Անկարան հայտարարում է, որ «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը գլոբալ հեղափոխություն կկատարի միջազգային նավագնացության մեջ: Սակայն վտանգ կա, որ այն զրոյի կհավասարեցնի Մոնտրոյի հռչակագրի նշանակությունը, որը կարգավորում է նավերի անցումը դեպի Սեւ ծով: Եվ դա չի կարող չհուզել Ռուսաստանին: Սաուդյան Արաբիայի «Asharq Al-Awsat»-ում Վիտալի Նաումկինը հարց է բարձրացրել, թե ինչու Կրեմլը չի դիմադրում Էրդողանին:
Պատմությանը միայն երեք հաջող հիդրոտեխնիկական նախագիծ է հայտնի, որոնք արմատապես փոխել են իրավիճակը միջազգային ծովային ենթակառուցվածքների ոլորտում: Խոսքը Սուեզի, Պանամայի ու Կիլի ջրանցքների մասին է: Սուեզի ջրանցքը բացվել է 1869 թ., Մերձավոր Արեւելքում: Այն ունի 160 կմ երկարություն: Պանամայի ջրանցքը ստեղծվել է 1920 թ., եւ նրա երկարությունը հասնում է 81.6 կմ-ի: Այն պանամական նեղուցը միացնում է մի կողմից Խաղաղ օվկիանոսի հետ, մյուս կողմից՝ Կարիբյան ծովը՝ Ատլանտյան օվկիանոսի հետ: Կիլի ջրանցքը բացվել է 1895 թ., Գերմանիայում: Այն ունի 98 կմ երկարություն եւ Բալթիկ ծովը միացնում է Հյուսիսային ծովի հետ:
ԽՍՀՄ-ում շատ ջրանցքներ են կառուցվել, բայց բոլորն էլ ներքին են եղել: Դրանցից մեկը Բելոմորա-բալթյան ջրանցքն է, որը կառուցվել է 1931-1933 թթ. ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Բելոմորա-բալթյան ջրանցքն Սպիտակ ծովը միացնում էր Օնեգայի ծովի հետ եւ ելք էր ապահովում դեպի Բալթիկ ծով: Ջրանցքի նախագծի առաջին ուվագծերը կատարել է ռուս կայսր Պետրոս Մեծը դեռեւս 18-րդ դարում: Բելոմորա-բալթյան ջրանցքը փլուզվել է ֆաշիստական Գերանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, իսկ այնուհետեւ վերականգնվել է ու արդիականացվել: 1964 թ. շահագործման է հանձնվել Վոլգա-բալթյան ջրային ուղին, որը կազմված էր ջրանցքների, ջրամբարների, գետերի ու լճերի համակարգից եւ միմյանց էր միացնում Կասպից ու Բալթիկ ծովերի ավազանները՝ ընդհանուր 1100 կմ երկարությամբ: 1930-ականների սկզբին կառուցվել է Մոսկվայի անվան ջրանցքը, որը միացնում է Վոլգա եւ Մոսկվա գետերը: Դրա երկարությունը 128 կմ է: Այդ ջրանցքը նույնպես կառուցվել է բանտարկյալների ուժերով:
Անհրաժեշտ է նշել, որ նշված բոլոր ջրանցքները կառուցվել են ներքին օգտագործման համար, իսկ դրանց նշանակությունը չի կարելի համեմատել Սուեզի, Պանամայի ու Կիլի ջրանցքների նշանակության հետ, առանց որոնց ծովային առեւտուրն ու ծովային ենթակառուցվածքների համակարգը կբախվեին շատ խորը ճգնաժամի, որը կներառեր բոլոր երկրների տնտեսությունները: «Ever Given» բեռնանավի հետ կապված միջադեպը, որը մարտին արգելափակել էր Սուեզի ջրանցքը, հանգեցրեց համաշխարհային բեռնափոխադրումների բազմօրյա կոլապսի: Բոլորս էլ հետեւել ենք այն հսկայական ջանքերին, որոնք իրականացվեցին, որպեսզի այդ հսկա նավը շարունակի լողալ:
Հիմա եկել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարության ժամանակը, որի հիմնադիրները հայտարարում են միջազգային նավագնացության մեջ գլոբալ հեղափոխության մասին: Ստամբուլյան ջրանցքը կանցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ: Թուրքիայում վերջերս հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել՝ կապված ջրանցքի շինարարության մեկնարկի հետ: Այստեղ կարելի է հիշել նաեւ Սուեզի ջրանցքի երկրորդ ճյուղի գործարկումը 2015 թ. հուլիսին:
«Ստամբուլ» ջրանցքի կառուցումը պլանավորվում է ավարտել 2023 թ., երբ Թուրքիան կնշի հանրապետության հռչակման 100-ամյակը: Բայց, դատելով ամեն ինչից, դրա բացումը, կապված ֆինանսական դժվարությունների հետ, կհետաձգվի: Իսկ մինչ այդ ջրային միայն մեկ զարկերակ է Սեւ ծովը կապել Միջերկրական ծովի ու այնուհետեւ՝ Համաշխարհային օվկիանոսի հետ: Հայտնի է, որ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների օգտագործմամբ կարգավորվում է Մոնտրոյի հռչակագիրը, որը ստորագրվել է 1936 թ.: Համաձայն Մոնտրոյի հռչակագրի 28-րդ հոդվածի՝ բոլոր երկրների առեւտրական նավերը պահպանում են Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Բոսֆորի ու Դարդանելի սեւծովյան նեղուցներով անցման ազատությունը: Բայց 20-21-րդ հոդվածները ենթադրում են, որ պատերազմի ընթացքում, որում ներգրավված է Թուրքիան, նեղուցներով ռազմանավերի անցումը բացառապես Թուրքիայի կառավարության իրավունքն է:
Թուրքիայի վերահսկողությունը բացարձակ չէ: Եթե Մոնտրոյի հռչակագրին մասնակցող երկրների մեծամասնությունը Թուրքիայի գործողությունները համարում է անհիմն, իրավունք ունի պահանջել, որ Թուրքիան վերադառնա 28-րդ հոդվածին: Միեւնույն ժամանակ համաձայնագրում կան մի շարք հակադրություններ: Թուրքիան կարող է օգտվել դրանցից` իրականացնելու համար երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնոտ ծրագիրը, բայց տեսականորեն դա կարող է բախվել իրավական խոչընդոտների: Նավերի՝ բնական նեղուցից դեպի տեխնածին ջրանցք տեղափոխումը Մոնտրոյի հռչակագրի փոփոխություն է, որն Էրդողանի կառավարությունն իրավունք չունի միակողմանի փոխել: Բայց կա մի խոչընդոտ. Ստամբուլի ջրանցքով անցման կարգավորումը կիրականացվի ոչ թե Մոնտրոյի հռչակագրի, այլ Թուրքիայի ազգային օրենքներին համապատասխան: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է խուսափել հետաքրքրությունների հնարավոր բախումից:
Արդյոք դա նշանակում է, որ Կրեմլը որոշել է չհակադրվե՞լ իր թուրք գործընկերոջը եւ խնդիրներ չստեղծել նրա համար: Կապված դրա հետ՝ մի շարք ռուս փորձագետներ հանդես են եկել քննադատական դիտողություններով, որոնցում մատնանշել են Մոնտրոյի հռչակագրի «էրոզիայի» վտանգը եւ ստամբուլյան ջրանցքի իրավական կարգավիճակի վերաբերյալ ոչ միանշանակ իրավիճակի առկայությունը:
Ոչ միայն ռուս, այլ նաեւ թուրք փորձագետները խոսել են Ստամբուլի ջրանցքի կառուցման բնապահպանական հետեւանքների մասին: Բնապահպանների հակադրությունն էր, ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ռուս փորձագետ Անդրեյ Բոլդիրեւի, որը դանդաղեցրեց ծրագրի իրականացումը: Բայց Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ նոր ջրանցքը մշակվել է` հաշվի առնելով բնապահպանական բոլոր հնարավոր ռիսկերը:
Այլ փորձագետներ հարցեր են բարձրացրել ծրագրի տեխնիկական կողմի եւ դրա ֆինանսատնտեսական հիմնավորվածության վերաբերյալ: Այստեղ կարծիքների լայն շրջանակ գոյություն ունի: Բայց ակնհայտ է, որ դժվարությունները հաղթահարելու համար Թուրքիային անհրաժեշտ են վճռական միջոցներ՝ սղաճը, բյուջեի աճող դեֆիցիտը եւ լիրայի արժեզրկումը զսպելու համար: Թուրքական իշխանությունները հույս ունեն, որ ջրանցքի շահագործումից հետո այն զգալի եկամուտ կբերի Թուրքիային, ինչը կփոխհատուցի շինարարության հետ կապված բոլոր ծախսերը:
Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը մինչեւ հիմա դրական արձագանքում Էրդողանի ծրագրերին: Ակնհայտ է, որ այն կկորցնի տարանցման վճարները նեղուցից ջրանցք բեռնատար նավերի տեղափոխման արդյունքում. Արեւմուտք ռուսական նավթ մատակարարող տանկերների մեծ մասն այժմ անցնում է Բոսֆորի նեղուցով: Բացառված չէ, որ Ռուսաստանը հույս ունի հանդես գալ որպես համաներդրող ծրագրի իրականացման գործում: Բայց եթե եւս մեկ անգամ դիմենք ռուս փորձագետի կարծիքին, ապա պարզ կդառնա, որ իրերի նման դրությունն անընդունելի է Թուրքիայի համար, քանզի այդ դեպքում Մոսկվան իրավունք կունենա մասնակցելու Ստամբուլյան ջրանցքի բեռնահոսքի կարգավորմանը: Այդ պատճառով Թուրքիայի իշխանությունները ներդրողներ են փնտրում ամենուր` Չինաստանում, Քաթարում, Եվրոպայում եւ այլ երկրներում, բայց ոչ Ռուսաստանում: Պատահական չէ, որ որոշ ռուս վերլուծաբաններ, օրինակ՝ թուրքագետ Իվան Ստարոդուբցեւը, Ռուսաստանի իշխանություններին կոչ են անում թուրքական կողմին ներկայացնել ծայրահեղ կոնկրետ դիրքորոշում. կամ մոտիվացված ու հստակ հնչեցված «Ստամբուլ» ջրանցքի մերժում, կամ անմիջական մասնակցություն նախագծին՝ դառնալու համար այն երկրներից մեկը, որոնք անմիջականորեն ղեկավարում են նավերի շարժումը Սեւ ծովի համար կարեւորագույն նավային զարկերակում:
Ռուսաստանը վաղուց նպատակ ունի՝ վերահսկելու նեղուցը: Բայց հիմա իրավիճակն արդեն այն չէ, ինչ կար Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Թուրքիան հույս ունի իր նոր հավակնոտ նախագծի իրականացման միջոցով ամրապնդել սեփական դիրքերը ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ միջազգային ասպարեզում: Ներկայումս Ռուսաստանը հաշվի է առնում միջազգային համապատասխան իրողությունները եւ ձգտում է լավ հարաբերություններ պահպանել ու զարգացնել Թուրքիայի հետ:
Դատելով ամեն ինչից՝ Մոսկվան, կշռադատելով ամեն ինչ, ստիպված կլինի հաշտվել թուրքական ծրագրերի անխուսափելի իրականացման հետ, չնայած Բոսֆորի այլընտրանքի հայտնվելուց կորուստները կգերազանցեն եկամուտները: Բացի այդ, Թուրքիան պլանավորում է իր նախագիծն ընդգրկել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրա ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետաքրքրությունների վրա: