Արցախում` Բերձորի տարածաշրջանի Արիավան համայնքի Զորավար Անդրանիկի անվան պուրակում եւ Նժդեհի անվան դպրոցի հարակից պուրակում կազմակերպվել է ծառատունկ` ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի հավակնորդ Մարտիկ Գասպարյանի եւ տնտեսաական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանի հովանավորությամբ: «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը» շնորհակալական նամակ է հղել ակադեմիկոսներին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայրենի բնությունն անքակտելի մասն է մեր վիրավոր երկրի, իսկ ամեն մի ծառ եւ ամեն մի թուփ ու տունկ` բալասան, որոնք նորովի են շնչավորում ու ծաղկեցնում մեր սուրբ հողը, նրան տալիս եւ՛ գեղեցկություն, եւ՛ ապահովություն»:
Տարիներ շարունակ Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են ծառատունկեր, քանի որ պատիվ է հայրենի հողը զարդարելը, շենացնելը, բարեբեր դարձնելը: Ծառատունկին հիմնականում մասնակից դարձած համալսարանականները մշտապես նշում են, որ այս գեղեցիկ ավանդույթի սկիզբը հենց Գուրգեն Մելիքյանն է դրել, նրա շնորհիվ է առնվազն տարին երկու անգամ կատարվում ծառատունկ:
Այսօր ավելի քան երբեւէ անհրաժեշտ է Արցախ աշխարհը ոտքի կանգնեցնել, իսկ ամեն նոր տնկած ծառ նոր կյանքի եւ հուսալի ապագայի խորհրդանիշ է:
Գուրգեն Մելիքյանի բարենպաստ ներդրումն Արցախ աշխարհում տասնամյակների պատմություն ունի: Այս ընթացքում մեր հայրենիքի նշված տարածքում տնկվել են տասնյակ հազարավոր տնկիներ` հազարավոր ուսանողների ձեռքերով: