«ՀՀ» օրաթերթի հեռախոսազրույցը «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ
-Ինչպե՞ս կբնութագրեք Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկայիս զարգացումների ուղղությունները եւ նպատակները:
-Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունն արդյունք է ներքին քաղաքականության: Երեւույթը էականորեն տարբեր չէ: Դրա վառ ապացույցն է այն, որ 2020 թ. Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ անթույլատրելի ռազմական գործողություններ իրականացրին Արցախի ժողովրդի հանդեպ: Պատերազմին պատրաստվելու գործընթացի մեջ մեծ դերակատարում ունեցան բազմաթիվ թուրք սպաներ, բարձրաստիճան զինվորականներ: Պատերազմի վերջնարդյունքի շատ դրվագներ դուրս մնացին Թուրքիայի վերահսկողությունից՝ ի դեմս Ռուսաստանի: Թուրքիան ձգտում էր դիտակետեր հիմնել Արցախի շրջակա տարածքում, սակայն չհասավ իր նպատակին: Թուրքիան հավակնում է նաեւ այդ տարածքներում ունենալ ռազմաբազա: Այս ամբողջը ոչ թե գրագետ մշակված արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակներ են, այլ ներքին քաղաքականության մեջ բարձրացած ալիքները զսպելու եւ հանդարտեցնելու միջոց: Թուրքիան ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային հատվածներում է իրականացնում արկածախնդրական քայլեր, որոնք տարածաշրջանում հանգեցնում են ապակառուցողականության: Էրդողանը փորձում է իրականացնել Օսմանյան կայսրության կերտած ծավալապաշտական քաղաքականությունը, սակայն ոչ ներքին, ոչ էլ միջազգային պայմանները ձեռնտու չեն իր համար: Ակներեւ դժվարություններ կան Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ: