Մեր թվարկության 68 թ. հունիսի 9-ին Հուլիոս-Կլավդիոսների հարստության վերջին ներկայացուցիչ, հռոմեական կայսր Ներոնն ինքնասպան եղավ` կտրելով կոկորդը, երբ բոլորել էր ընդամենը 30 տարին… Հավանաբար, նրան շատերն էին անիծել, եւ մինչեւ օրս էլ նրա հետ կապված հիշողություններն ու գնահատականները հակասական են. ոմանք ասում են, թե նա ժողովրդավար էր, եւ ժողովուրդը սիրում էր նրան, ոմանք էլ խոսում են սոսկ նրա դաժանության մասին… Եվ իսկապես՝ ո՞վ էր նա` Ներոնը, ում անունը համազոր է առանձնակի դաժանության հոմանիշի…
Ծնունդով Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը, նույն ինքը` ապագա Ներոնը, կայսերական գահը ժառանգել է, կարելի է ասել, խորթ հորից, ում ազգանունը վերցրել էր մոր` Կլավդիոսի հետ ամուսնանալուց հետո, եւ 50 թ. դարձել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուսոս Գերմանիկոս։ Կլավդիոսը մահկանացուն կնքեց, երբ Ներոնը 17 տարեկան էր, եւ պատանին անմիջապես` 54 թ., հռչակվեց կայսր։ Այդ անբարենպաստ ընտանիքի պատմությունը լի է իշխանատենչության խարդավանքներով ու ինտրիգներով, ինչից չի խուսափել եւ Ներոնը, ում իշխանության բերելով՝ մայրը` Ագրիպինան, ոչ միայն փորձել է իշխանություն բանեցնել որդու վրա, այլեւ անձամբ ձգտել իշխանության. մինչեւ անգամ 54 թ. տիկինը փորձում է նստել Ներոնի կողքին, երբ վերջինս պատրաստվում էր հանդիպել Հայաստանի դեսպանորդի հետ, սակայն կայսեր խնամակալ Սենեկան առարկում է եւ կանխում սկանդալային տեսարանը… Երկու համառ մրցակիցների պայքարը, ի վերջո, ավարտվում է մոր սպանությամբ, եւ Ներոնը ձեռք է բերում դաժան մականունը… Ասում են` դրանից հետո խանգարվում է որդու հանգիստ քունը, եւ նա հաճախ է երազում տեսնում մորը… Հավանաբար, արվեստի հանդեպ սերը` պոեզիան, երաժշտությունը, երգն ու թատրոնը պատանու հոգում տեղ էին թողել որոշակի հույզերի համար, եւ դրանք էլ երբեմն անհանգստացնում էին նրա սառը դատողությունն ու մտածելու առիթ տալիս։ Ասում են` ժողովրդի սերն էլ նրա հանդեպ պայմանավորված էր այդ նույն արվեստով. հրապարակային ներկայացումները, խաղն ու պարը այդ սիրո առաջին խթանն էին, սակայն Ներոնը հայտնի է նաեւ իր բարեփոխումներով եւ հարկային քաղաքականության մեղմացումով, որ պակաս դեր չէին խաղում նրա հանդեպ բարենպաստ կարծիքի ձեւավորման համար։ Վերնախավը նրան համարում էր ինքնասիրահարված եւ չէր խրախուսում արվեստով նրա չափից դուրս տարվածությունը եւ կայսերական գործերը երկրորդ պլան մղելը։
Հռոմի մեծ հրդեհը, որ բռնկվել էր 64 թ. հուլիսի լույս 19-ի գիշերը, Ներոնի վերաբերյալ նոր հակասական կարծիքների տեղիք տվեց. Սվետոնիոսն ու Կասիոս Դիոնը հակված են կարծելու, թե հրդեհն անձամբ Ներոնն է կազմակերպել, որ հիանա բոցավառվող քաղաքի կրակներով, եւ թե հրդեհի ժամանակ Ներոնը բեմական զգեստներով հետեւել է կրակին, երգել ու ջութակ նվագել, մինչդեռ այն ժամանակ Հռոմում ջութակ չի եղել, իսկ Տակիտոսը, որ Ներոնի ժամանակակիցն էր եւ դեպքի ժամանակ ինը տարեկան էր ու ականատես, պատմում է, թե հրդեհը տարածվել է շատ արագ ու տեւել հինգ օր, որ հրդեհի ժամանակ Ներոնը քաղաքում չի եղել, որ քրիստոնյաներն ընդունել են իրենց մեղքը, որ հրդեհի հետ կապված Ներոնի մասին տարածված լուրերը սոսկ բամբասանք են, քանի որ, Անտիումից վերադառնալով Հռոմ, Ներոնը անձնական միջոցների հաշվին օգնում է անօթեւաններին, պատսպարում պալատում եւ սնունդ տալիս, այնուհետեւ սկսում հրդեհված քաղաքի շինարարությունը` վերակառուցելով այն աղյուսից, գլխավոր մուտքերը բացում փողոցից, լայնացնում ճանապարհները, տեղ հատկացնում նաեւ պալատների նոր համալիրի համար, բայց եւ չեն մոռանում համալիրի տարածքում տեղադրել կայսեր 30 մետրանոց արձանը։ Քաղաքը հրդեհելու մեղադրանքներից խուսափելու համար Ներոնն սկսում է հալածանքները քրիստոնյաների դեմ` հրամայում նետել շներին, խաչել ու խարույկ բարձրացնել։
Պատմության տարբեր ժամանակահատվածներում նվաճողների համար Հայաստանը եղել է քաղցր պատառ ու կռվախնձոր. բացառություն չեն կազմել եւ Հռոմն ու Պարթեւստանը, որոնց միջեւ պատերազմը ընդհատումներով տեւել է տասը տարի։ Առաջին դարի կեսերին Հայաստանի գահին բազմած Հռոմի դրածո, իբերիացի արքայազն Հռադամիզդն սպանել էր հորեղբոր` Միհրդատի ողջ ընտանիքն ու դրանով նվաճել հայ ժողովրդի ատելությունը։ Վաղարշ Ա Արշակունին, ով բազմել էր պարթեւների գահին, Հայաստանին օգնում է ազատվել Հռադամիզդից եւ հայ ավագանու օգնությամբ Հայոց գահին կարգում եղբորը` Տրդատին։ Հռոմեական կայսրությունը չհաշտվեց այդ իրողության հետ եւ պատերազմ հայտարարեց Պարթեւստանին։ Ներոնը Կորբուլոնի գլխավորությամբ զորք ուղարկեց Մեծ Հայք, ովքեր գրավեցին Արտաշատն ու ավերեցին այն։ Պարթեւներն այդ ժամանակ չկարողացան օգնել հայերին, քանի որ կռվում էին Միջին Ասիայում։ Տրդատն ստիպված էր նահանջել եւ գնալ Ատրպատական։ 59 թ. Կորբուլոնը գրավում է Տիգրանակերտը, եւ կրկին Հայոց գահին բարձրանում է Հռոմի դրածո Տիգրան Զ-ն, որի գահակալությունը դժգոհությամբ է ընդունվում. շուտով Վաղարշն ու Տրդատը գահընկեց են անում նրան։ 61 թ. Կորբուլոնը Մծբինում զինադադար կնքելով` Տիգրանի հետ մեկնում է Հռոմ, սակայն 61-ի աշնանը հռոմեացիները` Պետոսի գլխավորությամբ, կրկին ներխուժում են Մեծ Հայք։ Պետոսի բախտը չի բերում, եւ 62 թ. գարնանը, խայտառակ պարտություն կրելով Հռանդեայի ճակատամարտում, հաշտություն է խնդրում՝ միաժամանակ չզլանալով Ներոնին նամակով տեղեկացնել, թե ամեն ինչ կարգին է, այն դեպքում, երբ հայերը, ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին, ստիպում են նրանց անցնել երեք նիզակների «անարգանքի լծի» տակով։ Խայտառակությունը մեղմելու նպատակով Ներոնը կրկին Հայաստան է ուղարկում Կորբուլոնին. Հռանդեայում կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի Տրդատն այս անգամ թագը պիտի ստանար Ներոնից։ Նեապոլում, որտեղ Տրդատը հանդիպում է Ներոնին, իր մոտ սուր է պահում, ինչն անարգանք էր համարվում Ներոնի նկատմամբ, սակայն 3500-անոց շքախմբով Հռոմ մտած Տրդատին ընդունում են արքայավայել, իսկ Ներոնի ուղարկած հռոմեացի արհեստավորները շուտով վերականգնում են ավերված Արտաշատը. հռոմեացի պատմիչները վկայում են, թե այն անվանակոչվում է «Ներոնեա»։
Ինչ դաժանություն էլ պատմեն հին նվաճողների մասին, այն անհամեմատելի է թուրքական հրեշավոր ոճրագործությունների հետ. որեւէ այլ նվաճող չի վարվել այնպես, որպես թուրքերն են վարվել իրենց նվաճած երկրների հետ. ոչ ոք չի տեղահանել ու բնաջնջել տեղացի ժողովրդին, որպես թուրքերը… Գրեթե բոլոր նվաճողները բավարարվել են ազդեցության գոտի ստեղծելով ու հարկահավաքությամբ` իշխանության կարգելով իրենց հպատակներին…
Ոչինչ հավերժական չէ այս աշխարհի վրա, առավել եւս` հաղթանակներն ու գահերը. այդպես էլ եկավ Ներոնի վախճանը. Վինդեքսի ու Գալբայի ապստամբությունները ծանր կացության մեջ դրեցին նրան, եւ, ինչպես ինքն է արտահայտվել, այլեւս ո՛չ թշնամիներ ուներ, ո՛չ բարեկամներ. սենատը նրան հայտարարել էր ժողովրդի թշնամի եւ սպառնում էր ենթարկել հրապարակային մահապատժի: Ներոնը թակարդն ընկած առյուծի պես արժանապատիվ մահ էր փնտրում, բայց չկար հավատարիմ մեկը, որ օգներ նրան ու անցավ սպաներ. ի վերջո, իր քարտուղարի օգնությամբ, կտրում է սեփական կոկորդը` բացականչելով. «Ի՜նչ մեծ արտիստ է մեռնում»։ Այդ ժամանակ վիլլա ներխուժած հեծյալներից մեկը, տեսնելով արնաթաթախ կայսրին, իբր, փորձում է դադարեցնել արյունահոսությունը, իսկ մեռնող Ներոնը հասցնում է ասել. «Ահա նա` հավատարմությունը»։