Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին հուլիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կապակցությամբ:
Այնուհետեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձեւակերպումների եւ գնահատականների կապակցությամբ:
ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են՝ Արմեն Գրիգորյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձեւակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:
Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, եւ մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա: