուժեղանալու եւ անկախ պետության իր կերպարը ձեռք բերելու համար, այնպես էլ` թերթը: Մեկը մյուսի արտացոլումն էր։ Այսօր, երբ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ Արցախը, այսօրվա իշխանությունը փակում է պաշտոնաթերթը, տքնաջան աշխատանքով եւ ծանր գնով կայացրած թերթը։
Գրչի մեկ հարվածով կտրվում է երեսուներեք տարի շարունակ հայկական պետականության, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայության պատմությունն արձանագրող պաշտոնաթերթի ընթացքը։ Չարագուշակ են հնչում «Հայաստանի Հանրապետությունը փակվում է» խոսքերը, չարագուշակ եւ խորհրդանշական։ Մեր պետության առջեւ ծառացած ներկա մարտահրավերներն ու սպառնալիքները թվում է, թե չպետք է սպառնային պետական լրատվամիջոցին։ Թերթի փակումը ֆինանսների սղության կամ «ծախսարդյունավետության նվազ մակարդակով» պայմանավորված պատճառաբանությունը թույլ է եւ չի դիմանում առողջ քննադատությանը՝ ցանկության դեպքում կարելի էր գտնել միջոցներ եւ հնարավորություններ։
Օրաթերթի փակումը յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտությունն է՝ անկախ քաղաքական հայացքներից եւ նախասիրություններից։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը մեր անկախ պետականության խորհրդանիշներից մեկն էր, թեպետ որեւէ օրենքով դա ամրագրված չէր։ Վերջերս միջազգային ինչ-որ կազմակերպությունների ուսումնասիրության համաձայն արձանագրվել էր, թե ՀՀ-ում խոսքի ազատությունն ավելի բարձր նշաձող է սահմանել։ Տարօրինակ եւ զավեշտալի է հնչում նման գնահատականը, երբ «անկախ» եւ «ժողովրդավար» համավող այսօրվա Հայաստանում փակվում է երկրի միակ պաշտոնաթերթը, թերթ, որն ունի ձեռագիր, մշտապես անդրադարձել է հայկական օրակարգին, երբեւէ չի իջել բամբասանքի եւ «ցեխ շպրտելու» մակարդակին։
Հայկական ձեռագիր, հայկական օրակարգ, հայկական շահ, հայկական արժեքներ եւ արժեհամակարգ. այս գծին է հետեւել թերթի խմբագրակազմն իր ասելիքը ընթերցողներին ներկայացնելիս, հայկականության առանցքն է սկզբունքային եւ առաջնային եղել։ Հանրության շրջանում հաճախ մեղադրանքներ էին հնչում, թե հայաստանյան մամուլը չի արտահայտում հայկական շահը, սակայն «ՀՀ» օրաթերթը հետեւողական է եղել այդ հարցում, չի շրջանցել որեւէ թեմա, որեւէ իրադարձություն, որն առնչվում է հայկական շահին։ Խոսել է զուսպ, բայց չի լռել։ Թերեւս, համընդհանուր տեղեկատվական աղմուկի մեջ շատերը «չեն լսել» մեր ձայնը։ Սարդարապատի ժամանակ հնչում էին եկեղեցիների զանգերը որպես արթնության ձայն, Արցախյան երկրորդ պատերազմից ի վեր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն իր վրա էր վերցրել այդ զանգերի գործառույթը՝ բարձրաձայնելով մեր ազգին եւ պետությանը սպառնացող մարտահրավերների եւ սպառնալիքների մասին։ Մեր առաքելությունն ենք համարել ասել ճշմարտությունը, անկեղծ լինել մեր եւ գալիք սերունդների առջեւ, չմեղանչել ճշմարիտ խոսքի առջեւ։ Թե որքանով է հաջողվել, կդատի ժամանակը։
Յուրաքանչյուր ասված խոսք, առավել եւս գրվածը, պատմության արձանագրումն է, որի համար պատասխանատու ենք բոլորս գալիք սերունդների առջեւ: Դեռեւս թերթի 20-ամյա հոբելյանի առթիվ գրել էինք, որ «Հայաստանի Հանրապետություն»-ը խորապես գիտակցում է պատմության արձանագրողի պատասխանատու դերը՝ յուրաքանչյուր օր կապ ստեղծելով անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ: 14 տարի շարունակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն իմ կյանքի անբաժան մասնիկն է եղել, ինքս՝ նրա մի օղակը։ Ինձ համար օրաթերթում աշխատելը պատիվ էր եւ պատասխանատվություն։ Դժվար էր աշխատանքը պատասխանատվության մեծ բեռի պատճառով, միեւնույն ժամանակ հեշտ, քանի որ խմբագրակազմում փոխադարձ հարգանք եւ վստահություն կար, ստեղծվել էր այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր օրը նաեւ ինքնակատարելագործման հնարավորություն էր։ Մշտապես ամենայն պատասխանատվությամբ եմ մոտեցել յուրաքանչյուր գրված խոսքին եւ մտքին, քանի որ տպագիր մամուլը, առավել եւս պաշտոնաթերթը ոչ միայն եւ ոչ այնքան ներկայի համար է, որքան ապագայի։ Տպագիր մամուլը հաղորդակցվում է գալիք սերունդների հետ, այն դրականի ու բացասականի արձանագրում է։ Չորս տարի աշխատելով Հայաստանի ազգային արխիվում՝ շատ լավ գիտակցել եմ, թե որքան կարեւոր է ներկայի ամենօրյա արձանագրումը եւ փոխանցումը հաջորդ սերունդներին։
Այսօր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վերջին համարն է, սակայն յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ճշմարիտ ու արդար խոսքը հնարավոր չէ լռեցնել ընդմիշտ, այն ինչ-որ պահի կգտնի իր ճանապարհը դեպի ընթերցողը։ Հավատում ենք, որ երբ վերածնվի մեր հայրենիքը, այնժամ կվերադառնա նրա արձանագրող գրիչը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի անվանում կունենա պաշտոնաթերթը։
…Միացյալ եւ անկախ Հայաստանին սպասելով։