Հանգստյան օրերին «Թալիբան» ծայրահեղական շարժումը տարբեր ուղղություններով նկատելիորեն զարգացրել է իր ռազմական հաջողությունները: Արդեն հայտնի է, որ ավելի քան 1000 կառավարական զինվորականներ հատել են Տաջիկստանի սահմանը, բայց պարտություն են կրել: Աֆղանստանի հյուսիսարեւելյան Բադահշան նահանգում գրավվել են մի շարք շրջաններ: Թալիբներն արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո, որն ավելի շատ փախուստ է հիշեցնում, անմիջապես սկսել են գործել: Նրանք կարող են կոալիցիոն կառավարություն ստեղծել, կարող են ամբողջությամբ վերցնել իշխանությունը՝ առանց այն կիսելու ոչ Աշրաֆ Գանիի, ոչ էլ «Իսլամական պետության» հետ:
Այն մասին, որ թալիբներն իրենց արդեն դրության տեր են զգում, վկայում է նաեւ նրանց պահանջը, որ արեւմտյան կոալիցիան պետք է իր զորքերը դուրս բերի առանց որեւէ բացառության: Շարժման խոսնակ Սուխեյլ Շահինը հայտարարել է, որ Դոհայի պայմանավորվածության համաձայն՝ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է լիարժեք լքեն երկրի տարածքը: Մնացողները կընկալվեն որպես զավթիչներ՝ համապատասխան հետեւանքներով: Միեւնույն ժամանակ հայտնի լրատվամիջոցներում, այդ թվում՝ BBC-ում, որին հարցազրույց է տվել Շահինը, հաղորդվել է, որ ամերիկացիները դեսպանատների պաշտպանության նպատակով պատրաստվում են Քաբուլում թողնել մոտավորապես 1000 զինվորականի:
Հիշեցնենք, որ «Թալիբանն» ԱՄՆ-ի հետ խաղաղ համաձայնագիրն ստորագրել է 2020 թ. փետրվարի 29-ին՝ ամերիկյան զորքերի դուրսբերման դիմաց, իսկ նրանց հետեւից երկրից պետք է հեռանան կոալիցիայի մյուս ուժերը, թալիբները չպետք է ձեռք տան Քաբուլում գտնվող դեսպանատներին եւ վտանգի չենթարկեն ԱՄՆ-ի անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ Աֆղանստանի տարածքում չի թույլատրվի համագործակցությունն «Ալ Քաիդայի» հետ: Կողմերը պայմանավորվել են փոխանակվել գերիներով. 5 հազար մարդ վերադարձվել է «Թալիբանին», 1000-ը՝ ԱՄՆ-ին: Համաձայնագրում ուղղակիորեն ասված է, որ Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը Միացյալ Նահանգների կողմից չի ճանաչվում, բայց միեւնույն ժամանակ պարտավորություններ է ստանձնում: Այնտեղ ուղղակիորեն ասված է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները բոլոր զորքերը դուրս կբերեն Աֆղանստանից: Համաձայն պայմանագրի՝ պարտավոր էին դա անել մինչեւ 2021 թվականի ապրիլը, երբ «Թալիբանն» սկսեց իր առաջխաղացումը ողջ երկրով մեկ: Ավելին՝ այն ժամանակ ամերիկյան կողմը հայտնեց իր մտադրությունը` հանելու «Թալիբանի» նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները մինչեւ անցյալ տարվա օգոստոս:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը զորքերի դուրսբերման ավարտը նշանակեց սեպտեմբերի 11-ին: Միեւնույն ժամանակ սպասվում է, որ հուլիսի կեսերին ամերիկացի եւ բրիտանացի զինվորները, բացառությամբ ծովային ուժերի, չեն լինի Աֆղանստանի տարածքում: Բայդենը ձգտում է խուսափել Աֆղանստանի թեմաներից եւ մինչեւ Անկախության օրը հրաժարվել է պատասխանել զորքերի դուրսբերման մասին լրագրողների հարցերին` վկայակոչելով այն փաստը, որ ինքը ցանկանում է ավելի ուրախ թեմաների մասին խոսել:
