Մեր կյանքում յուրաքանչյուր հանգուցալուծում ստիպում է մտորել անցած ճանապարհի բարդությունների, անհաջողությունների ու հաջողությունների մասին: Ի վերջո, կատարած աշխատանքին իրական գնահատական տալու փորձը միջոց է՝ հանգելու կարեւոր մի սկզբի. չէ՞ որ յուրաքանչյուր ավարտ նաեւ սկիզբ է, նոր հնարավորություն՝ նոր սկիզբը պլանավորելու նոր մեկնակետից…
Առաջ չանցնելով՝ ուզում եմ անդրադառնալ այն գործունեությանը, որն անձամբ ես իրականացրել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Որպես խմբագիր՝ որոշակիորեն պատասխանատու եմ խմբագրական աշխատանքի համար, միեւնույն ժամանակ վարում եմ «Միջազգային» բաժինը՝ առաջին հերթին անդրադառնալով այն պետությունների կողմից իրականացվող քաղաքականության ներկայացմանը, որոնք սահմանակից են Հայաստանին: Մոլորակի վրա կյանքի ռիթմը խելագար ընթացք է ստացել, եւ իրադարձություններն իրար են հաջորդում գլխապտույտ արագությամբ: Դժվար է, իհարկե, «հասնել բոլորի հետեւից», բայց կարեւոր է ուշադրության կենտրոնում պահել այն լրատվությունը, որը որոշակի թելերով կապվում է նաեւ Հայաստանի Հանրապետության հետ՝ գեներացնելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ: Այսօր տարբեր գործակալությունների ու լրատվամիջոցների տեղեկատվության մեջ գերակշռում են պետությունների անվտանգային-հետախուզական ծառայությունների ու կազմակերպությունների կողմից տարածվող կեղծ տեղեկությունները: Մեզ համար ֆինանսական սուղ հնարավորությունների պայմաններում իսկական երազանք է թվում հարեւան երկրներում անգամ սեփական թղթակից ունենալն ու նրա կողմից հրապարակվող փաստերի վրա հենվելը, բայց միեւնույն ժամանակ կենսականորեն կարեւոր է ճշգրիտ տեղեկատվությունը, ուստի պարզապես պարտադիր է իրադարձության, նրա հանդեպ վերաբերմունքի համակողմանի ուսումնասիրությունը: Փաստի հետազոտությունը հանգեցնում է դրա վերաբերյալ տարբեր աղբյուրների հրապարակումների ուսումնասիրությանը՝ հստակ մատնանշելով, թե այս կամ այն աղբյուրի տեղեկատվություն ինչ ուժի կամ անհատի է պատկանում: Կարծում եմ՝ այս ընթացքում մեզ հաջողվել է հնարավորինս ստուգված տեղեկատվություն մատուցել ընթերցողներին, նաեւ, որ ամենակարեւորն է, վերլուծությունների միջոցով ցույց տալ այն լարը, որն անցնում է լուրերի կամ տեղեկությունների միջով ու թեկուզ ենթատեքստային մակարդակով բացահայտում որոշակի ճշմարտություններ: Վերլուծությունները միայն կարծիք պարտադրելու միջոց չեն, ինչպես պնդում են մեր որոշ գործընկերներ: Դրանք մարդկանց սովորեցնում են մտածել եւ փաստերին նայել միանգամայն այլ տեսանկյունից: Գիտակից ընթերցողը գիտի, որ քաղաքականության մեջ մտքերը հիմնականում թաքցված են ենթատեքստերում, ուստի իրար կողքի է դնում փաստերը եւ որոշակի եզրակացություն կատարում: Այսպիսի ընթերցողը միանշանակ ավելի կայուն կլինի այս կամ այն անվտանգային, հետախուզական ու այլ մարմինների կողմից տարածվող ապատեղեկատվական հոսքերի ընկալման-գնահատման պարագայում: Մեր ցանկությունն էր ձեւավորել մտածող ընթերցողների բանակ, որը տուրք չի տա կեղծիքներին, անկախ դրանց աղբյուրներից: Մեր օրերում պետությունների ազգային անվտանգությունը շատ բանով կախված է հենց նման սպառնալիքների դեմ պայքարի ներուժից ու հնարավորություններից:
Հարկ է ընդգծել, որ հայաստանյան իշխանությունները որեւէ ճնշում չեն գործադրել «Հայաստանի Հանրապետության» վրա՝ որոշակի քաղաքականություն իրականացնելու համար, ուստի առնվազն զարմանալի է թվում թերթը փակելու որոշումը, թերթ, որը սովորեցնում է մտածել: Եվ դա՝ այս պայմաններում, երբ Հայաստանի դեմ ուղղված քարոզչական հոսքերը համակարգված աշխատանք են պահանջում այդ ուղղությամբ: Պատերազմի պայմաններում, երբ համացանցի կամ հեռուստատեսության աշխատանքը կարող է խափանվել, պետական թերթի գոյությունը հանրությանը որոշակի ուղերձներ հասցնելու առումով անփոխարինելի է:
Ինձ համար լրագրողական էթիկան սոսկ արտահայտություն չէ, որի մասին կարելի է խոսել մամուլի աշխատողների շրջանում ու մոռանալ այդ մասին: Լրագրողի աշխատանքի բարոյական կողմը շատ կարեւոր է մեր օրերում: Ազատությունը միշտ վերածվում է կամայականության, եթե լրագրողը չի լսում բարոյականության ձայնը: «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրակազմը կարեւորում է բարոյականության նորմերի պահպանումն իր աշխատանքում եւ լրագրողական էթիկայի սկզբունքները: Յուրաքանչյուր հրապարակման հիմքում նաեւ ազգի եւ պետության հետաքրքրություններն են տարբեր ոլորտներում, որոնք, առանց որեւէ ցուցումի, յուրաքանչյուրը համարում է իր սեփական պատասխանատվությունը:
Այժմյան պայմաններում, երբ շատերը կարեւորում են ոչ թե լրատվության ազդեցությունը հասարակության կյանքի ու առողջության կամ նրա զարգացման վրա, այլ, անկախ հավաստիությունից, գերադասում են դրա սկանդալային ու սենսացիոն բնույթը, «Հայաստանի Հանրապետության» խմբագրակազմն Արթուր Ղարագյոզյանի ղեկավարությամբ հավատարիմ է եղել թերթի քաղաքականությանը. ժողովուրդն ու մարդիկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն:
«Հայաստանի Հանրապետության» աշխատակազմն աչքի է ընկնում օբյեկտիվ իրականությանը հավատարմությամբ, սոցիալական պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալ ազնվությամբ, մասնավոր կյանքի ու մարդկային արժանապատվության, հասարակական հետաքրքրությունների, համընդհանուր արժեքների նկատմամբ հարգանքով: Այս որակներին գումարելով յուրաքանչյուր լրագրողի մասնագիտացումն այս կամ այն ոլորտում՝ «ՀՀ» պաշտոնաթերթը վերածվել էր տեղեկատվա-վերլուծական կենտրոնի, որի դերը բարձր էին գնահատում հայաստանյան կյանքի տարբեր ոլորտների շատ մասնագետներ…