Բայց զինվորականները բոլորովին էլ ուրախ չեն: Հայտնի է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Օստին Սքոթ Միլլերն ակնհայտորեն չի աջակցում զորքերի դուրսբերման գաղափարին: BBC-ին վերջերս տված հարցազրույցում նրա դեմքը նյարդայնացած ու տանջված արտահայտություն ուներ: Նա անձամբ է հետեւում երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ ուղղակիորեն նախազգուշացնում, որ Աֆղանստանը ռիսկի է ենթարկվում՝ ներքաշվելու քաղաքացիական պատերազմի մեջ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով «Թալիբանի» ներկայիս հաջողությունները՝ ողջամիտ է ենթադրել, որ նման պատերազմը երկար չի տեւի, ի տարբերություն բռնության ակտիվ կիրառմամբ կառավարման սկզբի հեռանկարների, որը կարող է համակարգված բնույթ կրել:
Բայդենն իշխանության գալուց հետո չի վիճարկել Դոնալդ Թրամփի պայմանավորվածությունները, եւ ակնհայտ է, որ երկրորդ Վիետնամի տեսքով «փուշը» ոչ դեմոկրատներին է պետք, ոչ հանրապետականներին: «Թալիբանի» հետ համագործակցության ողջ բարդությունն այժմ ընկել է աֆղանցիների վրա: Առայժմ այս փոխազդեցությունը լայնամասշտաբ պատերազմ է: Ի դեպ, գիտակցելով թալիբների հզորությունը՝ կառավարական ուժերը բավական թույլ դիմադրություն են ցույց տալիս՝ հաճախ կամավոր հանձնվելով կյանքի ու կանխիկ վճարումների դիմաց:
Թալիբները հաղթում են նաեւ տեղեկատվական պատերազմում. սոցիալական ցանցերում հրապարակում են տեսանյութեր, կառչում են տարածքային հաջողություններից եւ նույնիսկ արտասահմանցի լրագրողներին թույլատրում այցելել իրենց տարածք, որպեսզի ցուցադրեն սեփական նվաճումները, մինչդեռ Քաբուլը լռում է: Այս մասին շեշտում է «Sky News»-ը:
Միեւնույն ժամանակ շատ զգայուն խնդիր է այն, թե ինչպես է բնակչությունը վերաբերվում թալիբներին: Նախագահ Գանիի վարչակազմը պնդում է, որ բնակչությունը գոհ չէ արմատականների կարգերից: Դա ցուցադրող տվյալներ չկան, չնայած հասկանալի է, որ նման տեղեկություններ ստանալը հեշտ չէ: Իհարկե, ոչ բոլոր քաղաքացիներն են գոհ «Թալիբանից», եւ արեւմտյան լրագրողներին հաջողվում է շփվել նրանց հետ, ովքեր արմատականների մեջ սպառնալիք են տեսնում: Բայց արեւմտյան կոալիցիան աֆղաններն ընկալում են որպես օկուպացիա, եւ այդ վերաբերմունքը չի փոխվել: Արեւմուտքը կրկնեց ԽՍՀՄ-ի սխալները եւ չկարողացավ համոզել բնակչությանը, որ իր մտադրությունները բարի են եւ անշահախնդիր:
Աֆղանստանը ՆԱՏՕ-ի զորքերի հեռացման ֆոնին կանգնած է ավելի շարունակական ու անկանխատեսելի քաղաքացիական պատերազմի շեմին: Թալիբները, ինչպես նշեցինք սկզբում, երկրի տարբեր կետերում ռազմավարական դիրքեր են գրավել, իսկ տեղի բնակիչներն ակտիվորեն աշխարհազորային խմբեր են կազմում: Մի շարք փորձագետների կարծիքով՝ քաոսի իրավիճակը կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սադրել: